Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն անդրադարձավ ահազանգերին, որ Արցախից բռնի տեղահանված անձինք տուգանվել են տրանսպորտային միջոցների վարման ժամանակ արված խախտումների համար։ Նա ասաց, որ վիճակագրական տվյալներ չունեն, թե քանի անձ է վարչական պատասխանատվության ենթարկվել։ «Սակայն ունենք եւ գույքային, եւ մարմնական վնասվածքներով պատահարների դեպքեր։ Ուզում եմ նշել, որ կոնկրետ իմ կողմից պարեկային ծառայությանը եւ ճանապարհային ոստիկանությանը տրվել է հանձնարարական, որպեսզի մեկ ամիս լինեն բավական մեղմ եւ ոչ մի վարչական արձանագրություններ չկազմեն»,- ասաց նա։ Խոսքը սեպտեմբերի 25-ից մինչեւ հոկտեմբերի վերջ ժամանակահատվածի մասին է։
Վահե Ղազարյանն ասաց, որ այդ ժամանակահատվածում միայն նախազգուշական աշխատանքներ կտարվեն։ Նա հավելեց, որ շատ դեպքեր կան, որ կեղծ համարանիշներով, թաղանթապատված կողային ապակիներով են վարում մեքենաները․ «Ես գտնում եմ, որ դա ճիշտ չէ»։ Նա նաեւ հավելեց, որ այդ մեկ ամսվա ընթացքում տեսալուսանկարահանման համակարգի կողմից արձանագրված խախտումները չեղյալ կարվեն։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ