Վարչապետ Փաշինյանը իր հարցազրույցում խոսել է անվտանգության ոլորտում հարաբերությունների դիվերսիֆիկացման մասին: Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ ՔՊ խմբակցության պատգամավորներին հարցրեցին՝ ռազմական դաշինքների մասի՞ն է խոսքը եւ ո՞ր երկրների հետ են քննարկումները, ՌԴ-ից ի՞նչ արձագանք կարող է լինել: Արուսյակ Ջուլհակյանը պատասխանեց. «Պարտադիր չէ, որ խոսքը լինի ռազմական դաշինքի մասին, կարող է լինել գործընկերություն եւ պարտադիր չէ, որ հենց ռազմական գործընկերություն լինի, այլ առհասարակ անվտանգությանն ուղղված պայմանավորվածություն: Օրինակ, ԵՄ դիտորդական առաքելությունը, որը չունի ռազմական բաղադրիչ, բայց ուղղված է անվտանգության ապահովմանը: Վարչապետը խոսում է այն մասին, որ մեր անվտանգային բարձիկը, որը մի շարք դեպքերով առնվազն լավ չի աշխատել, մենք փորձելու ենք դիվերսիֆիկացնել»:
Նրա խոսքով, եթե հարեւանների հետ Հայաստանն իր հարաբերությունները կարգավորի, դա նույնպես անվտանգության ապահովում կարող է լինել, իսկ ՌԴ-ի արձագանքը չեն կարող կանխատեսել:
Հարցին՝ արցախցիներին տրվելու է ժամանակավոր փախստականի կարգավիճակ, հնարավորություն կլինի՞ նրանց գույքային իրավունքների հետապնդում իրականացնել միջազգային ատյաններում, թե՞ այնուամենայնիվ չեք փակում այն պատուհանը, որ արցախցիները վերադառնալու են հայրենիք՝ Արուսյակ Ջուլհակյանը պատասխանեց. «Միջազգային ատյաններում, իհարկե, բավականին մեծ անելիք ունենք, այդ թվում՝ ձեր նշած համատեքստում: Սեփականության իրավունքը ամբողջ աշխարհում սրբության պես մի բան է եւ այդ իրավունքի հետ կապված փոխհատուցումների առումով մենք անելիք ունենք»:
Կարդացեք նաև
Երեկ վարչապետ Փաշինյանը խոսեց «Խաղաղության խաչմերուկի» մասին, բրոշյուրներ բաժանեց: Հարցին՝ ուսումնասիրեցի՞ք դա, ի՞նչ է իրենից ներկայացնում, միջազգային գործընկերները ո՞նց են դա ընկալում, խոսվում է Մեղրիով ճանապարհի մասին, նորից միջանցքի տրամաբանությունը այն չի՞ ունենա՝ Ջուլհակյանը պատասխանեց, որ Գրանադայում հաստատվել է, որ ապաշրջափակումը պետք է տեղի ունենա երկրների ինքնիշխանության, իրավազորության եւ փոխադարձության սկզբունքների հիման վրա, հետեւաբար այն չի կարող բոլորի պատկերացրած միջանցքի տրամաբանությունն ունենալ. «Իսկ այն, թե երեկ վարչապետն ինչ էր առաջարկում, առանձին կապուղիներ էր առաջարկում, շուտով դա հրապարակային կդառնա, թե կոնկրետ որ ճանապարհներն ենք առաջարկում ապաշրջափակել՝ այդ թվում նաեւ երկաթուղիներ նկատի ունենալով»:
Հարցին՝ կարո՞ղ ենք ասել, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հարցը փակված է՝ ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը պատասխանեց. «Երբեք չի եղել նման հարց միջազգային օրակարգում, երբե՛ք: ՀՀ-ն երբեք չի քննարկել նման հարց, նման քննարկման մասնակից մեկ վայրկյան անգամ չի եղել: Որքան էլ տարբեր տերմիններ են հնչում, հետո փոփոխվում են այդ տերմինները, ես խնդրում եմ, որ մենք ելնենք ՀՀ պաշտոնական խոսքից, ոչ թե Թուրքիայի կամ Ադրբեջանի պաշտոնական հաղորդագրություններից: ՀՀ-ն քննարկում է ապաշրջափակումը իրավազորության, տարածքային ամբողջականության, փոխադարձության սկզբունքների հիման վրա: Մեր կողմից վիզուալիզացված խաղաղության խաչմերուկը, որը տարբեր մեդիաձեւաչափերով հասանելի կլինի ե՛ւ ձեզ, ե՛ւ մեր քաղաքացիներին վիդեոյի, բրոշյուրի տեսքով, կկարողանաք ծանոթանալ, թե ՀՀ-ն կոնկրետ որ ճանապարհները ու ինչ տեսքով է առաջարկում ապաշրջափակել: Խաղաղության խաչմերուկը Հայաստանի կողմից տարածաշրջանի երկրներին արված խաղաղության բանաձեւի առաջարկն է: Մենք հույս ունենք, որ հատկապես տարածաշրջանի երկրները ամենայն պատասխանատվությամբ եւ լրջությամբ կուսումնասիրեն մեր առաջարկը եւ ընդառաջ կգնան տարածաշրջանում խաղաղություն կառուցելու Հայաստանի առաջարկին»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ