«ԱՊՐԻ Արմենիա» վերլուծական կենտրոնի կազմակերպած «Առաջընթաց՝ անորոշության պայմաններում» խորագրով համաժողովի ժամանակ նախկին փոխվարչապետ, Հայաստանի ամերիկյան համալսարանի Բիզնեսի եւ տնտեսագիտության քոլեջի դեկան Վաչե Գաբրիելյանն անդրադարձավ Հայաստանի ռազմարդյունաբերության զարգացմանը։ Նա նշեց, որ խոսքը անօդաչու թռչող սարքերի արտադրության մասին չէ, ավելի խոշոր արտադրություն է անհրաժեշտ, որի համար չունենք արդյունաբերություն։ «Սրա համար դաշինքներ են հարկավոր, որը ժամանակ է պահանջում։ Նույնիսկ, եթե հենց այսօր մեզ մատակարարեն արեւմտյան ժամանակակից, ենթադրենք ֆրանսիական զենք-զինամթերք, ժամանակ կպահանջվի մինչեւ սովորենք կիրառել։ Պետք է ձեւավորել պաշտպանական դոկտրին եւ ռեսուրսներ հատկացնել դրան, ոչ միայն «այսքան ծախսենք» իմաստով, այլ հարցն այն է, թե ինչպես ենք բանակի միջին մակարդակի սպայական կազմը պատրաստում ու համալրում։ Ամենավատ բանը, որը տեղի ունեցավ այս պատերազմի հետեւանքով, այն էր, որ միջին օղակի սպաների արտահոսք տեղի ունեցավ։ Շատերը գնացին ոստիկանություն եւ այլն։ Սրանք խնդիրներ են, որոնց պետք է անդրադառնալ եւ քննարկել հայեցակարգային իմաստով»,- ասաց նա։
Ըստ Վաչե Գաբրիելյանի՝ պետության հզորությունների մասին պետք է խոսել։ «Սրա մասին բազմակողմանի կարելի է մտածել՝ ռազմական տեսանկյունից, տնտեսական եւ պետական մեքենայի։ Ես ռազմական ոլորտի մասնագետ չեմ, բայց գոնե պետք է քննարկել, թե արդյոք մեր պաշտպանական հզորությունները բավարա՞ր են, եւ որքա՞ն ջանք է պահանջվում, որպեսզի պաշտպանական հզորությունները բավարար լինեն»,- նշեց նա։
Գաբրիելյանը հավելեց՝ ինչ վերաբերում է տնտեսությանը, մենք բավական տոկուն տնտեսություն ունենք։ «Ինչպես ցույց տվեցին զարգացումները, պատերազմից եւ ԿՈՎԻԴ-ից հետո տնտեսությունը շատ արագ ոտքի կանգնեց, արագ արձագանքող է։ Այդ իմաստով մենք տնտեսական տոկունություն ունենք, բայց եթե տնտեսության կառուցվածքը նայենք, ծառայությունները շատ չեն նպաստում պաշտպանական հզորություններին, ոչ էլ մարդկային կապիտալի զարգացմանը։ Որպես ընդհանրապես զարգացման շարժիչ ուժ՝ ծառայությունները դրան չեն նպաստում։ Ուստի, նայենք աճի կառուցվածքին։ Մասնավորապես, 2022 թվականին, մենք այստեղ օգտվեցինք Ռուսաստանից կապիտալի եւ տաղանդավոր մարդկանց ելքից։ Եվ դա մեծապես նպաստեց տնտեսական աճին։ Բայց այս ամենը կարող է ժամանակավոր լինել։ Սա նշանակում է, որ ՏՏ ոլորտը լավ վիճակում է, բայց դա կապ չունի մնացած տնտեսության հետ»,- ընդգծեց նա։
Կարդացեք նաև
Ըստ Գաբրիելյանի՝ տնտեսական իմաստով մենք բավական կենսունակ սպասարկման ոլորտ ունենք, բայց դա արտահանելի ոլորտ չէ եւ բավարար չէ կենսունակ ու հզոր տնտեսական զարգացում ապահովելու համար։ Պետական հզորությունների մասին խոսելով՝ նա նշեց, որ Հայաստան 2050-ն ամենեւին ռազմավարական պլան չէ, ընդամենը բարի ցանկությունների ցուցակ է։
Ինչպե՞ս դա վերածել պլանի, դա է կարեւոր։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ