Այս պահին Հայկ Մարությանը մտադրություն չունի Երեւանի ավագանու մանդատը վայր դնելու։ Այս մասին այսօր Երեւանի քաղաքապետարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Ազգային առաջընթաց» խմբակցության քարտուղար Իզաբելլա Աբգարյանը։
Հարցին՝ Մարությանը նիստերին մասնակցելո՞ւ է, քանի որ օրինակ այսօր չի մասնակցել, Աբգարյանը պատասխանեց․ «Մեր խմբակցության նիստերում որոշումների ընդունումը, նախագծերը, որոնց վրա մենք աշխատելու ենք, պարոն Մարությանը մեզ հետ միասին աշխատում է»։
Դիտարկմանը՝ այսօրվա նիստում կոնկրետ մեղադրանքներ հնչեցին Հայկ Մարությանի հասցեին, նրան վերաբերող քրգործերի մասին խոսք եղավ, գուցե Մարությանը գա ու պատասխանի մեղադրանքներին, Աբգարյանը պատասխանեց․ «Հաշվի առնելով, որ ելույթ ունեցողը (նկատի ունի «Հանրապետություն» խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանին, Ն․Բ․) շատ հաճախ է մերկապարանոց հայտարարություններ անում, չեմ կարծում, որ այդ անձին մենք պետք է պատասխանենք, առավել եւս՝ Հայկ Մարությանը։ Այս նիստը իշխանություն ձեւավորելու նպատակով էր, չեմ կարծում, որ Հայկ Մարությանը պետք է գար այս նիստին եւ պատասխաներ այդ անձին»։
«Ազգային առաջընթացն» այսօր փոխքաղաքապետերի թեկնածուների ընտրությունից առաջ լքեց նիստերի դահլիճը։ Արդյոք նիստերը հետագայում էլ բոյկոտելով չեն խաթարի ավագանու աշխատանքը, Աբգարյանն ի պատասխան այս հարցի, ասաց՝ այսօրվա նիստի օրակարգում հարցեր էին, որոնք վերաբերում էին քաղաքական թիմի ձեւավորմանը․ «Մենք տեսանք, որ փոխքաղաքապետի թեկնածուները քաղաքական թիմերի անդամներ են, այլ ոչ թե ընտրվել են որպես ոլորտի լավ մասնագետ, անկուսակցական են։ Այսինքն, մեր այս դիրքորոշումը հենց դրանով էր պայմանավորված, որ մենք որեւէ կերպ մտադիր չենք աջակցել ՔՊ-ին՝ ձեւավորելու իր թիմը։ Մենք համարում ենք, որ նա չունի այդ իրավունքը եւ չունի երեւանցիների 50%-ից ավելիի ձայնը։ Մենք գտնում ենք, որ կա ճգնաժամ, եւ բոյկոտելով մենք մեր քաղաքական դիրքորոշումն ենք արտահայտել»։
Կարդացեք նաև
Մանրամասն՝ տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ