Երեւանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Նուարդ Վարդանյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հերքեց լուրերն, թե իրեն նշանակելու են Կենտրոնի թաղապետ։ «Նման խոսակցություն նույնիսկ թիմում չի եղել, եւ պարզ չի, թե ինչու են իմ անունը շոշափում»,-ասաց Վարդանյանը։
Հարցին՝ իշխանության գալուց հետո արդյոք հարստացել է, եկամուտներն ավելացե՞լ են, Վարդանյանը պատասխանեց՝ ավագանու 70 հազար դրամ եկամտով ինչպե՞ս պետք է հարստանայի։ Նա ասաց, որ Կենտրոնում բնակվում է այն բնակարանում, որը նվիրատվությամբ ստացել է մորաքրոջից, դա իր տատիկի բնակարանն է։
2022-ին ավտոմեքենա է ձեռք բերել, լրագրողի այս դիտարկմանը Վարդանյանը պատասխանեց՝ ամուսինն է նվիրել․ «Հին Մազդա էր, բայց հիմա չունեմ այդ մեքենան, վաճառել ենք»։
Շարունակելով իր հարստանալու թեման, որը լրատվամիջոցներում է շրջանառվում, Վարդանյանն ասաց․ «Ավագանու անդամի մանդատն ամենաթանկն է, որ երեւանցին տալիս է որեւէ ուժի, դրանից թանկ որեւէ բան չկա, քանի որ ես կարող եմ մանդատի շնորհիվ երեւանցու հարցերը բարձրաձայնել ու փորձել լուծել դրանք»։
Կարդացեք նաև
Դիտարկմանը՝մանդատը եկամտաբեր չէ, ՔՊ խմբակցության քարտուղարն այսպես արձագանքեց․ «Ես դրա կարիքը չունեմ»։ Լրագրողի հետաքրքրությանը՝ ձեր ամուսինը հարուստ է եւ ձեզ ապահովո՞ւմ է, Վարդանյանը պատասխանեց․ «Ինչքանով որ ապահովում է, այդքանով բավարարվում եմ»։
«Ազգային առաջընթացի» այսօրվա բոյկոտի մասին էլ Վարդանյանն ասաց՝ դա իրենց որոշումն է․ «Բայց, որպես երեւանցի, ես այդ քայլը գնահատում եմ սխալ իրենց ընտրողների հանդեպ, դա անարգանք է ժողովրդի վստահությանը»։
Նա ասաց, որ ՔՊ-ն իշխանությունը կորցնելու մտավախություն չունի։ Հիշեցրեց պատերազմից հետո ընտրությունները, նշելով, որ ՔՊ-ն նորից իշխանության է։
«Մենք իշխանություն կորցնելու մտավախություն չունենք, քանի որ ինչպես մինչ իշխանությունը ազնիվ ապրում եւ պայքարում էինք ՀՀ քաղաքացու շահերի համար, այնպես էլ իշխանությունից հետո է լինելու։ Իշխանությունից հետո էլ ես ազատ ու պարզ ճակատով քայլելու եմ փողոցում»,-ասաց Վարդանյանը պատասխանելով հարցին՝ իշխանությունը կորցնելուց հետո մտավախություն չկա՞, որ այս թիմի որոշ անդամների դեմ քրգործեր կհարուցվեն։ Ճշտող հարցին՝ Նիկոլ Փաշինյա՞նն էլ է փողոցում ազատ քայլելու, Վարդանյանը դրական պատասխան տվեց։
Մանրամասն՝ տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ