Լրահոս
Օրվա լրահոսը

««Ուռռա» հայրենասիրության պաթոսով է տարիներ շարունակ ողողված եղել մեր դպրոցը»․ ԿԳՄՍ նախարարը՝ պատմության դասագրքի մասին

Հոկտեմբեր 25,2023 20:20

Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ԿԳՄ նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձավ 7-րդ դասարանի հայոց պատմության դասագրքի շուրջ ստեղծված իրավիճակին։ Ընդդիմադիր պատգամավոր Լիլիթ Գալստյանն ասաց, որ սխալները կամ բացթողումները արժեքաբանական են, գիտական բնույթի, նաեւ քիչ չեն քերականական սխալները։

«Ես ընդամենը մի քանի փաստ ներկայացնեմ՝ Հայկական լեռնաշխարհի տարածքը բնութագրվում է իբրեւ ենթադրյալ նախահայրենիք։ Ոչ գիտական վարկածի հիման վրա հերքվում է հայերի տեղաբնիկ լինելու տեսությունը եւ կասկածի տակ է դրվում հայկական լեռնաշխարհի հնդեվրոպական նախահայրենիքի մաս լինելը։ Դասագրքում բառ չկա «հայրենիք», «ազգ» հասկացությունների եւ պատմական ժառանգության քաղաքակրթական եզրույթի մասին։ Քարտեզում շատ են սխալ տեղանունները, մակերեսային են ներկայացված պատմիչները, ինչպես նաեւ արժեւորված չէ հայ եկեղեցու պատմական դերակատարությունը»,- ասաց Լիլիթ Գալստյանը։ Նա Ժաննա Անդրեասյանին հարցրեց՝ դասագրքերը պետք է անցնեն օրենքով սահմանված փորձաքննություն, նաեւ համապատասխան կարգերով առարկայական հանձնաժողովներ են ստեղծվում, որոնք պետք է ուսումնասիրեն եւ գնահատական տան այդ դասագրքերին։ Արդյոք փորձաքննություն իրականացվե՞լ է, հանձնաժողովը չի՞ նկատել, թե՞ թերացել է։ «Ինչպիսի՞ն է այս դասագրքի հետագա ճակատագիրը, տիկին Անդրեասյան»,- հարցրեց Լիլիթ Գալստյանը։

Ժաննա Անդրեասյանն ի պատասխան ասաց, որ հանրակրթության բարեփոխումների քննարկումների սկզբից ի վեր չի դադարում աղմուկը, եւ այդ աղմուկի մի զգալի մասը թիրախավորված արշավ է՝ ընդդեմ հանրակրթության բովանդակային փոփոխությունների։

«Այո, այդ փոփոխություններն իրենց հիմքում ունեն արժեբանական փոփոխություններ, որովհետեւ մենք բազմիցս հայտարարել ենք, որ մեր դպրոցում ամենակարեւոր առանցքը, որի շուրջ պետք է կառուցվի առանցքը, դա մեր պետությունն է եւ պետականությունը։ Եվ, բնականաբար, պատմությունը՝ որպես ամենաառանցքային առարկաներից ու դասընթացներից մեկը, որը պետք է ուսուցանվի, այն առարկաներից մեկն է, որտեղ այդ պետականության արժեքը պետք է ամրապնդվի։ Եվ պատմություն առարկայի ուսուցման հիմնական նպատակը պատմական մտածողության ձեւավորումն է մեր երեխաների մոտ, որից պարզ պետք է դառնա, որ պատմությունը բազմաշերտ իրողություն է եւ ամենակարեւորը՝ պետք է ունենալ համադրելու, վերլուծելու, համեմատելու, եզրահանգումներ անելու, ինքնուրույն դատողություններ կազմելու ունակություններ ու հմտություններ, որոնք այնքան բացակայում են մեզ այդ, այսպես կոչված «ուռռա» հայրենասիրության ու պաթոսի մեջ, որով տարիներն շարունակ ողողված է եղել մեր դպրոցը եւ որից շատ դժվար է լինելու մեր դպրոցն ազատել։

Հետեւաբար, ես խնդրում եմ համակերպվել այն աղմուկի հետ, որը կա, մենք ուշադիր ենք այն բոլոր բովանդակային ու ռացիոնալ դիտարկումներին, որոնք արվում են։ Դասագրքերն առաջին տարին է, որ մտնում են դպրոց, բոլոր այն դիտարկումները, որոնք վերաբերում են տեխնիկական վրիպակներին, փաստական անճշտություններին, դրանք բոլորը կլրամշակվեն։ Արդեն երկրորդ կիսամյակի ընթացքում կլինեն համապատասխան ուղղումները։ Իսկ ինչ վերաբերում է ընդհանուր մոտեցումներին, դրանք չեն սրբագրվելու, որովհետեւ այդ մոտեցումներն են, որոնք կազմում են հանրակրթության բովանդակային փոփոխության առանցքը»,- ասաց նա։

Նախարարը հավելեց․ «Ես բոլորովին չեմ կարծում, որ ծնողները պետք է որոշեն դասագրքի բովանդակությունը։ Այստեղ կարեւոր է այն կարծիքների ներառումը, որտեղ իրոք կա ռացիոնալության հատիկ։ Եթե հետեւել եք հեղինակի պարզաբանումներին, նա մանրամասն անդրադարձել է բոլոր այն դիտարկումներին, որոնք կապ ունեն փաստերի գիտականության հետ կապված խնդիրների հետ։ Ես եւս մեկ անգամ տեղեկացնում եմ, որ աղմուկն ուղղակի չի խանգարելու եւ մեզ չի շեղելու այն փոփոխությունների ընթացքից, որոնք պլանավորված են»։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Ասֆալտին պառկեցված says:

    Իսկ պետրոսի կողակից նախարարուհին կողմնակից է ուռռա պարտվողասիրությանը, ուռռա քիրվայասիրությանը” և ուռռա ծառայամտությանը։

  2. Ասֆալտին պառկեցված says:

    Առաջարկում եմ, որ պետրոսը էդ թեմայով բանավեճ կազմակերպի, հրավիրելով իր նազելի կնոջը և ուռռա հայրենասերներին ու իր շուստրի ոճով բանավեճում կնոջը չեմպիոն դարձնի։ Բա դրանից հետո չարժի? նիկոլից մի հատ էլ պրեմիա ուզի քիրվայապաշտության քարոզի համար։

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031