Լրահոս
Օրվա լրահոսը

«Ընդամենը 32% քվե ստացած քաղաքապետի երդմնակալության համար մեր գրպանից ծախսվել է շուրջ 100 անգամ ավելի գումար, քան 2018-ին 82% քվե ստացած քաղաքապետի երդմնակալության համար»․ Գրիգորի Երիցյան

Հոկտեմբեր 26,2023 11:21

«Երեւանի քաղաքապետարանը մեկ անձից գնումով երեւանցիների գրպանից հափշտակել է ավելի քան 87 մլն դրամ նոր քաղաքապետի ուրարտական երդմնակալության համար, ավելի ճիշտ՝ նոր ավագանու հատուկ նիստը կազմակերպելու համար, որն անցել է քվորումի բացակայության պայմաններում, եւ ուրեմն իրավազոր համարվել չէր կարող։ Ստացվում է, որ երեւանցիների ընդամենը 32% քվեն ստացած քաղաքապետի երդմնակալության համար մեր գրպանից ծախսվել է շուրջ 100 անգամ ավելի, քան 2018-ին 82% քվե ստացած քաղաքապետի երդմնակալության համար։ Այս չհիմնավորված եւ ավելորդ ծախսը կատարվել է այն հումանիտար աղետի օրերին, երբ Երեւանում ապաստանել է Արցախից բռնի տեղահանված 35 հազար անձ։ Նշեք, թե որքան գումար է քաղաքապետարանը հատկացրել Երեւանում ապաստանած արցախցիների կարիքների մեղմման համար»,- Երեւանի ավագանու այսօրվա նիստում «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Գրիգորի Երիցյանը հարց ուղղեց քաղաքապետ Տիգրան Ավինյանին։

Ի պատասխան՝ Ավինյանն ասաց՝ հոկտեմբերի 10-ին քվորումի եւ նիստի իրավազորության պայմաններում Երեւանի ավագանին ընտրել է Երեւանի քաղաքապետ, հոկտեմբերի 13-ին Երեւանի քաղաքապետն օրենքի համաձայն երդում է տվել երեւանցիների առաջ․ «Իսկ քվորումն ու իրավազորության հարցերը․․․ քվորումի անհրաժեշտությունը կարող է քննարկվել միայն այն նիստերի դեպքում, երբ ավագանին կարող է որոշում կայացնել կամ այլ լիազորություն իրականացնել որպես մարմին։ Հոկտեմբերի 13-ի նիստը զուտ արարողակարգային էր, եւ որեւէ որոշման հարց չկար, այնպես որ, այս հարցը իրապես արհեստական է»։

Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց, ապա Ավինյանն ասաց․ «Երեւանի քաղաքապետարանն ամենաինտենսիվ կերպով, սկսած այդ անձանց տեղափոխման հարցից, ունեցել է ամենաակտիվ մասնակցությունը։ Այդ աշխատանքները մինչ այսօր շարունակում է»։

Թե որքան գումար է ծախսվել այդ աշխատանքների համար, Ավինյանն ասաց, որ գրավոր հարցման դեպքում կներկայացնեն մանրամասները։

Նշենք, որ ավագանու նիստում հրապարակվեցին խմբակցության ղեկավարների եւ քարտուղարների անուննները։ Ըստ այդմ՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար է ընտրվել Արմեն Գալջյանը, քարտուղար՝ Նուարդ Վարդանյանը։

«Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար է ընտրվել Արամ Թորոսյանը, քարտուղար՝ Իզաբելլա Աբգարյանը, «Հանրապետություն» խմբակցության ղեկավար է ընտրվել Անի Խաչատրյանը, քարտուղար՝ Մհեր Բեջանյանը, իսկ «Հանրային ձայն» խմբակցության ղեկավար է ընտրվել Վահան Ավագյանը, քարտուղար՝ Վահե Եսայանը։

Մանրամասն՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031