Հոկտեմբերի 24-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը մասնակցել և տեսաուղերձով է հանդես եկել «Կին քաղաքական առաջնորդների ժողովրդավարության, խաղաղության, անվտանգության» գագաթնաժողովին:
Իր տեսաուղերձում ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, մասնավորապես, նշել է.
«Ձերդ գերազանցություններ, տիկնայք և պարոնայք,
Նախ, թույլ տվեք խորին երախտագիտությունս հայտնել Կին քաղաքական առաջնորդների ցանցին և անձամբ տկն. Սիլվանա Կոխ-Մեհրինին շուրջ մեկ տարվա արգասաբեր համագործակցության համար, որի արդյունքն անկասկած կլինի հաջող գագաթնաժողովի անցկացումը Երևանում, երբ պայմանները թույլ տան:
Կարդացեք նաև
Գագաթնաժողովի համար թեման ընտրելիս, Հայաստանը և Կին քաղաքական առաջնորդները նպատակադրված էին թիրախավորել այն ոլորտները, որտեղ կանանց մասնակցությունը էականորեն շաղկապված է արդար և կայուն լուծումների հետ:
Խորացող անկայունությունն աշխարհում և հումանիտար բազմաթիվ ճգնաժամերը իրենց ազդեցությունն են թողնում յուրաքանչյուրի վրա: Միևնույն ժամանակ ագրեսիվ միլիտարիզմին և մարդու իրավունքների կոպտագույն խախտումներին անհամաչափ պատասխանը ստեղծում է անպատժելիության մթնոլորտ, ուր կանայք և աղջիկները կանգնած են բռնության ենթարկվելու առավել բարձր ռիսկի առջև: Մեր հավաքական նպատակը պետք է լինի անընդհատ զոհի արատավոր շղթան կոտրող և փոփոխություն պահանջող կանանց ձայների և առաջնորդության քաջալերումը:
Ձերդ գերազանցություններ,
Իրավունքահեն մոտեցումները Հայաստանի բարեփոխումների օրակարգի հիմնասյունն են: Հայաստանի կառավարության համար գենդերային հավասարությունը հանդիսանում է կարևոր առաջնահերթություն: Անցյալ տարի մենք ընդունեցինք ՄԱԿ անվտանգության խորհրդի 1325 բանաձևի իրականացման՝ Հայաստանի գործողությունների ազգային երկրորդ ծրագիրը:
Միայն վերջին երեք տարիների ընթացքում հայ ժողովուրդը անցել է պատերազմների աղետների, Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների, ինչպես նաև մեր ինքնիշխան սահմանների նկատմամբ իրականացված ռազմական ագրեսիաների միջով: Որպես ահաբեկման միջոց՝ Ադրբեջանի ռազմական ուժերը իրականացրել են զարհուրելի հանցագործություններ՝ նպատակային թիրախավորելով կին զինծառայողների: Այդուհանդերձ, մենք շարունակում ենք հավատալ, որ խաղաղությունը, ժողովրդավարական ամուր ինստիտուտները և իրական հավասարությունը մեր հասարակությանը և բանակը ավելի ուժեղ են դարձնում:
Հայաստանը պահպանում է սկզբունքային դիրքորոշում առավել ծանր հանցագործություններին և մարդու իրավունքների կոպտագույն խախտումներին բազմակողմ հնչեղ արձագանքի անհրաժեշտության նկատմամբ և վաղ նախազգուշացման և կանխարգելման մեխանիզմների առավել արդյունավետ կենսագործման ջատագովն է հանդիսանում:
Այս բոլոր ջանքերը կարող են արդյունք ունենալ եթե գիտակցումը, որ կանանց լիարժեք, հավասար և բովանդակալից մասնակցությունը որոշումների կայացմանը, անվտանգության բնագավառում, խաղաղաշինության և մարդասիրական ոլորտներում վերածվի առարկայական գործողությունների՝ տեղական, տարածաշրջանային և բազմակողմ մակարդակներում:
Հայաստանը պատրաստ է իր ներդրումն ունենալ այս ջանքերում: Մենք անհամբերությամբ սպասում ենք մեր հանդիպմանը Երևանում՝ հարթակ տրամադրելու բոլոր նրանց, ովքեր պատրաստ են գործել հանուն հավասարության, խաղաղության և արդարության»:
ՀՀ ԱԳՆ