Լրահոս
Օրվա լրահոսը

«Ալիեւը այն, ինչ անհրաժեշտ էր ստանալ բանակցային գործընթացում Արեւմուտքից, արդեն ստացել է՝ բռնագաղթեցում, էթնիկ զտում». Սեյրան Օհանյան

Հոկտեմբեր 26,2023 12:16

Այսօր ԱԺ ճեպազրույցները «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը սկսեց՝ մեջբերում անելով «Ազգային անվտանգության ռազմավարությունից», որտեղ նշված է. «Հակամարտության խաղաղ կարգավորման դիրքերից հանդես գալով հանդերձ, ՀՀ-ն, որպես Արցախի անվտանգության երաշխավոր, աջակցում է Արցախի իշխանություններին Ադրբեջանի ռազմական ագրեսիայից իրենց բնակչությանը պաշտպանելու գործում: ՀՀ-ն կկանխարգելի Արցախի ազգաբնակչության բնաջնջման կամ բռնագաղթեցման ցանկացած փորձ»:

Սեյրան Օհանյանն ասաց, որ այսօր դեռ «տաք ենք», բայց Արցախի կորուստը մեր ամբողջ կյանքի ընթացքում դրոշմված է լինելու:

Նա ներկայացրեց խմբակցության տեսակետը. «Արցախի հակամարտությունը լուծված չի, նրա սուբյեկտայնության պահպանման, Արցախի տարածքին տեր կանգնելու հետագային միտված մեր գործողություններում բանակցությունները գոյություն ունեցող միջազգային ձեւաչափով այլընտրանք չունեն: Եթե ՀՀ իշխանություններն իրենց ռազմավարության մեջ ընդունել են այն, որ ամբողջությամբ հայաթափել են Արցախը, դա դավաճանական կեցվածք է Արցախի ժողովրդի ու մեր պատմական Արցախի տարածքի նկատմամբ»:

Հարցին՝ ի՞նչ ռիսկեր եք տեսնում երեկ Բրյուսելում Փաշինյան-Ալիեւ հանդիպման չեղարկման հայտարարության մեջ, բանակցությունները փակուղո՞ւմ են՝ նա պատասխանեց. «Ակնհայտ է, որ բրյուսելյան հանդիպումը տեղի չի ունեցել, որովհետեւ Ալիեւը չի ցանկացել մեկնել: Այն, ինչ անհրաժեշտ էր ստանալու այս բանակցային գործընթացում առաջին հերթին Արեւմուտքից, ինքը արդեն ստացել է՝ բռնագաղթեցում, էթնիկ զտում Արցախից: Ինքը իր նպատակին հասել է, հետագա իր գործընթացներում շեշտը դնելու է ՀՀ-ի հետ խաղաղության պայմանագրի կնքման վրա, որի հիմնական նպատակը ՀՀ-ի նկատմամբ ճնշումների շարունակությունն է՝ այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի ենթակառույցների շրջափակման շրջանակներում: Մենք տեսնում ենք, որ տարբեր հարթակներում, լինի դա՝ նոյեմբերի 9-ը, լինի՝ Պրահայում, որտեղ խոսք է գնացել տարածքային ամբողջականության մասին, Արցախը ճանաչել են Ադրբեջանի մաս, այնուհետեւ՝ Գրանադայում, այս բոլոր գործընթացները ցույց են տալիս, որ արցախյան հակամարտության հարցը, նաեւ ՀՀ խաղաղության ապագան երկու տարբեր ճանապարհային քարտեզների արանքում է հայտնվել: Այս ամենը դիվանագիտական ծուղակ է: Այդ ծուղակն աշխարհաքաղաքական զարգացումների շրջանակներում ուժային կենտրոնների բախման ռազմադաշտ դարձնելն է Հայաստանը, որից դուրս գալը չափազանց դժվար է լինելու հայ ժողովրդի համար»:

Լրագրողները մեջբերեցին Հաջիեւի հայտարարությունը, որ Զանգեզուրի միջանցքն այլեւս հետաքրքիր չէ իրենց, գուցե հրաժարվո՞ւմ են այդ թեմայից, բացի այդ, երեկ Նիկոլ Փաշինյանը «Խաղաղության խաչմերուկ» նախագծից խոսեց, ասաց, որ բրոշյուր է պատրաստ լինելու ու պատրաստվում են դա քննարկել գործընկերների հետ, ի՞նչ տեղեկություններ ունեք այդ մասին, իրատեսական համարո՞ւմ եք՝ Սեյրան Օհանյանը պատասխանեց. «Լավագույն ցանկություններ են ՀՀ իշխանությունների եւ հայ ժողովրդի համար՝ խաղաղության խաչմերուկ դառնալ: Չկա որեւէ մի անձնավորություն ՀՀ-ում, մենք էլ, մանավանդ ես՝ զինվորական լինելով, որ չի ուզում խաղաղություն, որովհետեւ պատերազմից առաջին հեթին տուժում են հենց զինվորականները։ Բայց խաղաղության օրակարգն այս պահին այն շարունակական խորամանկ քայլերի, խաբկանքի հերթական դրսեւորումն է, որն իրականացնում են մեր հակառակորդները: Վերջին տարիների իրենց գործողությունները, նաեւ ՀՀ իշխանությունների խոստումները, ցանկությունները ցույց են տվել, որ տեղի են ունեցել մարտական գործողություններ, պատերազմ։ Հասկանալի է, որ պարտված իշխանությունները միշտ գտնվում են պարտադրանքի, հարկադրանքի ներքո: Որքան խոսել ենք խաղաղության մասին, այնքան Ադրբեջանը, տեսնելով մեր թուլությունը, ավելի է սաստկացրել ճնշումները: Մենք տեսանք, որ պայմանավորվածությունները ոչնչի չբերեցին, իրենք սադրանքներ, մարտական գործողություներ են նախաձեռնել այս տարիներին: Խաղաղության խաչմերուկի համար լուրջ բանակցողներ են պետք եւ լուրջ աշխատանք պետք է տարվի, որ ՀՀ շահերը առաջ ընթանան: Ինչ վերաբերվում է «Զանգեզուրի միջանցքին», դրանք նորից մոլորեցնող գործողություններ են, իրենց վերջնական նպատակը մեծ Թուրանի ճանապարհին հենց ՀՀ Սյունիքի հատվածով ճանապարհ եւ երկաթգիծ ունենալն է: Իրենք այդ նպատակից հետ չեն կանգնելու, եթե ՀՀ իշխանություններն, իհարկե, խելացի արտաքին քաղաքականություն չվարեն ու չփորձեն մեր շահերն առաջ տանել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031