«Եկեք այս դահլիճը չդարձնենք ԱԺ դահլիճի նման փոխհրաձգությունների եւ անհատական, անձնական բաների քննարկումների, պիտակավորումների դահլիճ»,-այսօր Երեւանի ավագանու արտահերթ նիստում չորս փոխքաղաքապետերի ընտրությունից առաջ եւ «Հանրապետություն» խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանի, կարելի է ասել՝ սպառնալից ելույթից հետո ասաց «Ազգային առաջընթացից» Արամ Թորոսյանը։
Նա անդրադարձավ Տիգրան Ավինյանի երդման արարողության նիստի իրավազորության հարցին։ Այսօր Տիգրան Ավինյանն այդ հարցի մասին ասել էր, որ իրավազորության հարց չկա, քանի որ այդ նիստում որեւէ որոշում չի կայացել, քվորումի խնդիր չի եղել։
Թորոսյանն էլ նշեց՝ երդմնակալության նիստը զուտ արարողակարգային նիստ չէ, հատուկ նիստ է, որը պահանջում է քվորում․ «Երեւանի ավագանու վերջին ընտրությունների արդյունքում ձեւավորվել է մի իրավիճակ, որը կարող ենք գնահատել որպես կառավարման ճգնաժամ։ Իշխանությունը ստանձնած կոալիցիան չունի բացարձակ մեծամասնություն եւ իշխանությունը փաստացի վերցվել է, օրենսդրական կարգավորումներում իհարկե, բայց ըստ իս՝ ոչ արդար։ Կոալիցիան պետք է ձեւավորվի մեծամասնությամբ, որը թույլ կտա կառավարություն ձեւավորել։
Երեւան համայնքի հարցում այդպես չէ, եւ դա արդար չէ։ Դա է պատճառը, որ մենք հորդորում էինք հատկապես ընդդիմադիր ուժերին չմասնակցել քաղաքապետի ընտրության նիստին, չապահովել քվորում, որը կբերեր նոր ընտրության անցկացման անհրաժեշտության։ Դա չարվեց։ «Հանրային ձայնը» մասնակցեց նիստին, ապահովեց քվորում ու թեեւ քվեարկեց դեմ, բայց այդ անձը, ըստ օրենքի, ընտրվեց, կրկին չլինելով մեծամասնության քաղաքապետ»։
Կարդացեք նաև
Թորոսյանը այսօր էլ «Հանրային ձայն»-ին հորդորեց չմասնակցել, չգրանցվել փոխքաղաքապետերի թեկնածությունների քվեարկությանը, որպեսզի քվորում չապահովվի, նիստը չկայանա, հետեւաբար՝ իշխանություն չձեւավորվի։
Այս ելույթից հետո «Ազգային առաջընթացը» լքեց նիստերի դահլիճը, նրանց արձագանքեցին «Հանրային ձայն»-ից․ «Բայց ո՞ւր եք գնում։ Էս ասիք ու գնացիք, հա՞։ Մեկն ասում է՝ ասեք՝ անենք, մեկն էլ՝ ասում ու գնում է։ Պատասխան էինք ուզում ձեզ տայինք, բա մնայիք, լսեիք»։
Քվորում ապահովվեց, ընտրվեցին Տիգրան Ավինյանի 4 տեղակալները։
Մանրամասն՝ տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ