Լրահոս
Օրվա լրահոսը

Այս կարգավիճակը պետք է միշտ թարմ պահի քաղաքական առումով Արցախի ժողովրդի հավաքական իրավունքը՝ վերադառնալ իր հայրենիք եւ այնտեղ արժանապատիվ ու անվտանգ կյանք վարել. Արտակ Բեգլարյան

Հոկտեմբեր 26,2023 16:55

Հայաստանի կառավարությունն այսօր հաստատեց Արցախից բռնի տեղահանված անձանց ժամանակավոր պաշտպանության տակ վերցնելու, ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականի անձը հաստատող փաստաթղթի նկարագիրը և դրա տրամադրման կարգը:

«Խոշոր առումով լավ նպատակ է»,- այսպես Aravot.am-ի հետ զրույցում արձագանքեց Արցախի պետական նախկին նախարար, Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան Արտակ Բեգլարյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե այդ որոշման նպատակն է արձանագրել «փախստական լինելու հանգամանքը, որպեսզի և՛ տեղական, և՛ միջազգային առումով նրանց իրավունքները պաշտպանելու հնարավորություններն ավելի ընդլայնվեն»։

Արտակ Բեգլարյանի խոսքով. «Նախ մանրամասները շատ կարեւոր են, ինչպես է դա արվում: Ես գիտակցում եմ, որ կան բազմաթիվ առանձնահատկություններ, դժվարություններ, նաեւ հաշվի առնելով Արցախի քաղաքացիների քաղաքացիության հիմքը եւ այլն, բայց մյուս կողմից ողջունելի է, որ ՀՀ կառավարությունը ՝ Արցախի փախստական քաղաքացիներին կարգավիճակ տալու այդ որոշումը վերջապես կայացրեց եւ այդ կարգավիճակը փախստականի կարգավիճակն է:

Իհարկե, այնտեղ այլ նրբություններ կան, ժամանակավոր պաշտպանության տակ գտնվող անձ եւ այլն, որը բխում է փախստականի կարգավիճակից, բայց քանի դեռ ես ամբողջությամբ ծանոթ չեմ, չեմ կարող մանրամասն ասել: Բայց, կարծես թե, այս կարգավիճակը համապատասխանում է միջազգային, մարդասիրական իրավունքի հիմնական նորմերին ու միջազգային պրակտիկային:

Ես միայն կարող եմ հույս հայտնել, որ այս կարգավիճակը բոլոր հիմնական հարցերը կլուծի: Որովհետեւ այս մեկ ամսվա ընթացքում ներպետական առումով արցախցիները բազմաթիվ իրավունքների խախտումների են բախվել, հանրային ծառայություններից չեն կարողացել օգտվել, ինչ-որ պայմանագրեր չեն կարողացել կնքել եւ այլն: Սա, կարծես թե, հիմքը պետք է լինի, որ հիմնական մասը տեղը գցի, բայց սա որեւէ կերպ չպետք է հիմք դառնա լրացուցիչ իրավունքների սահմանափակումների, խախտումների, պետք է համապատասխան լուծումները գտնեն ՀՀ քաղաքացիության եւ փախստականի կարգավիճակի միջեւ, որ բոլոր հնարավոր ամենաբարձր իրավունքներն ապահովված լինեն:

Ամենակարեւորը՝ այս կարգավիճակը պետք է միշտ թարմ պահի քաղաքական առումով Արցախի ժողովրդի հավաքական իրավունքը՝ վերադառնալ իր հայրենիք եւ այնտեղ արժանապատիվ ու անվտանգ կյանք վարել: Իսկ ՀՀ-ն պետք լինի համար մեկ քաղաքական պահանջատերն այս իրավունքի իրացման համար միջազգային հանրության հետ հարաբերություններում:

Այս պահի դրությամբ չեմ տեսնում միտում, որ Արցախի ժողովրդի քաղաքական, հավաքական իրավունքների պաշտպանության մասով ՀՀ-ն գոնե հրապարակայնորեն ակտիվ գործունեություն ծավալի: Ես առնվազն պատկերացնում եմ, որա այս թեման պետք է լինի ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման բանակցությունների գլխավոր թեմաներից մեկը եւ նաեւ ցանկացած երկրի, հատկապես ԵՄ, ՌԴ եւ ԱՄՆ –ի հետ հարաբերություններում կրկին գլխավոր բանակցային թեմաներից մեկը: Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի, քաղաքական պայքարի, հայրենիք վերադառնալու ու այնտեղ արժանապատիվ ու անվտանգ ապրելու իրավունքները որեւէ կերպ չպետք է մոռացվեն, անտեսվեն կամ արհեստականորեն փակվեն»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031