Լրահոս
Օրվա լրահոսը

Լևոն արքեպիսկոպոս Զեքիյանին շնորհվեց ԳԱԱ մեդալ

Հոկտեմբեր 26,2023 16:32

Սույն թվականի հոկտեմբերի 25-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտում տեղի ունեցավ հանդիսավոր նիստ՝ նվիրված ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ, Վենետիկի գիտությունների, գրականության և արվեստի ակադեմիայի իսկական անդամ, Գերաշնորհ Լևոն արքեպիսկոպոս Զեքիյանի ծննդյան 80-ամյակին։

Միջոցառման ժամանակ ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ակադեմիկոս Յուրի Սուվարյանը Գերաշնորհ Լևոն արքեպիսկոպոս Զեքիյանին հանձնեց ՀՀ ԳԱԱ մեդալ։

«Այս մեդալը, որը  ստեղծվել է Գիտությունների ազգային ակադեմիայի 80-ամյա հոբելյանի առթիվ, առաջինը շնորհվում է Գերաշնորհ Լևոն Զեքիյանին՝ իր 80-ամյա հոբելյանին։ Վաստակաշատ անհատականություն է Լևոն Զեքիյանը, որն ունի վիթխարի ներդրում գիտության ասպարեզում և մարդկային բարձր հատկանիշներ։ Ես բախտ եմ ունեցել ներկա գտնվելու Կոստանդնուպոլսում նրա օծման փառահեղ արարողությանը։ Մենք հպարտություն էինք զգում, որ ունենք հայազգի նման գործիչ», – ասաց ակադեմիկոս Յուրի Սուվարյանը։

«Գերապայծառը վաղուց մեր ինստիտուտի լավագույն բարեկամն է, մեր եկեղեցու խոշոր գործիչներից մեկը։ Երբ ծանոթանում ես նրա աշխատություններին, տեսնում ես, թե ինչքան լայնախոհ կարող է լինել մարդը և ինչքան ընդգրկուն միտք կարող է ունենալ։ Հայկական Սփյուռքը պատկերացնել առանց Լևոն Զեքիյանի՝ հնարավոր չէ, հատկապես, երբ խոսում ենք դասականության մասին», – ասաց ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը։

Գերաշնորհ Լևոն արքեպիսկոպոս Զեքիյանի կյանքն ու գործունեությունը ներկայացրեց ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի հայ գաղթօջախների և սփյուռքի պատմության բաժնի վարիչ Գևորգ Ստեփանյանը։  Նա շեշտեց Լևոն Զեքիյանի դերը Սփյուռքում ազգային ինքնության պահպանման գործում. «Անգնահատելի է նրա ներդրումը հայագիտության, կովկասագիտության, գրականության, լեզվաբանության բնագավառներում։ Նա հեղինակ է ավելի քան 200 գիտական ուսումնասիրությունների, հոդվածների և տասնյակ թեմատիկ գրքերի։ Հիմնական աշխատանքները վերաբերում են գիտակցության, փիլիսոփայության, հումանիզմի, հայոց պատմության, բանասիրության և մշակույթի, ազգային և կրոնական ինքնության հարցերին, հայ տեսահայեցողական և աստվածաբանական մտքին։ Հեղինակած 14 մենագրություններում Լևոն Զեքիյանն ուսումնասիրել է հայերի ներկայությունն Իտալիայում, արդի հայ թատրոնի սկզբնաքայլերը, հայության արդիականացման գործընթացները և ինքնությունը։ Նա իտալերեն թարգմանել է «Նարեկը» և խմբագրել ավելի քան 25 հատոր գիրք»։

ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Ալբերտ Խառատյանը շեշտեց Լևոն Զեքիյանի ներդրումը հայ-իտալական մշակութային առնչությունների ասպարեզում։  «Նա պոլիգլոտ է, որը վարժ տիրապետում է բազմաթիվ լեզուների։  Նրա նվիրյալ գործունեության մեջ առանձին տեղ է զբաղեցնում հայ արվեստին նվիրված միջոցառումների տևական շարքը՝ մի քանի տասնյակ գիտաժողովներով և դասախոսություններով տարբեր երկրներում։ Իրապես, նա արդի հայագիտության անդադրում աշխատավորն է», – նշեց Ալբերտ Խառատյանը։

ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի գիտաշխատող Արծվի Բախչինյանը ներկայացրեց Լևոն Զեքիյանի նախաձեռնությամբ Իտալիայում հիմնված «Պո-Արաքս» մշակութային ընկերակցությունը,  որը հովանավորում է ամեն տարի օգոստոսին Վենետիկի պետական համալսարանի հայագիտական ամբիոնի աջակցությամբ կազմակերպվող հայոց լեզվի և մշակույթի խտացված դասընթացը։ «Այս դասընթացը միտում ունի լայն պատկերացում տալու դասական և ժամանակակից հայ մշակույթի և պատմության մասին։ Այն Սփյուռքում ինստիտուցիոնալ գործունեության եզակի օրինակ է», – նշեց Արծվի Բախչինյանը։

ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող Տորք Դալալյանը ներկայացրեց Լևոն Զեքիյանի գործունեությունը՝ որպես գիտության կազմակերպիչ։

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031