Ռուսաստանը շարունակում է Բաքվին և Երևանին խաղաղության պայմանագրի կնքման հարցում օգնելու փորձերը, ինչն անհրաժեշտ է տարածաշրջանում իրավիճակի կայունացման համար: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` The Wall Street Journal թերթին տված հարցազրույցին։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը նաև նշել է, որ Կրեմլը խորհրդակցելու է հայկական կողմի հետ՝ ամերիկյան թերթին տված հարցազրույցում ռազմաբազաների մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարության առնչությամբ։
«Մենք հակված չենք The Wall Street Journal-ն ընկալել որպես առաջնային աղբյուր, մենք հակված ենք տեղեկատվություն ստանալ հայկական կողմից»,- հավելել է Դմիտրի Պեսկովը։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել ամերիկյան WSJ թերթին, որում ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է նաև հայ-ռուսական հարաբերություններին։ ՀՀ վարչապետը, մասնավորապես, նշել է, որ որևէ առավելություն չի տեսնում Հայաստանում ռուսական ռազմաբազաների շարունակական ներկայության մեջ, բայց միևնույն ժամանակ Հայաստանը չի քննարկում ռուսական ռազմաբազաները երկրից հեռացնելու հարցը։