«Հետք». «Հանրապետություն» կուսակցության անդամ Սարգիս Մադաթյանը, որը վաղը՝ հոկտեմբերի 26-ին, Երևանի ավագանու արտահերթ նիստի ժամանակ քաղաքապետի տեղակալ կնշանակվի, սնանկ է ճանաչվել: Սնանկ է ճանաչվել նաև նրա ընկերություններից մեկը՝ հարկային պարտավորությունները չկատարելու համար:
Սարգիս Մադաթյանը սնանկ է ճանաչվել դատարանի 2018թ. սեպտեմբերի 27-ի վճռով:
«Արարատբանկ» ԲԲԸ-ն 2014թ․ Սարգիս Մադաթյանին տրամադրել է 10 հազ. ԱՄՆ դոլարի չափով վարկ, տարեկան 12 տոկոս դրույքաչափով՝ մինչև 2016թ. հունիս ամիսը մարելու պայմանով: 2015թ․ Մադաթյանին տրամադրվել է ևս 3 հազ. ԱՄՆ դոլարի չափով վարկ՝ տարեկան 11 տոկոս դրույքաչափով՝ մինչև 22.11.2017թ․ մարման ժամկետով:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը 2018թ․ Սարգիս Մադաթյանին սնանկ է ճանաչել:
Կարդացեք նաև
Սարգիս Մադաթյանը՝ որպես ավագանու անդամի թեկնածու, Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացրել գույքի ու եկամուտների հայտարարագիր՝ 2022թ. օգոստոսի 1-ից մինչև 2023թ. օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածի համար:
Մադաթյանի հայտարարագիրն ամբողջությամբ դատարկ է: Այսինքն՝ ո՛չ գույք ունի, ո՛չ դրամական միջոցներ, ո՛չ եկամուտ: Չի նշել նաև, որ ընկերություններում փայատեր է:
Սա այն դեպքում, երբ քաղաքապետի տեղակալի թեկնածուն այդ ժամանակահատվածում երկու ընկերությունում եղել է սեփականատեր:
Մասնավորապես՝ 2015թ. հիմնել է «Դիզայն-Շին Գրուպ» ՍՊԸ-ն, որի միակ սեփականատերն ու տնօրենը, մինչև 2023թ. հոկտեմբերի 12-ը, եղել է Սարգիս Մադաթյանը:
Սարգիս Մադաթյանին է պատկանել նաև «Եվրո Ֆրուտ» ՍՊԸ-ն:
Ստացվում է, որ Սարգիս Մադաթյանը ԿԸՀ ներկայացրած հայտարարագրում թաքցրել է ընկերությունների սեփականատեր լինելու հանգամանքը:
Գրիշա ԲԱԼԱՍԱՆՅԱՆ
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: