Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Առավել խիստ միջոցներ կսահմանվեն ինքնակամ շինություններ կառուցելու համար

Հոկտեմբեր 25,2023 17:54

Վերջին տարիներին Կառավարությունը շարունակական ջանքեր է գործադրում արդյունավետ պայքար մղելու ինքնակամ կառույցների դեմ, սակայն նշված քայլերն ամբողջությամբ չեն լուծում ինքնակամ շինությունների կանխարգելման հարցը, ու այս խումբ իրավախախտումները ՀՀ-ում դեռեւս մեծ թիվ են կազմում: Այս իրավախախտումների համար սահմանված վարչական տույժերը համարժեք չեն հանրային վտանգավորությանը: Այս մասին ԱԺ հերթական նիստի ընթացքում ասել է Արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը՝ առաջին ընթերցմամբ զեկուցելով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Զեկուցողի խոսքով նախագծով առաջարկվում է վարչական պատասխանատվության առավել խիստ միջոցներ սահմանել շենքեր եւ շինություններ ինքնակամ կառուցելու, վերակառուցելու, տեղադրելու, առանց թույլտվության շինարարություն կամ տեղադրման թույլտվություն պահանջող շինարարական աշխատանքներ, առանց թույլտվության քանդում կամ ապամոնտաժում իրականացնելու, ինքնակամ կառույցի կասեցման դեպքում շենքեր եւ շինություններ ինքնակամ կառուցելը շարունակելու, ինչպես նաեւ կառուցապատումը համապատասխան քաղաքաշինական գործունեության համար սահմանված քաղաքաշինական նորմերով նախատեսված ժամկետներում չավարտելու համար: Կարգավորումների արդյունքում նախատեսվում է նաեւ փոփոխել կառուցապատումը համապատասխան քաղաքաշինական գործունեության համար սահմանված քաղաքաշինական նորմերով նախատեսված ժամկետներում չավարտելու համար տուգանքի չափերը:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը զեկուցողից հետաքրքրվել է՝ ի՞նչ է փոխում տուգանքի չափի բարձրացումը, չէ՞ որ դրանից հետո ինքնակամ կառույցները մեր երկրում չեն վերանալու: Հարցին ի պատասխան՝ զեկուցողը հայտնել է, որ նախագծի նպատակն է սահմանափակել ինքնակամ կառույցների աճը մեր երկրում:

Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն էլ զեկուցողից հարցրել է՝ վիճակագրություն կա՞, որ կառուցապատողը նախընտրել է վճարել ինքնակամ շինության համար տուգանքը եւ որ դրա չափը եղել է ոչ արդյունավետ:

Հարցին ի պատասխան՝ Արմենուհի Հարությունյանն ասել է, որ 2022 թվականին տեղի ունեցած օրենսդրական փոփոխություններից հետո ստեղծվել է իրավիճակ, երբ քաղաքացուն ավելի ձեռնտու է կառուցել ինքնակամ շինություն ու դրա դիմաց վճարել տուգանք, քան կառուցվող շինության դիմաց թույլտվություն ստանալ: Զեկուցողը նշել է, որ նախագծի նպատակն է բալանսի պահպանումն ու հավելյալ խնդիրներ չստեղծելը:

Նախագծի հարակից զեկուցումը ներկայացրել է Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանը: Խորհրդարանականը հայտնել է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում քննարկել բոլոր խնդիրները:

«Տնտեսվարողների համար պատասխանատվությունը խստացնում ենք, բայց նաեւ պետք է այն պաշտոնյաների համար խստացնենք պատասխանատվությունն ու վերահսկողությունը, որոնք տնտեսվարողներին պետք է պատշաճ ծառայություն մատուցեն»,- նշել է Բաբկեն Թունյանը:

ՀՀ ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031