Լրահոս
Օրվա լրահոսը

Ալիեւը փորձում է «խաղաղության պայմանագիրը» ստորագրել իր պահանջներով, որոնք 5-ն են. Արմեն Ռուստամյան. «Հրապարակ»

Հոկտեմբեր 26,2023 10:32

ԱԺ «Հայաստան» խմբակցության արտաքին հարաբերությունների հանձնաժողովի պատգամավոր Արմեն Ռուստամյանի կարծիքով՝ Ալիեւը չի գնում Բրյուսել այն նույն տրամաբանությամբ, ինչ Գրանադայի դեպքում էր։

«Այն, ինչ պետք էր ստանալ Արեւմուտքից՝ Արցախի հետ կապված, Ալիեւը դա ստացավ, հիմա այն, ինչ ուզում է ստանալ Սյունիքից, արեւմտյան հարթակներում դա չեն ընդունում։ Այդ իմաստով Ալիեւն այնտեղից ստանալիք չունի, այդ պատճառով չի գնացել»,- ասաց նա։ Ռուստամյանի խոսքով՝ Ալիեւն իր ուզածը ստանալու համար հենվելու է նախկին եռակողմ պայմանավորվածությունների վրա, դիցուք՝ նոյեմբերի 9-ի հայտարարության։ Ըստ պատգամավորի՝ Ալիեւը փորձում է «խաղաղության պայմանագիրը» ստորագրել իր պահանջներով, որոնք 5-ն են։ «Նրա պահանջները 5 ուղղություն ունեն՝ Ադրբեջանի ցանկությամբ սահմանազատում եւ սահմանագծում, որը չի ներառում Հայաստանի 29․800 քառակուսի կիլոմետրը, ի դեպ, պաշտոնական Բաքուն երբեք չի ասել, որ ճանաչում է ՀՀ-ի տարածքը։ Կա, այսպես կոչված, անկլավների հարցը, որով Ադրբեջանը վերահսկողություն կստանա մեր ռազմավարական ճանապարհների վրա, դնելու է ռեպարացիայի (վնասների փոխհատուցման` Լ. Ս.) հարցը, քանի որ Հայաստանը հայտարարել է, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականություն է համարում Արցախը։ Ալիեւը հայտարարելու է, որ «ագրեսոր» Հայաստանն օկուպացրել է այդ տարածքները։ Ռեպարացիան նրանք այսօր գնահատում են մոտավորապես 100 միլիարդ դոլարի կարգի, որը, բնականաբար, վերջնական թիվը չէ։ Այս ամենի հետ մեկտեղ, Հայաստան փախստականների վերադարձի հարցն է առաջ բերելու, իսկ սա ենթադրում է Հայաստանի համար լուրջ դեմոգրաֆիկ խնդիրներ։ Հայաստանի այն բնակավայրերը, որտեղ մինչեւ 1988 թվականն ապրել են ադրբեջանցիներ, Ալիեւը պահանջելու է, որ կրկին վերադառնան։ Հայաստանում գրեթե տեղ չկա, որ ադրբեջանցիներ ապրած չլինեն։ Վերջապես՝ Հայաստանից պահանջվող այն ճանապարհը, որը, ըստ Ալիեւի, չի կարող ունենալ միջպետական ճանապարհի կարգավիճակ, որն առաջարկում է հայկական կողմը»,- մանրամասնեց Արմեն Ռուստամյանը։

Ալիեւը չի ճանաչել Հայաստանի տարածքային ամբողջականությունը՝ 29․800 քառակուսի կիլոմետրով, անորոշ է մինչեւ տարեվերջ «խաղաղության պայմանագիր» ստորագրելու Փաշինյանի ցանկությունը, մինչդեռ առավել որոշակի է նոր պատերազմի վտանգը։ Ըստ Ռուստամյանի՝ Ալիեւը հենց դրան է տանում։ «Այն, ինչ Ալիեւը չի ստանում բանակցություններով, փորձում է ստանալ պատերազմով»,-շեշտեց նա։

Լիա ՍԱՐԳՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031