Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Նարինե Դիլբարյան. «Խաղաղության խաչմերուկ ունենալու համար պետք է ամրագրես քո ներկայությունը այդ խաչմերուկում, որը նախ պետք է հայկական լինի, հետո նոր խաղաղության»

Հոկտեմբեր 26,2023 14:18

Հասարակական-քաղաքական գործիչ, լեզվաբան Նարինե Դիլբարյանը «Հայելի» ակումբի ուղիղ եթերում Նիկոլ Փաշինյանի՝ Հայաստանում ռուսական ռազմաբազաների ներկայության եւ նոր գործընկերներ փնտրելու մասին արած հայտարարության մասին ասաց. «Իրականում թվում է, թե շատ պարզ միտք է արտահայտել օրվա վարչապետը, սակայն մենք պարտավոր ենք վերլուծելով ընդգծել, որ միջազգային քաղաքականության մեջ հատկապես այս փոփոխվող եւ վառոդի տակառի նմանվող աշխարհակարգում նման հայտարարություններով, «էստի համեցեք» բղավելով գործընկեր որոնելը ոչ միայն բացարձակ գործունակ չէ, այլեւ չափազանց վտանգավոր է:

Միջազգային քաղաքականության մեջ, այո, շատ երկրներ տարբեր ուժային կենտրոնների հետ համաչափության սկզբունքով փորձում են վարել դիվերսիֆիկացված՝ տարբերակված եւ հավասարակշռված դիվանագիտական հարաբերություններ: Դա բոլորի համար գերխնդիր է: Բայց դա իրական կատարողը չի աղաղակում, որ եկեք այստեղ, ես այլեւս չունեմ գործընկեր, իմ դաշտը բաց է, հատկապես, որ այդ դաշտը բաց չէ եւ ռուսական ռազմակայանն այստեղ տեղակայված է: Եկեք չմոռանանք, որ ռուսական ռազմակայանն այստեղ ոչ միայն տեղակայված է, այլեւ Թուրքիայի հետ սահմանների հսկումը վերապահված է ռուս սահմանապահներին: Ու բացի դրանից, 44-օրյա պատերազմից առաջ եւ հետո հենց Նիկոլ Փաշինյանը կատարեց այնպիսի քայլեր, որ մեր սահմանային տարածքները ոչ միայն ընդլայնվեցին, այլեւ դրանց հսկողական գործառույթը եւս դրված է Ռուսաստանի վրա:

Բոլորը գիտեն Ռուսաստանի ձգտումը՝ մնալու որպես գերտերություն: Ռուս-ուկրաինական հակամարտությունը տարածաշրջանում գերակայություն հաստատելու արդյունք է: Մյուս բոլոր հակամարտություններն էլ ցույց են տալիս, որ ուժային կենտրոնները, պետք է, այո, հենց ուժի միջոցով հաստատեն իրենց ներկայությունը կամ որոշիչ դերը որեւէ տարածաշրջանում:

Հայաստանը, մեղմ ասած, անհաջող, իրականում՝ ձախողված, կառավարման պատճառով ընդհանրապես զրկվել է բազմաթիվ ոլորտներում իր ունեցած առաջատար, կայուն դիրքերից եւ հայտնվել է բացարձակ կախյալ վիճակում: Եվ ցանկացած պարագայում Ադրբեջանի ագրեսիայի չդադարող փորձերին մենք արձագանքում ենք լալահառաչ ուղերձներով դեպի Եվրամիություն, եվրոպական դիտորդներ, բողոքներ ՀԱՊԿ-ից:

Ի՞նչ խաղաղության խաչմերուկի մասին է խոսքը, երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր. «Արցախը Հայաստան է եւ վերջ», իսկ հետո «Արցախը Ադրբեջան է եւ վերջ»: Ու թաքնվելով Ալմաթիի հռչակագրի հետեւում, որն իրականության հետ ոչ մի կապ չունի, իր կատարած քայլերի պատասխանատվությունը տանում դեպի դարերի խորք:

Իրականում Հայաստանը այս պահին չի կարող լինել խաղաղության խաչմերուկ: Մենք այս պահին կարող ենք ունենալ գալիքի համար նման ծրագիր, բայց այս իրավիճակում խաղաղության խաչմերուկ ունենալու համար դու գոնե պետք է ամրագրես քո ներկայությունը այդ խաչմերուկում: Այսինքն, այդ խաչմերուկը նախ պետք է հայկական լինի եւ հետո նոր լինի խաղաղության: Իսկ այդ խաղաղությունը, ինչպես գիտենք, միշտ պարտադրվում է»,-ասաց տիկին Դիլբարյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031