Լրահոս
Օրվա լրահոսը

Դատավճիռներ Հայաստանի Հանրապետության անունից

Հոկտեմբեր 26,2023 12:30

Մինչեւ 2020 թվականը հանրապետության դատական ատյաններում դատավճիռներ էին կայացվում «հանուն Հայաստանի Հանրապետության»: Դրանից հետո դատավճիռներ են կայացվում «Հայաստանի Հանրապետության անունից»:

Չգիտեմ, իրականում ի՞նչ տվեց այս «մեծագույն» փոփոխությունը մեր հանրապետությանը, սակայն մի բան պարզ է, որ Հայաստանի անունից կայացված դատավճիռներում ոչ իրավաչափ պատժատեսակներ են կիրառվում:

Կառավարության շենքի դիմաց 2023թ. սեպտեմբերի 19-ին տեղի ունեցող հավաքի վերաբերյալ «Tatevik VIrabyan» անվամբ ֆեյսբուքյան օգտատիրոջ էջում «առերեւույթ բռնություն գործադրելու հրապարակային կոչեր պարունակող գրառումների համար» երեք ամսով կալանավորվեց արցախցի ակտիվիստ Տաթեւ Վիրաբյանը՝ Տաթեւ Արցախցին: Նա արցախյան պատերազմում զոհված՝ Գեւորգ Վիրաբյանի քույրն է: Գրառումներում կային այսպիսիք. «Քաղաքը պիտի պարալիզացվի, պիտի զանգվածային անհնազանդություն լինի… Ինձ ինչ ուզում եք արեք, ասեք բռնության կոչ եմ անում, ոչ մի Արցախի բնակչից լավը չենք… »:

Նա ներկայումս ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում է:

Առհասարակ, մեզանում պրակտիկա է դառնում գրառումները ընկալել կոչեր, ամեն բան կորցրած մարդկանց հուզական խոսքը դառնում է նրանց անազատության պատճառ: Արդյոք կալանքը որպես խափանման միջոց կիրառվո՞ւմ է համաչափ, արդյոք բանավոր խոսքի համար մարդկանց ազատությունից զրկելը ժողովրդավարության, իրավական պետության սկզբունքների՞ց է բխում: Ոչ, հաստատապես, ոչ: Տարիների ընթացքում իմ դատական լուսաբանումներում չեմ հիշում որեւէ կնոջ նկատմամբ ընտրվի կալանք միայն նրա համար, որ նա գրառումներ է կատարել սոցիալական ցանցերից մեկում: Որն է հետեւանքը, ով է տուժել Տաթեւի գրառումներից, արդյոք նրա «կոչ»-գրառումներին հետեւել են զանգվածային անկարգությունները, մարդիկ, ցուցարարները, ինչպես 2018-ին պետական պաշտպանվող հատուկ տարածք՝ ռադիոյի շենքն են գրոհել ……մարդիկ են տուժել: Ոչ: Եթե մենք գործ ունենք «անպատասխանատու» խոսքի հետ, ապա գտեք դրան համարժեք իրավական լուծումը, ոչ անպայման արգելանքը…

Տաթեւի հետ կատարվածից հետո ուսումնասիրեցի դատարաններում այս պահին առկա կին մեղադրյալների գործերից մի քանիսը:

Կնոջ մասնակցությամբ «կոլեկտիվ» գործերից 2018-ից դատարանում է դեռ փաստաբաններից մեկի գործը, ում այդ գործով մեղադրանք էր առաջադրվել, որպես օժանդակողի:

ՀՀ քննչական կոմիտեի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետը նույն բաժնի պետի տեղակալի հետ նախնական համաձայնությամբ Բ.Գ.-ի որդու օգտին իրենց լիազորությունների շրջանակում գործողություններ կատարելու դիմաց ՀՀ Փաստաբանների պալատի փաստաբան Գայանե Գ.-ի օժանդակությամբ եւ միջոցով ստացել են առանձնապես խոշոր չափերով կաշառք: Փաստաբանի նկատմամբ ՀՀ Ազգային ժողովի կողմից 2018թ. նոյեմբերի 1-ին ընդունված՝ «Էրեբունի-Երեւանի հիմնադրման 2800-ամյակի եւ Հայաստանի առաջին հանրապետության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետի հիմքով քրեական հետապնդումը դադարեցվել է: Հիշեցնեմ, որ նրա նկատմամբ ընտրվել էր նախ կալանք, ապա՝ գրավ: Այս գործով բողոք է բերել քննչական բաժնի պետը:

2017թ.-ին կատարված, մինչ օրս դատարաններում առկա է Տավուշի մարզի բժիշկների գործը: Բժշկական կենտրոնի մանկաբարձագինեկոլոգիայի բաժանմունքի վարիչը, ըստ դատարանում առկա քրեական գործի նյութերի, 2017թ. հուլիսին՝ նախնական համաձայնության գալով բաժանմունքի մանկաբարձ-գինեկոլոգ Վանուհի Ա.-ի հետ, «պատասխանատվությունից ազատող պաշտոնական այլ փաստաթուղթ հանդիսացող Է. Խ.-ի անվամբ լրացված … ծննդաբերության պատմության մեջ ակնհայտ կեղծ գրառումներ են կատարել»:

Մանկաբարձ-գինեկոլոգի նկատմամբ ընտրվել էր խափանման միջոց՝ ստորագրություն չհեռանալու մասին: Մանկաբարձ-գինեկոլոգին մեղադրանք էր առաջադրվել իր մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու, անփույթ վերաբերմունք դրսեւորելու համար: Բժշկուհին անմեղ էր ճանաչվել եւ արդարացվել:

Ապա փոխվել էր դատավճիռը, նրան մեկ այլ դատարան մեղավոր էր ճանաչել ՀՀ քր. օր. 130 հոդվածի 2-րդ մասով, 325 հոդվածի 2-րդ մասով եւ նրա նկատմամբ վերջնական պատիժ նշանակել ազատազրկում 4 տարի ժամկետով` որոշակի գործունեությամբ զբաղեցնելու իրավունքից զրկելով 3 տարի ժամկետով եւ տուգանք 600.000 ՀՀ դրամի չափով, ապա կիրառել նրա նկատմամբ 03.11.2018թ. ընդունված ՀՀ ԱԺ համաներում հայտարարելու մասին օրենքը` ազատելով նշանակված ազատազրկում եւ տուգանք տեսակի պատիժներից: Այս տարվա փետրվարին մարզի դատարանը կրկին 2003թ. ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 130 հոդվածի 2-րդ մասով եւ 325 հոդվածի 2-րդ մասով առաջադրված մեղադրանքում գինեկոլոգին արդարացրել է` նրա արարքում հանցակազմի բացակայության հիմքով: Նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցրել: Սակայն խափանման միջոցը դեռ կա, մինչ դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:

Իրինա Ա.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա «մի խումբ անձանց կազմում» նախնական համաձայնությամբ, երկու եւ ավելի անձանց առաջարկել եւ տվել է կաշառք՝ «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի օգտին կողմ քվեարկելու համար։ Յուրաքանչյուր ձայնի համար 15.000-ական ՀՀ դրամ: «Դեպքի» վայրը՝ Արարատի մարզի Նորամարգ գյուղ: Այս գործի «մի խումբ անձանց կազմում» երեք կին կային, մեղադրվում էին: Ուշագրավն այն է, որ կին մեղադրյալների նկատմամբ, որպես խափանման միջոց ընտրված ստորագրությունը՝ չհեռանալու մասին վերացնելու կամ փոփոխելու հիմքեր չկային, ըստ դատարանի՝ «շարունակում են առկա լինել նրանց նկատմամբ նշված խափանման միջոցը կիրառելու օրենսդրական հիմքերն ու պայմանները»:

Արարատի եւ Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի այս տարվա մայիսյան դատավճռի համաձայն՝ Նարինեն, Իրինան, Էլմիրան դատապարտվել են 4-ական տարի ժամանակով ազատազրկման, պայմանականորեն չի կիրառվի: Դատարանը սահմանել է նույնչափ փորձաշրջան, նաեւ պարտականություն է դրել նրանց վրա, այս ժամանակահատվածում՝ մինչեւ դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը չփոխել մշտական բնակության վայրերը:

Դատական գործերի ուսումնասիրությունից պարզեցի, որ կին մեղադրյալների գերակշիռ մասը մարզերից են:

Այսպես, օրինակ, ունենք մի գործ, ազգությամբ եզդի մեղադրյալի մասնակցությամբ: 2022 թվականի հոկտեմբերի 16-ին գործով կազմվել է մեղադրական եզրակացությունը, այն ուղարկվել է Արարատի եւ Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան: Դատավոր Սարգիս Հովհաննիսյանն արդեն հրապարակել է դատավճիռը Զինաիդա Ս.-ի վերաբերյալ: Դատարանը վերացրել է նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ բացակայելու արգելքը:

Մեղադրյալը փողոցում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել էր իր համագյուղացու հետ, որից հետո՝ նույն օրը դարձյալ փողոցում նկատելով մոտոցիկլետով անցնող տուժողին՝ հարեւանին ու նրա անչափահաս որդուն, գետնից վերցրել է ազբեստե թիթեղը, «դիտավորությամբ հարվածել է» հարեւանի եւ որդու դեմքին, ինչի հետեւանքով հարեւանին պատճառել դեմքի աջ այտային շրջանի քերծվածքի ձեւով, առողջության թեթեւ վնաս, առողջության կարճատեւ քայքայումով մարմնական վնասվածքներ… Դատարանը ՀՀ քրեական օրենսգրքի (ընդունված՝ 18.04.2003թ., ՀՕ-528-Ն) 117-րդ հոդվածով քրեական հետապնդումը դադարեցրել է եւ վարույթը կարճել՝ տուժողների հետ հաշտվելու հիմքով:

Սակայն առկա է բողոք, բողոքաբեր կողմը միջնորդում է վարույթը փոխանցել առաջին ատյանի դատարան՝ անչափահաս տղայի մասով, նոր վարույթ իրականացնելու համար:

Շիրակի մարզում Ժանետա Գ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա խախտելով ՀՀ կառավարության 09.11.2017 թվականի թիվ 1402-Ն որոշման պահանջը, այն է` բոլոր դեղերը` բացառությամբ առանց դեղատոմսի տրվող դեղերի, դեղատներից բաց են թողնվում միայն ՀՀ կառավարության 09.11.2017 թվականի թիվ 1402-Ն համար 2 հավելվածով հաստատված դեղատոմսերով, ապօրինի, իրացնելու նպատակով, չպարզված հանգամանքներում, չպարզված անձից ապօրինի ձեռք է բերել եւ Գյումրի քաղաքի իր դեղատանը թվով ութ դեղապատիճով ապօրինի պահել է ընդհանուր խոշոր չափերով՝ 2.3475 գրամ ընդհանուր քաշով «Պրեգաբալին» տեսակի հոգեմետ նյութ:

2022 թվականի նոյեմբերի 30-ին դատարանը նրան դատապարտել է ազատազրկման 4 տարի ժամկետով, նաեւ վճռել՝ նշանակված ազատազրկման ձեւով պատիժը պայմանականորեն չկիրառել՝ սահմանելով փորձաշրջան 3 տարի ժամկետով:

Ժանետա Գ.-ի նկատմամբ ընտրված ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը թողնվել անփոփոխ մինչեւ դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:

Հազվադեպ է պատահում, երբ բնակարանային գողոթյան մեջ կին է մեղադրվում: Արմինե Մ.-ն 2023 թվականի փետրվարին օգտվելով բնակարանի մուտքի դուռը բաց լինելու հանգամանքից, ապօրինի մուտք էր գործել Երեւանի Մայիսի 9-ի փողոցի շենքերից մեկի բնակարան, հյուրասենյակում առկա բազկաթոռի վրայից գաղտնի հափշտակել 5.000 ՀՀ դրամ արժողության «Դոլչե ընդ Գաբանա» ապրանքանիշի պայուսակը, որի մեջ եղել են արժեք ներկայացնող կոսմետիկ պարագաներ եւ մետաղադրամ, ննջասենյակում առկա աթոռի վրայից՝ 320.000 ՀՀ դրամ արժողության «Այֆոն 12 պռո մաքս» ապրանքանիշի բջջային հեռախոսը: Նրա նկատմամբ, որպես խափանման միջոց, ընտրվել է բացակայելու արգելքը: Իսկ դատարանը վերջնական պատիժ է նշանակել ազատազրկում՝ 5 տարի 5 ամիս 28 օր ժամկետով:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
25.10.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031