Լրահոս
Օրվա լրահոսը

Արփինե Սարգսյան․ «ԼՂ-ից բռնի տեղահանվածները ոստիկանությունում կարող են ծառայության անցնել ՀՀ քաղաքացիություն ստանալուց հետո»

Հոկտեմբեր 26,2023 13:58

Ինչու Արցախից բռնի տեղահանված եւ ՀՀ տեղափոխված ոստիկաններն ու զինվորականները չեն կարողանում Հայաստանում աշխատանքի ընդունվել պարեկային ծառայությունում։ Այս մասին լրագրողները հետաքրքրվեցին ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանից՝ կառավարության նիստից հետո։ Լրագրողների հետ ճեպազրույցում Սարգսյանը պարզաբանեց՝ ոստիկանությունում ծառայություն անցնելու համար, ըստ օրենքի, պահանջվում է ՀՀ քաղաքացիություն։

«Այսօր կառավարությունը որոշում է ընդունել նրանց տալ ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ (փախստականի)։ Որոշումն ուժի մտնելուց հետո` նրանք կարող են դիմել եւ ստանալ ՀՀ քաղաքացիություն, մենք արագ կկազմակերպենք այդ գործընթացը, որից հետո էլ նրանք կարող են դիմել աշխատանքի տեղավորման համար»,-ասաց փոխնախարարը։

Լրագրողի դիտարկմանը, թե բռնի տեղահանված արցախցիները կապույտ անձնագիր ունեն, մի՞թե դա հիմք չէ, Սարգսյանը պատասխանեց․ «Կապույտ անձնագրերը տրամադրվել են ԼՂ մեր հայրենակիցներին որպես ճամփորդական փաստաթղթեր, որպեսզի տարածքից դուրս գալու հետ կապված խնդիր չառաջանա։ Նրանց կապույտ անձնագիրը ՀՀ քաղաքացիությունը հաստատող փաստաթուղթ չէ, սա ամրագրված է նաեւ եվրոպական դատարանի վճիռներում»։

Մեկ այլ դիտարկմանը, թե կառավարության ղեկավարի հրաման կա, որ Արցախից եկած ոստիկաններին ու զինվորականներին ՀՀ ոստիկանության համակարգում չընդունեն աշխատանքի, Սարգսյանը պատասխանեց․ «Նման հրահանգ չկա, ոստիկանությունում աշխատանքի են անցնում այն անձինք, որոնք բավարարում են ոստիկանությունում ծառայություն անցնելու օրենքի մակարդակում ամրագրված պահանջներին»։

Անդրադառնալով բռնի տեղահանված վարորդների տուգանքներին, Սարգսյանն ասաց՝ Հայաստանում ճանապարհային երթեւեկության կանոնները հավասար են բոլորի համար․ «Հաշվի առնելով բռնի տեղահանման հարցը, նրանց հուզական վիճակը, միգուցե նաեւ երթեւեկության կանոններին ոչ այդքան լավ տիրապետելը, մենք որոշում ենք կայացրել ՀՀ մուտք գործելուց հետո մինչեւ հոկտեմբերի 25-ը կայացված բոլոր վարչական տուգանքներն օրենքի շրջանակներում կբեկանվեն, հետեւապես որեւէ խնդրի առաջ նրանք չեն կանգնի»։

Փոխնախարարը հորդորեց բռնի տեղահանվածներին այսօրվանից զգոն եւ ուշադիր վարեն ավտոմեքենան, քանի որ այսօրվանից բոլոր խախտումներն արձանագրվելու են, հետեւաբար նաեւ կիրառվելու է տուգանք։ Նա վստահեցրեց, որ ոստիկանությունը մեկ ամիս իրազեկել է այս խնդրի մասին։

«Մեր խնդիրն է, որ մեր հայրենակիցները պահպանեն կանոնները, հակառակ դեպքում կստացվի խտրական մոտեցում, որ վարորդները տարբեր ռեժիմներով են պատասխանատվության ենթարկվում։ Մենք ցանկացում ենք, որպեսզի հավասարություն լինի»,-ասաց ՆԳ փոխնախարարը։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031