«Հասկանալու համար, թե ինչ է կատարվում, պետք է հասկանանք, թե ինչպիսի մշակույթ եւ հեռանկարային նպատակներ ունեն Թուրքիան ու Ադրբեջանը։ Հայկական ցեղասպանությունը մի կողմ դնելով՝ կարծել, թե հարցերը կլուծվեն, շատ միամիտ մոտեցում է միջազգային հարաբերություններում»,- այսօր «ԱՊՐԻ Արմենիա» վերլուծական կենտրոնի կազմակերպած «Առաջընթաց՝ անորոշության պայմաններում» խորագրով համաժողովի ժամանակ ասաց Թուրփանջյան հասարակական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն, պատմաբան Ստեփան Ասատուրյանը։
Անդրադառնալով Արցախի հարցին՝ մասնագետն ասաց. «Հայերը պետք է իրենք իրենց հարց տան՝ ի՞նչ էին անում։ 1989 թվականին Հայաստանի եւ Ղարաբաղի օրենսդիրներն իրենց ձայնը տվեցին հանուն միավորման։ Բայց դրան ոչինչ չհետեւեց։ 1991 թվականին Ղարաբաղում անցկացված հանրաքվեի արդյունքում նույնպես անկախության օգտին եղան ձայները։ Բայց այդ հանրաքվեն չճանաչվեց Հայաստանի կողմից։ Եթե Հայաստանն ինքը չի ճանաչում, էլ ո՞նց է աշխարհից պահանջում ճանաչել։ Դա սխալ մեկնակետ է։ Ինչ վերաբերում է ապագային, ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես եւ ինչ բարեփոխումներ կներդրվեն Հայաստանում։ Իսկ դա այս պահին դեռ տեսանելի չէ»,- ասաց Ստեփան Ասատուրյանը։
Նա անդրադարձավ հարցին, որ Ադրբեջանն ու Թուրքիան այնպիսի պահանջներ են դնում, որոնք թուլացնում են Հայաստանը, ի՞նչ պետք է անել. «Այդ հարցը 1990-ականների սկզբին էլ էր օրակարգում, երբ Լեւոն Տեր-Պետրոսյանը նախագահ էր։ Այդ խումբը, որը եկավ իշխանության, նոր տեսություններ բերեց՝ երրորդ ուժի բացառման օրենքն էին մեջբերում, որն, ըստ էության, նշանակում էր, որ տասնամյակներ շարունակ, եթե ոչ ամբողջ մի դար, հայերը պարտավորված էին միշտ ապավինել երրորդ ուժին, տվյալ դեպքում Ռուսաստանին։ Եվ այդպիսով կախվածություն ձեռք բերեցին։ Այն ժամանակ նաեւ մտածում էին, որ կարող էին ինչ-որ բան փոխել եւ լավ հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ։ Ջանքեր ձեռնարկվեցին այդ ուղղությամբ, ոչինչ տեղի չունեցավ շատ պարզ պատճառներով։ Կային մի քանի պատճառներ՝ Ղարաբաղի հակամարտությունը, Հայաստանի հաղթանակը։ Խաղաղության հասնելու համար կա երկու կողմ, եւ երկու կողմն էլ պետք է ձգտեն դրան»,- նշեց նա։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ