Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Ստրասբուրգում անցկացվող Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի (ԵԽ կոնգրես) 45-րդ նստաշրջանի ընթացքում ձայների 55 «կողմ», 12 «դեմ» հարաբերակցությամբ ընդունվեց «Մարդասիրական իրավիճակը Ղարաբաղում և հարակից քաղաքներում ու շրջաններում» թեմայով հայտարարությունը (declaration)։
Հայտարարության հետ կապված մի շարք փոփոխությունների առաջարկներ էին ներկայացվել ԵԽ Կոնգրեսում հայկական և ադրբեջանական պատվիրակությունների կողմից։ Մինչ այս փոփոխությունների առաջարկների քննարկումը՝ ելույթներ ունեցան հայկական և ադրբեջանական պատվիրակությունների, ԵԽ Կոնգրեսի անդամներ։
ԵԽ Կոնգրեսում հայկական պատվիրակության ղեկավար Էմին Երիցյանը հայտարարեց․ «Միջազգային հանրության արձագանքն ու աջակցությունը կարևոր է։ Այս համատեքստում պետք է խստորեն դատապարտենք Ադրբեջանին նրա՝ չարդարացված ռազմական հարձակման համար ԼՂ-ի հայ բնակչության վրա։ Այդ հարձակումը տեղի ունեցավ Լաչինի միջանցքի 10-ամսյա շրջափակումից հետո։ Ադրբեջանական կողմի հավաստիացումները, թե նրանք ոչ մի կապ չունեն ավելի քան 100․000 հայերի` նրանց ձևակերպմամբ հանկարծակի որոշման հետ լքել իրենց տները, դատարկ խոսքեր են։ Սա ռեժիմ է, որը մարդկանց մշտապես ասում էր, որ Լեռնային Ղարաբաղ գոյություն չունի։ Շրջափակումը, ռազմական հարձակումը, որին հաջորդեց Լաչինի միջանցքի միակողմանի բացումը, էթնիկ զտում է։ Փակելով Լաչինի միջանցքը, հետո ռազմական հարձակում իրականացնելով՝ Ադրբեջանը հայերին հասկացնում էր, որ նրանք այս տարածքում ապագա չունեն։ Ուստի ԼՂ-ի հայ բնակչությունը ստիպված էր լքել իրենց տներն ու այն տարածքը, որտեղ ապրում էին»։
Կարդացեք նաև
Այս հայտարարությունից հետո դահլիճում հնչեցին ծափահարություններ։
Գերմանացի պատվիրակ պարոն Շումաշեն հայտարարեց․ «Ավելի քան 100 հազար մարդ տեղահանվել է, մինչ այդ սովի էին մատնված․ չկար դեղորայք, վառելիք։ Քաղաքական խաղ է խաղվում։ Այստեղ՝ Կոնգրեսում մենք պարտավոր ենք ապահովել, որ պաշտպանվեն մարդու իրավունքները, և լինի իրավունքի գերակայություն։ Պետք է իրավիճակը տեսանելի դարձնենք։ Կանայք, երեխաները, 100 հազար մարդ բռնի տեղահանվել է»։
Հայկական պատվիրակության անդամ Դավիթ Խաժակյանը հայտարարեց․ «Եկեք լինենք անկեղծ՝ սա էթնիկ զտում է, որը նախապես ծրագրված էր, որովհետև դա ռազմական հարձակման և Լաչինի միջանցքի 10-ամսյա շրջափակման հետևանք էր։ Նույնիսկ այս ամենից հետո որոշ ԵՄ երկրների ղեկավարներ շարունակում են պաշտպանել Ադրբեջանին, որ նա ունի ռազմավարական կարևորություն ԵՄ-ի համար։ Ռուսական գազի վաճառքը Եվրոպային ադրբեջանական խողովակաշարով չի կարող գերակայություն ունենալ Եվրոպայի համընդհանուր արժեքների՝ Ադրբեջանի կողմից ամենօրյա խախտումների նկատմամբ։ Բոլոր մեր գործընկերներին կոչ եմ անում կոնկրետ քայլեր ձեռնարկել և կոնկրետ պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի դեմ, որպեսզի պաշտպանենք մեր կազմակերպության արժեքները։ Եթե մենք դրանք չենք հարգում, ինչո՞ւ պետք է Ադրբեջանը հարգի»։
Հայաստանը ներկայացնող երիտասարդ դեսպան Էդվարդ Գրիգորյանն էլ փաստեց՝ իր սերնդի ներկայացուցիչները մեծապես տուժել են 2020-ի պատերազմից։ Նա կոչ արեց Կոնգրեսին խստորեն դատապարտել Ադրբեջանի ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում, նաև հորդորեց՝ աջակցելով ԵԽԽՎ-ի և ԵՄ ռեգիոնների կոմիտեի, Կոնգրեսի հայտարարություններին, ազատ արձակել Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչներին, ինչպես նաև տեղական իշխանությունների ներկայացուցիչներին, որոնք կալանավորված են Ադրբեջանում։
Ադրբեջանական պատվիրակության անդամներն իրենց ելույթներում հիմնականում ոչ թե անդրադառնում էին ներկայիս իրավիճակին, այլ պատմական ակնարկներ անում, փորձում էին ներկայացնել, թե իբր հայերն իրենց կամքով են դուրս եկել Լեռնային Ղարաբաղից և այլն։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Ստրասբուրգ
Լուսանկարները՝ Եվրոպայի խորհրդի