Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ հարցին, թե ինչո՞ւ է չեղարկվել Բրյուսելում նախատեսված հանդիպումը։
«Այո, նախատեսված է այդպիսի հանդիպում, բայց հիմա հայտարարությունը եւ փաստն այն է, որ հոկտեմբերին դա չի կայանա։ Եվ ենթադրում եմ՝ պատճառն այն է, որ Ադրբեջանի նախագահը չի հաստատել իր մասնակցությունն այդ հանդիպմանը։ Բայց նաեւ կան աշխատանքային մանրամասներ, մենք առաջիկա օրերին Եվրամիության գործընկերներից կփորձենք պարզաբանումներ ստանալ եւ հասկանալ հետագա անելիքները։ Իհարկե, որոշ հարցերի պատասխան ունենք, բայց նաեւ չէի ցանկանա շտապել այդ ամենի վերաբերյալ գնահատական հնչեցնել։ Ես կարող եմ ասել, որ մենք, ինչպես նախկինում, պատրաստակամություն ենք հայտնել, որպեսզի մասնակցենք այդ հանդիպմանը։ Եվ նաեւ ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն հանգամանքի վրա, որ Եվրամիության խորհրդի նախագահի 2023 թվականի հուլիսի 15-ի հայտարարության մեջ արձանագրված են այն երեք կարեւոր սկզբունքները, որոնց հիման վրա պայմանավորվել ենք, որ պետք է տեղի ունենա խաղաղության գործընթացը եւ կնքվի խաղաղություն։ Դրանից առաջինը Հայաստանի եւ Ադրբեջանի՝ փոխադարձաբար միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելն է։
Ընդ որում, այդտեղ կոնկրետ տարածքային չափեր են նշվել, որոնք տարածքների վերաբերյալ քաղաքական գնահատականի արձանագրումներ են։ Երկրորդը՝ Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա սահմանների դելիմիտիացիայի իրականացումն է, եւ երրորդ սկզբունքը՝ տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը պետք է տեղի ունենա երկրների սուվերենության, իրավազորության հիման վրա՝ փոխադարձության եւ հավասարության սկզբունքով։ Մենք պատրաստ ենք առաջ գնալ խաղաղության գործընթացում եւ նախկինում մեր արած հայտարարությունների մեջ որեւէ բան չի փոխվել»,- հավելեց Փաշինյանը։
Անդրադառնալով հարցին, որ կարծես Ալիեւը խուսափում է բրյուսելյան հարթակից, հնչեցնում է, որ ամենահարմար հարթակը մոսկովյան հարթակն է, Նիկոլ Փաշինյանն կրկնեց, որ այդ երեք սկզբունքների հիման վրա պետք է առաջ գնալ ու դրանք տեղայնացնել գետնի վրա։ «Մենք նվիրված ենք խաղաղության օրակարգին, եւ ամեն ինչ կանենք բանակցային առաջընթաց ապահովելու համար»։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ