Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայրենիքի հանձնումը, դավաճանությունը շնորհավորում եմ, արդեն նաեւ լոգո ունի». Մամիջանյանը՝ «Խաղաղության խաչմերուկի» բրոշյուրի մասին

Հոկտեմբեր 26,2023 14:06

«Փաշինյանի երեկվա հայտարարությունից կարող ենք հանել հետեւյալը՝ հայրենիքի հանձնումը, դավաճանությունը շնորհավորում եմ, արդեն նաեւ լոգո ունի՝ խորհրդանիշ ունի: Փաշինյանը երեկ մեծ հպարտությամբ ասում էր՝ մենք նույնիսկ դավաճանություն անելու լոգո ենք մտածել: Ահագին ուրախ էր դրանով, անուն էր դրել այդ գործընթացին: Ցանկացած հակահայկական գործողություն տեւական ժամանակ փաթեթավորվում է «խաղաղություն» բառով՝ խաղաղության կապիտուլյացիա, խաղաղության հող հանձնել, խաղաղության բանակը կազմալուծել: Դա իրենց նոր բրենդինգն է, նորմալ է»,- այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը:

Հիշեցնենք, որ երեկ վարչապետ Փաշինյանը խոսեց «Խաղաղության խաչմերուկի» մասին եւ բրոշյուրներ բաժանեց: Մամիջանյանն ասաց, որ բրոշյուրը դեռ չի ստացել, երբ ստանա՝ կմեկնաբանի:

Ինչ վերաբերում է խաղաղության գործընթացին, նա ասաց. «Փաշինյանը վերջին 5 տարում, երբ խաղաղությունից խոսել է, զոհեր են եղել՝ հարյուրավոր, հազարավոր: Ես սարսափում եմ, երբ որ ինքը խոսում է խաղաղությունից: Երկակի զգացողություններ են, սովորաբար ես նողկում եմ, երբ որ ինքը խոսում է, իսկ երբ խաղաղությունից է խոսում, ես սարսափում եմ, որովհետեւ դրան միշտ զոհեր են հաջորդում»:

Խոսելով Գրանադայի հանդիպման մասին՝ Մամիջանյանն ասաց. «Առաջ եթե ՀՀ-ն մի փրկություն եւ հույս ուներ, որ Ալիեւը երբ որ բանակցություններին չգնա, Փաշինյանը կոնկրետ այդ բանակցությունների ժամանակ հող չի հանձնի, այդ հույսը վերացավ, որովհետեւ Ալիեւը առանց գնալու էլ հակահայկական որոշումներ են կայացնում: Ինչքան էլ արշավներ անեն, այդ նույն մարդիկ են, որոնք ասում էին՝ հաղթելու ենք 44-օրյայում, հիմա էլ ասում են՝ հաղթել ենք Գրանադայում: Գրանադայում ՀՀ-ն հաղթանակ չի գրանցել: Առնվազն անկլավների մասով անասելի խոցելիություն է ստեղծվել: Վտանգ է առաջանում երկու միջպետական կարեւորագույն ճանապարհի կորստի՝ Տիգրանաշենի դեպքում փաստացի հստակ կորստի, Սյունիքին միացնող մեր հիմնական ճանապարհը կորում է, իսկ Տավուշի հատվածի պարագայում առնվազն ուղիղ վերահսկողություն է Ադրբեջանը ունենալու Հայաստանը Վրաստանին կապող երկու ճանապարհների նկատմամբ: Էլ չասած, որ երկու ճանապարհներից մեկն էլ կորելու է՝ նայած, թե այնտեղ ոնց է հանձնելու այս անգամ»:

Թե ինչու չի գնում Ալիեւը արեւմտյան հարթակների հանդիպումներին՝ Մամիջանյանն ասաց. «Ես չեմ կարող ասել, թե ինչու չի գնում, բայց փաստացի եկեք արձանագրենք, որ իր գնալ-չգնալը կապ չունի, մեկ է հակահայկական որոշումներ է կայացնում Փաշինյանը, ստորագրում է հակահայկական փաստաթղթերի տակ»:

Մամիջանյանն ընդգծեց, որ ճանապարհների ապաշրջափակումը, որի մասին խոսում է ՔՊ-ն, իհարկե, լավ է, բայց չպետք է մոռանալ դրա դիվանագիտական, քաղաքական, ինչպես նաեւ անդառնալի կորուստների զոհերի գինը՝ արդյոք տնտեսական ապաշրջափակումը արժե այդ ամենը, արդյոք համարժե՞ք էին:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031