Լրահոս
Օրվա լրահոսը

«Չենք հանդուրժի և չենք մոռանա ոչ մի բացասական եղելություն: Ֆրանսիան ընդմիշտ հայ ժողովրդի կողքին է». Ֆրանսիայի մշակույթի նախարարը Հայաստանում է

Հոկտեմբեր 26,2023 16:15

Հոկտեմբերի 25-27-ը պաշտոնական այցով Հայաստանում է Ֆրանսիայի Հանրապետության մշակույթի նախարար Ռիմա Աբդուլ Մալակի գլխավորած պատվիրակությունը:

Պատվիրակության կազմում են Ֆրանսիայի ԱԺ բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելը, պատգամավոր Անն Ժընըտեն, Եվրախորհրդարանի պատգամավոր Լորանս Ֆարան, Լիոնի նախկին քաղաքապետ Ժորժ Քեփենեկյանը, Լուվրի թանգարանի նախագահ-տնօրեն Լորանս դե Կարը, դիվանագետ, ALIPH ասոցիացիայի գործադիր տնօրեն Վալերի Ֆրելանդը, ֆրանսահայ արվեստագետներ, այդ թվում՝ դերասան Սիմոն Աբգարյանը, դաշնակահար, հեղինակ-կոմպոզիտոր Անդրե Մանուկյանը, մշակույթի ոլորտի այլ ներկայացուցիչներ:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ուղեկցությամբ Ֆրանսիայի մշակույթի նախարար Ռիմա Աբդուլ Մալակի գլխավորած պատվիրակությունն այսօր առավոտյան այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության անմեղ նահատակների հիշատակին: Հյուրերը ծաղիկներ են խոնարհել Ցեղասպանության զոհերի հուշահամալիրում: ՖՀ մշակույթի նախարարը շրջել է հուշահամալիրի հիշատակի ծառուղում, որտեղ նախկինում եղևնի է տնկել նաև Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի պաշտոնակատար Էդիտա Գզոյանը հյուրերին ներկայացրել է Ծիծեռնակաբերդ հուշահամալիրի կառուցման պատմությունն ու խորհուրդը: Առանձնակի ներկայացվել է բազալտե հուշապատում հավերժացած Ֆրանց Վերֆելի, Յոհաննես Լեփսիուսի, Անատոլ Ֆրանսի գործունեությունը՝ ընդդեմ Օսմանյան Թուրքիայի կողմից իրագործված հայերի ցեղասպանության:

Ֆրանսիայի Հանրապետության պատվիրակությունը շրջել է նաև թանգարան-ինստիտուտում, ծանոթացել ներկայացված ցուցադրություններին: ՖՀ մշակույթի նախարարն այցի ավարտին գրառում է կատարել թանգարան-ինստիտուտի պատվավոր հյուրերի մատյանում՝ մասնավորապես նշելով. «Պետք է անտարբեր չլինել խնդիրների հանդեպ, որոնց բախվում ենք: Պետք է գործել՝ հիշելով դրանք: Մենք չենք հանդուրժի և չենք մոռանա ոչ մի բացասական եղելություն: Ֆրանսիան այս պահին և ընդմիշտ հայ ժողովրդի կողքին է»:

Ֆրանսիայի Հանրապետության մշակույթի նախարար Ռիմա Աբդուլ Մալակի գլխավորած պատվիրակությունն այսօր այցելել է նաև «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան:

Այցերի ընթացքում նախարարներին ուղեկցել են ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը, Դանիել Դանիելյանը, Ալֆրեդ Քոչարյանը, ԿԳՄՍ նախարարության այլ ներկայացուցիչներ:

Նշենք՝ Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի՝ Մատենադարանի նոր մասնաշենքի դահլիճում այսօր տեղի կունենա ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի և Ֆրանսիայի Հանրապետության մշակույթի նախարար Ռիմա Աբդուլ Մալակի համատեղ ասուլիսը: 

ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031