Լրահոս
Օրվա լրահոսը

Վճռորոշը ներքին գործընթացներն են

Հոկտեմբեր 26,2023 10:00

Ես պատրաստվում եմ ավելի երկար ապրել, քան Փաշինյանը, Բայդենը, անգամ Պուտինն ու Լուկաշենկոն «թագավորելու են»: Այստեղից՝ նրանց սիրել-չսիրելու, նրանց կողմ-դեմ լինելու թեման ինձ ավելի քիչ է հուզում, քան այն պատճառները, որոնք իշխանության էին բերել հենց այդպիսի՛ «թագավորների», եւ, որն ավելի էական է՝ ինչու են այդ «թագավորները» շարունակում բազմել իրենց «գահերին»:

Մարդկանց պատմության մեջ 40 կամ ավելի դար եղել են տարբեր «թագավորներ»: Նրանք իշխանությունը ստացել են ժառանգաբար, «նշանակվել են», ընտրվել են կամ կեղծել են ընտրությունները, զավթել են իշխանությունը բռնությամբ, հեղաշրջմամբ, դավադրությամբ եւ այլն: Իհարկե, դա նշանակություն ունի եւ ինչ-որ չափով ազդում է նրանց իշխելու ձեւերի վրա: Բայց ինձ չի թվում, որ դա միակ կամ որոշիչ հանգամանքն է:

Ինձ համար շատ ավելի կարեւոր է հետեւյալ հարցի պատասխանը՝ ժողովուրդը (հպատակները, քաղաքացիները) հանդուրժո՞ւմ են այդ «թագավորին», թե՞ ոչ: «Թագավորը» խաբո՞ւմ է, ճնշո՞ւմ է, հիպնոսի՞, նեյրոլինգվիստիկ ծրագրավորմա՞ն է ենթարկում ժողովրդին՝ դրանք հաջորդ հարցերն են, բացատրություններ են, բայց հիմնական թեման է՝ «հանդուրժում է – չի հանդուրժում»:

«Հեղինակավոր ուժեր չկան», «լուրջ այլընտրանք չկա», «իսկական լիդեր չունենք», «ռուսը չի ուզում», «Արեւմուտքը խանգարում է»՝ այդ բոլոր խոսակցությունները հետեւանքների մասին են: «Թագավորին գահից գցող» ուժերը, հեղինակությունները, լիդերները ծնվում են այն ժամանակ, երբ որոշակի աստիճանի են հասնում չհանդուրժելու տրամադրությունները:

Բացարձակապես պարտադիր չէ, որ այդ ենթադրյալ հեղինակությունը կամ լիդերը համապատասխանի Պլատոնի Փիլիսոփայի իդեալին: Դա կարող է լինել Փաշինյանը կամ «Դոգը». կարեւոր է, որ նրանք արտահայտեն չհանդուրժելու այդ աստիճանը: Եվ, ի դեպ, այդ պարագայում նրանք ստանում են արտաքին աջակցություն: Ճիշտ այնպես, ինչպես, օրինակ, 2018 թվականին Փաշինյանին աջակցում էին ե՛ւ Ռուսաստանը. ե՛ւ Արեւմուտքը: Բայց դա, կրկնեմ, վճռորոշ գործոն չէ: Վճռորոշը ներքին գործընթացներն են, իսկ ժողովրդի դիրքորոշումը, ինչպես տեսնում ենք, կարող է ամենեւին ռացիոնալ չլինել: Նույնիսկ՝ եթե մի տեղ, ասենք, Հաիթիում կամ Հոնդուրասում ամերիկացիներն իշխանության են բերում իրենց նախագահին, այդ երկրների ժողովուրդն է, որ հանդուրժում է կամ չի հանդուրժում տվյալ նախագահներին: Աֆղանստանը հրաշալի օրինակ է;

Երբ Հայաստանի իշխանությունների ներկայացուցիչներն ու քարոզիչներն ասում են, որ բոլոր նրանք, ովքեր ցասում են ապրում, որ Արցախը եւ Հայաստանի մի մասը հանձնվել է թշնամուն, Ռուսաստանի գործակալներ են, դա, իհարկե, սուտ է: Բայց նրանք յուրովի ճիշտ են այն առումով, որ ոչ մի «գործակալական ցանց» (եթե նույնիսկ այդպիսին լիներ) չի կարող Հայաստանում իշխանություն փոխել, եթե մեր երկրի ժողովուրդը հանդուրժում է այս՝ կործանարար քաղաքականություն վարող իշխանությանը: Իսկ դա առայժմ այդպես է:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Լուսանկարը՝ 2018 թվականի մայիսի ցույցերից։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    . բացատրութիւնը թերեւս պարզապէս՝ ֆաթալիզմ ըսուածն է…
     
    ի դէպ, եթէ Երեւանի քաղաքապետական ընտրութիւնները պիտի լինէին դարմանը այդ մտային ընկճեցեալ համակերպումին, դրանց վախճանական արդիւնքը՝ հակառակ ազդեցութիւնը ունեցաւ (եւ ստոյգ բան չէ, որ ձեռնպահները վարչակարգի դէմ կը քուէարկէին կամ երբեւիցէ կը քուէարկեն)

    . կայ նաեւ անշուշտ այն ազդակը, որ Փաշինյանի յեղափոխութեան արդիւնքը նպաստում է, որ նոյնանման բան կատարելու մղում չունենայ ժողովուրդը… այդ *դրամագլուխը* լիովին գործածեց ինք, Փաշինյանը, եւ ուրեմն հիմա իր օգտին է դրա սպառումը, ժողովրդային դուխի սնանկացումը…

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031