Լրահոս
Օրվա լրահոսը

«Գոնե իմ ղեկավարման ժամանակ 1500 ինքնաթիռի չվերթով մենք սպառազինություն ենք ներկրել ՌԴ-ից». Սեյրան Օհանյան

Հոկտեմբեր 26,2023 12:24

Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին լրագրողները հարցրեցին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց անվտանգության ոլորտում հարաբերությունները դիվերսիֆիկացնելու եւ նոր գործընկերների մասին, մատնանշեց դաշնակիցների անգործությունը, Հայաստանին նոր դաշնակիցներ պե՞տք են: Օհանյանը պատասխանեց. «Անվտանգության դիվերսիֆիկացիան, հատկապես ռազմատեխնիկական համագործակցության, սպառազինության եւ ռազմական տեխնիկայի ներկրման շրջանակներում նորություն չէ ՀՀ-ի համար: Նախկինում էլ ՀՀ-ն ՌԴ-ից բացի, թեկուզ փոքր քանակով, բայց տարբեր երկրներից ներմուծումներ է ունեցել: Հայաստանը տարանցիկ փոխադրման միջոցով է ներկրում, այս տարիներին դա իրականացրել է Վրաստանի, մասամբ նաեւ Իրանի տարածքով: Եթե հնարավորություն կա այսօր այլ երկրներից էլ ձեռք բերել սպառազինություն ու ռազմական տեխնիկա, կարծում եմ, ոչ ոք, նաեւ մեր ռազմավարական գործընկերները դրա համար արգելք չեն լինի: Բայց ՀՀ շահերը առաջ են տանում ՀՀ իշխանությունները: Մի կողմից փորձել ձեռք բերել սպառազինություն այլ երկրներից, օրինակ՝ Հնդկաստան, Ֆրանսիա, որոնք մեր համար բարեկամական երկրներ են համարվում, բայց մյուս կողմից վատթարացնե՞լ հարաբերությունները ռազմավարական գործընկերոջ՝ ՌԴ-ի հետ, որի աջակցությամբ մենք բավականին մեծ քանակությամբ նախկինում սպառազինություն ենք ունեցել: Ի վերջո, նաև մեր սպառազինության զգալի մասը, դրա շրջանակներում կառավարման համակարգը, ձեռք բերված ռազմավարական եւ մարտավարական գործողությունների ամբողջ համադրումը դեռեւս այն սպառազինության միջոցով է, որը մենք ունենք մեր ռազմավարական գործընկերոջ կողմից մատակարարված նախկինում: Գոնե իմ ղեկավարման ժամանակ 1500 ինքնաթիռի չվերթով մենք սպառազինություն ենք ներկրել ՌԴ-ից:

Ըստ նրա, ՌԴ-ի հետ վատթարացնել հարաբերությունները ճիշտ չէ. «Եթե դու վատթարացնում ես, հակառակ կողմը չի կարող ավելի հայ լինել, քան դու: Մենք բազմաթիվ խնդիրներ ՌԴ-ի հետ, տարբեր երկրների հետ ունեցել ենք, բայց մենք մշտապես փորձել ենք մեր շահերը առաջ տանել, մենք ենք եղել շատ նախաձեռնող գործողությունների առաջատարը: Առանց ռազմավարական գործընկերության, առանց խելացի արտաքին քաղաքականության, մենք հաջողություններ չենք ունենա՝ հաշվի առնելով, որ տարածաշրջանը անվտանգության առումով փխրուն է: Հաշվի առնելով, որ Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ ունենք հակառակորդի, թշնամական իրավիճակ՝ մեր ռազմավարական գործընկերությունը ՌԴ-ի հետ պիտի շարունակական լինի: Մենք ՀԱՊԿ անդամ ենք: Իսկ այն, որ ՌԴ-ից իրենք չեն կարողանում այսօր ներկրումներ անեն, դրա պատասխանատուն ՀՀ իշխանություններն են: Իհարկե, այլընտրանք ունենալը, տարբեր երկրներից առաջատար սպառազինության, տեխնիկայի ներկրման, օգտագործման գործողություներին ես դրական եմ նայում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031