Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է չորեքշաբթի օրը Երևանում կայացած համատեղ ճեպազրույցի ժամանակ Հայաստանի և Կանադայի ԱԳ նախարարների հայտարարությունները։ Պաշտոնական Բաքուն Կանադայի ԱԳ նախարար Մելանիի Ժոլիին մեղադրել է Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացների հարցում կողմնակալ դիրքորոշման համար և կոչ արել հրաժարվել «սադրիչ» հայտարարություններից։
«Մի իրավիճակում, երբ տարածաշրջանում չկա որևէ մարդասիրական ճգնաժամ, հակառակի մասին հայտարարությունն ակնհայտ կողմնակալության դրսևորում է»,-ասվում է Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ։
Բաքուն նաև կոչ է արել Կանադայի արտաքին գործերի նախարարության ղեկավարին, որը Երևանում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ չի բացառել Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառումը, ձեռնպահ մնալ «սպառնալիքների լեզվով խոսելուց, ինչը չափազանց սխալ է և հաջողություն չի բերի կողմերից ոչ մեկին»։
Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ նշված է նաև, որ «խաղաղության գործընթացն իբրև թե կանգ է առել Երևանի դիրքորոշման պատճառով»։