Լրահոս
Օրվա լրահոսը

«3+3»-ի հանդիպումը, սակայն, այս անգամ եւս 5 մասնակիցներով

Հոկտեմբեր 26,2023 12:00

Նախարարները պայմանավորվեցին` հաջորդ հանդիպումը կկայանա Թուրքիայում

2021թ. դեկտեմբերի 10-ին Մոսկվայում տեղի ունեցավ խորհրդատվական տարածաշրջանային հարթակի («3+3») ձեւաչափով առաջին հանդիպումը՝ ԱԳ փոխնախարարների մակարդակով։ Հիշեցնենք, որ տարածաշրջանային այս ձեւաչափի մասին առաջինը հայտարարեց պաշտոնական Անկարան ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո, առաջարկելով տարածաշրջանի հեռանկարների ու խնդիրների քննարկման համար նոր հարթակ ստեղծել՝ Հարավային Կովկասի երեք պետությունների եւ նրանց երեք մեծ հարեւանների՝ Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի մասնակցությամբ։

Վրաստանը դեռ այդ ժամանակ հայտարարեց, որ չի նախատեսում մասնակցել նախաձեռնությանը, սակայն միեւնույն ժամանակ, Թբիլիսին Բաքվին եւ Երեւանին առաջարկեց բանակցությունների իր ձեւաչափը՝ «եռյակի» տեսքով խաղաղություն պահպանելու համար։ 2021թ. դեկտեմբերի 10-ին, ի վերջո, Մոսկվայում կայացավ խորհրդատվական տարածաշրջանային հարթակի առաջին հանդիպումը՝ ԱԳ փոխնախարարների մակարդակով:

Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 10-ին Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտնեց, թե Երեւանը պատրաստ է այդ ձեւաչափով հանդիպումներին: Ահա, հոկտեմբերի 23-ին Թեհրանում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մասնակցեց այդ ձեւաչափով հանդիպմանը, որին մասնակցեցին Իրանի, Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարարները: Վրաստանն այս անգամ եւս չմասնակցեց հանդիպմանը։

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Թեհրանում ունեցած իր ելույթում նշել է, որ կան խնդիրներ, շատ բարդ խնդիրներ, կա պատմություն, եւ այդ խնդիրները պետք է հասցեագրվեն, այլապես տարածաշրջանը դատապարտված կլինի ընդմիշտ մնալ անցյալում։ Նա հավելել է, որ առկա խնդիրների կարգավորումը կարող է տարածաշրջանում ապահովել համագործակցային մթնոլորտ՝ որպես զարգացման կարեւոր երաշխիք։ Ընդգծելով, որ ապագայի ծրագրերը հնարավոր չի լինի կյանքի կոչել, եթե տարածաշրջանային համակեցության՝ միջազգային իրավունքով սահմանված կարմիր գծերը չհարգվեն բոլորի կողմից՝ Միրզոյանը որպես ուղենիշ նշել է ՄԱԿ կանոնադրության նպատակներն ու սկզբունքները եւ ի մասնավորի ուժի եւ ուժի սպառնալիքի կիրառման բացառումը, պետությունների տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, սահմանների անքակտելիության սկզբունքները, ինչպես նաեւ մարդու հիմնարար իրավունքների պաշտպանությունը։ «Ընդ որում, կարեւոր է հավատարմությունն այս սկզբունքներին ինչպես մեր գործողություններում, այնպես էլ մեզանից յուրաքանչյուրի հռետորաբանության մեջ։ Ագրեսիվ եւ սպառնալիքներով լի հռետորաբանության պայմաններում դժվար է պատկերացնել նպաստավոր մթնոլորտի ստեղծում, որը թույլ կտա կյանքի կոչել տարածաշրջանային հավակնոտ նախագծեր։ Հայաստանն, իր հերթին, հավատարիմ է այս սկզբունքներին»,-շեշտել է Արարատ Միրզոյանը։

Վկայակոչելով նախորդ՝ 2021թ. դեկտեմբերին կայացած հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունն առ այն, որ այս խորհրդակցությունները չեն վերածվելու հակամարտությունների քննարկման հարթակի, այլ առավելապես կենտրոնանալու են համատեղ տնտեսական եւ զարգացման օրակարգերի վրա՝ Միրզոյանը նշել է, որ Հայաստանը կարեւորում է տարածաշրջանային համագործակցությունը տնտեսության, լոգիստիկայի, էներգետիկայի, ջրային ռեսուրսների կառավարման, մշակութային ժառանգության պահպանման եւ այլ ոլորտներում։

Անդրադառնալով տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը՝ նա նկատել է, որ ՀՀ-ն լինելով դեպի ծով ելք չունեցող պետություն, շահագրգռված է տարածաշրջանում բոլոր ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ եւ հետագա զարգացմամբ. «Պետությունների ինքնիշխանության եւ իրավազորության հարգման, փոխադարձության եւ հավասարության սկզբունքների հիման վրա Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է մաս դառնալ տարածաշրջանային ենթակառուցվածքային նախագծերին։ Մենք կարծում ենք, որ հյուսիս-հարավ եւ արեւելք-արեւմուտք տրանսպորտային ուղիների հատումը մեր տարածաշրջանում եւ այդ թվում՝ Հայաստանի ինքնիշխան տարածքում, յուրօրինակ «խաղաղության խաչմերուկ» կարող է դառնալ մեզ բոլորիս համար»:

Այնուհետեւ, Միրզոյանը հստակեցրել է ասելիքը, հավելելով, որ ՀՀ-ն կարեւորում է հատկապես երկաթուղային ենթակառուցվածքների՝ միմյանց ինտեգրման գործընթացը, այդ թվում՝ անհրաժեշտ ենթակառուցվածքների կառուցման կամ վերագործարկման միջոցով. «Հայաստանի Հանրապետությունը շահագրգիռ է Ադրբեջանի տարածքով երկաթուղային կապ ունենալ Իրանի, Ռուսաստանի եւ Կենտրոնական Ասիայի հետ՝ փոխադարձության սկզբունքով ապահովելով իր տարածքով անցնող երկաթուղու հասանելիությունը տարածաշրջանային մյուս երկրների, ինչպես նաեւ այլ միջազգային անցման համար։ Այս համատեքստում ոչ պակաս կարեւոր է նաեւ Գյումրի-Կարս երկաթգծի վերագործարկումը, ինչպես նաեւ Հյուսիս-Հարավ նախագծի մի ճյուղի՝ Հայաստանի տարածքով անցկացումը»։

Թեհրանում կայացած «3+3» տարածաշրջանային հարթակի երկրորդ հանդիպումը ամփոփվեց համատեղ հաղորդագրությամբ, որում մասնավորապես ասվում էր, որ նախարարները, «Հաշվի առնելով երկրների միջեւ փոխադարձ շահերի եւ բարիդրացիական հարեւանության վրա հիմնված հարաբերությունների զարգացման կարեւորությունը` ընդգծել են այդ առումով վեճերի խաղաղ կարգավորման, ինքնիշխանության հարգման, քաղաքական անկախության, տարածքային ամբողջականության, միջազգայնորեն ճանաչված սահմանների անխախտելիության, ներքին գործերին չմիջամտելու, սպառնալիքի կամ ուժի կիրառման արգելքի եւ մարդու իրավունքների հարգման կարեւորությունը` Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության բոլոր սկզբունքների հիման վրա»: Ասվում էր, որ նախարարները քննարկել են տարածաշրջանում առկա ամենակարեւոր հարցերը եւ ընդգծել այնպիսի հարթակների, ինչպիսին է տարածաշրջանային խորհրդատվական «3+3» հարթակի կարեւորությունը՝ կառուցողական երկխոսության հնարավորություններ ապահովելու եւ տարածաշրջանի այն երկրների միջեւ փոխշահավետ համագործակցություն հաստատելու համար, որոնք առաջնային դեր ունեն այդ առումով, կարեւորել են տնտեսական համագործակցության դրական ազդեցությունը փոխադարձ վստահության ամրապնդման, ազգերի բարեկեցության եւ տարածաշրջանի կայունության վրա։ Տեւական խաղաղության եւ տնտեսական զարգացման խթանման համար, նախարարները գտնում են, որ պետք է ամրապնդեն երկկողմ եւ բազմակողմ խորհրդակցություններն ու փոխգործակցությունը: Նրանք ողջունել էին տարածաշրջանի բոլոր երկրների միջեւ հարաբերությունների կարգավորմանն ու զարգացմանն ուղղված ընթացող գործընթացները:

Հանդիպման արդյունքներով նաեւ հայտնի է, որ «3+3» տարածաշրջանային հարթակի պարբերական հանդիպումները կարեւորելով, նախարարները պայմանավորվել են, որ հաջորդ հանդիպումը կայանալու է Թուրքիայում:

Հոկտեմբերի 23-ին Թեհրանում Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսին ընդունեց եւ Հայաստանի, եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներին: ՀՀ ԱԳ նախարարը եւ ԻԻՀ նախագահը կարեւորել էին տարբեր ոլորտներում ՀՀ-ԻԻՀ փոխգործակցության խորացումը եւ այդ ուղղությամբ պայմանավորվածությունների իրականացման գործուն քայլերի իրականացումը: Արարատ Միրզոյանը եւ Էբրահիմ Ռայիսին քննարկել էին նաեւ տարածաշրջանային եւ միջազգային անվտանգությանը վերաբերող հարցեր:

Թեհրանյան հարթակի հանդիպման շրջանակներում կայացավ նաեւ Արարատ Միրզոյանի եւ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հանդիպումը: «Քննարկվել են ընթացիկ տարածաշրջանային եւ երկկողմ օրակարգային հարցեր: Վերահաստատվել է նախկինում ձեռք բերված պայմանավորվածություններն ի կատար ածելու պատրաստակամությունը», ասվում էր պաշտոնական Երեւանի տարածած հաղորդագրության մեջ:

Պաշտոնական Թեհրանը համարում է, որ «3+3» ձեւաչափով արտգործնախարարների հանդիպումը կարող է հիմք դառնալ Հարավային Կովկասում խաղաղության եւ մարտահրավերներին վերջ դնելու համար։ Մասնավորապես այս մասին շեշտեց Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը` կարեւորելով տարածաշրջանային խաղացողների եւ հարեւանների դերը:

Մոսկվան այս հարթակի վերաբերյալ ունի ընդգծված դրական վերաբերմունք, ավելին, յուրաքանչյուր հանդիպումից հետո վստահեցնում են, որ կարող են Թբիլիսիին համոզել ի վերջո մասնակցել հանդիպումներին: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Թեհրանում «3+3» ձեւաչափով արտգործնախարարների վերջին հանդիպումից հետո եւս նշեց, թե այս հանդիպման ձեւաչափը տեսանելի ապագայում կարող է աշխատել Վրաստանի հետ: «Թբիլիսիի ներկայիս իշխանությունները, ինչպես արդեն մեկ անգամ չէ, որ ապացուցել են, իրենց բոլոր գործողություններում հիմնականում ելնում են ազգային հիմնարար շահերից: Սա հիմք է տալիս ենթադրելու, որ մոտ ապագայում «3+3» ձեւաչափը հնարավոր է գործի լիարժեք», նշեց Լավրովը։ Նրա խոսքով` հանդիպման ընթացքում բոլոր մասնակիցները համաձայնվել են, որ «3+3» ձեւաչափի դուռը բաց է մնում Վրաստանի համար. «Մենք հասկանում ենք, թե ինչու է Վրաստանի ղեկավարությունը մինչ այժմ զերծ մնում այս «վեցյակին» միանալուց, եւ գնահատում ենք, որ Վրաստանի ղեկավարությունը ելնում է ապագայում դա անելու հնարավորությունից»։

Ինչ վերաբերում է Արեւմուտքին, մասնավորապես` Միացյալ Նահանգներին, որը Հայաստանի եւ Ադրբեջանի հետ ակտիվորեն աշխատում է խաղաղության հաստատման ուղղությամբ, ապա այս ձեւաչափի նկատմամբ վերաբերմունք արտահայտելիս, թեեւ ողջունեցին «ցանկացած բարեխիղճ պարտավորություն, որը նպաստում է խաղաղությանն ու կայունությանը Հարավային Կովկասի ժողովուրդների համար», այնուամենայնիվ, կասկածանքի տարրեր նկատվեցին նրանց գնահատականում: Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը, արձագանքելով Թեհրանում «3+3» ձեւաչափով կայացած հանդիպմանը, նշեց. «Ինչ վերաբերում է Հայաստան-Ադրբեջան հարցին, մենք ողջունում ենք ցանկացած բարեխիղճ պարտավորություն, որը նպաստում է Հարավային Կովկասի ժողովրդի խաղաղությանն ու կայունությանը, անկախ նրանից, թե որտեղ են տեղի ունենում այդ բանակցությունները, կամ ով է ընդունում դրանք»: Միեւնույն ժամանակ Պետդեպի խոսնակը հավելեց, որ ճանաչում են Հարավային Կովկասի աշխարհագրական նուրբ դիրքը Իրանի եւ Ռուսաստանի նկատմամբ, սակայն «վստահելի գործընկերներ» չեն գտել այդ երկրներում։

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 25.10.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031