Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Օշականցու «Հոգեհոսքը» լուսավոր պատուհան է մտահոգ օրերի մեջ

Հոկտեմբեր 26,2023 12:46

Հայաստանի նկարիչների միությունում բացվել է գեղանկարիչ Արթուր Օշականցու հոբելյանական ցուցահանդեսը՝ այս տարի լրանում է նրա ծննդյան 70 -ամյակը: Լոնդոնում եւ Հայաստանում արվեստանոցներ ունեցող նկարիչը ապրում է եւ ստեղծագործում է տարվա կեսը հայրենիքում, կեսը՝ Լոնդոնում:

Օշականցին աշխարհում հայտնի անուն է, գեղանկարչության նոր ուղղության ՝ աբստրակտ նատուրալիզմի հիմնադիրն է համարվում, այդ մասին հռչակումը երեք տասնամյակ առաջ արել է Նյու-Յորքի «Մետրոպոլիտեն» պատկերասրահը:

 

Նկարչի տան երկու դահլիճներում ցուցադրված են նրա վերացական, ինչպես նաեւ խառը տեխնիկայով, տարբեր տեխնոլոգիաների կիրառմամբ արված աշխատանքները՝ «Հոգեհոսք» ընդհանուր խորագրով։ Նրա աբստրակտ գործերն աչքի են ընկնում հարուստ եւ գունեղ երանգապնակով, ասելիքի խորքով, ձեւի եւ բովանդակության հավասար դերակատարմամբ: Նրա արվեստը հոգու գեղանկարչություն է, նրա ֆիգուրները, վառ գույներն ու խորքային վերացարկումները տանում են հոգիների նուրբ տարածք, աչքի եւ ականջի համար անտեսանելի-անլսելի նուրբ հաճախականությունների ոլորտ, որտեղ սավառնող հոգու տարածության մեջ զգացմունքների կուտակում է, էներգիայի փոխանակություն, նրբին ձայնուբույրի առկայություն, որոնք գունավորելով՝ դրանք դիտողին հասանելի է դարձնում նկարիչը:

Լինելով մոդեռն նկարիչ եւ այդ իմաստով աշխարհում այժմ զանազան փորձարարությունների առումով հասկանալի եւ ըմբռնելի արվեստագետ՝ Օշականցին, սակայն, ամենուր ընկալվում է որպես հայ նկարիչ: Նախ որպես հայկական խորհրդանիշների լայնորեն օգտագործող, ապա նաեւ հայոց բնության ու գույների անկրկնելի փոխանցող: Նրա աբստրակտ ասելիքի վառ գույներում Հայաստանն է, նրա երկնքի, հողի ու ջրի գույները, նրա եռագույնն ու հայրենի երկրի հոգին:

Նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանը, գեղանկարիչ Արամ Իսաբեկյանը, Դանիել երաժիշտը եւ այլք ցուցահանդեսը բացելով՝ արժանին մատուցեցին մեր գեղանկարչության մեջ իր ուրույն տեղը զբաղեցրած, շատ-շատերից ընդգծված տարբերվող, վառ, մի քանի շերտ խորություն ունեցող գործեր ստեղծող գեղանկարչի բեղմնավոր գործունեությանը, նրա ահռելի ժառանգությանը, ինչպես նաեւ աշխարհի եւ Հայաստանի արդի արվեստում ասված նոր խոսքին, որում, ինչպես նշվեց, «վրձինը թաթախված է հայոց արեւի եւ գույների մեջ»:

Նկարիչը կտավներ է ստեղծում շարքերով, կա շարք՝ «Թռչուններից ներշնչված», օրինակ, որը մոտ յոթ հարյուր նկար է ներառում եւ ցրված է աշխարհով մեկ: Նրա գեղանկարչական աշխատանքները աշխարհի շատ հայտնի պատկերասրահներում, ինչպես նաեւ անձնական հավաքածուներում են: Այս ցուցահանդեսում շատ նոր գեղանկարներ կան, որոնք նկարիչը ստեղծել է Հայաստանում, վերջին մեկ-երկու ամսվա ընթացքում: Մեր մտահոգ օրերի մեջ՝ Արթուր Օշականցու ցուցահանդեսը մի լուսավոր պատուհան է, որը դեռ մեկ շաբաթ Նկարչի տանը կուրախացնի արվեստասերներին:

 Մարիետա ԽԱՉԱՏՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031