Շիրակի մարզպետը շարունակում է այցելությունները Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Շիրակի մարզում բնակություն հաստատած ընտանիքներին
Մարզպետը Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանի, մարզպետի աշխատակազմի պատասխանատուների հետ այսօր տեսակցել է Ախուրյանում բնակություն հաստատած Շաքարյանների ընտանիքին։
Վազգեն Շաքարյանը տիկնոջ և 3 որդիների ընտանիքների հետ բնակվում է Ախուրյանում, 13 հոգանոց ընտանիքն ապրում է վարձով տանը։ Մարզպետի հետ զրույցում Շաքարյանները նշել են, որ շատ գոհ են Շիրակի մարզի պատասխանատուների վերաբերմունքից և հավատացրել, որ սիրով կմնան համայնքում, արդեն հասցրել են խոճկորներ գնել և շարունակելու են անասնապահությամբ զբաղվել ու իրենց առօրյա հոգսերն հոգալ։
Մարզպետը հետաքրքրվել է ընտանիքի կարիքներով, պատասխանել հուզող բոլոր հարցերին, իրազեկել այս պահին գործող աջակցության ծրագրերի մասին, բացատրել դրանցից օգտվելու կարգը։
Կարդացեք նաև
«Հարգելիներս, շատ բարդ իրավիճակում եք հայտնվել, մենք որպես մարզային իշխանություն, պատրաստ ենք անելու հնարավորը ձեր խնդիրների լուծման համար, որպեսզի այս մարտահրավերը հաղթահարենք միահամուռ ուժերով։ Մենք հասանելի ենք օրվա ցանկացած ժամի և կանենք հնարավորը ձեր կողքին կանգնելու և ձեր խնդիրները թեթևացնելու համար»,- նշել է Մուշեղ Մուրադյանը։
Մարզպետն աշխատակազմի պատասխանատուների հետ եղել է նաև Ախուրյան համայնքի Ջրառատ բնակավայրում հաստատված Գրիգորյանների ընտանիքում, լսել նրանց մտահոգություններն ու կարիքները, պատասխանել հուզող հարցերին, պատրաստակամություն հայտնել աջակցելու։
Շիրակի մարզպետի աշխատակազմ