«Չեմ համարում, որ իրավիճակը փակուղային է: Հայկական կողմի ակտիվ քաղաքականությամբ եւ ակտիվ շփումների շնորհիվ մենք գործընթացը, այնուամենայնիվ, ինչ-որ տրամաբանության ենք բերել, որը բոլորի համար ընդունելի տարբերակ է»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ խոսելով բանակցությունների մասին:
Հարցին՝ Ադրբեջանի պատճառո՞վ է հետաձգվում բրյուսելյան հանդիպումը, իրե՞նք են հետաձգել՝ նա պատասխանեց. «Մեր կողմից նման հայտարարություն չկա, ենթադրում եմ, որ ավելի շատ դա ադրբեջանական կողմից է»:
Հարցին՝ հնարավո՞ր է որ «3+3» ձեւաչափով հանդիպմանը չգնայինք՝ Բրյուսելում հանդիպումը լիներ՝ նա պատասխանեց. «Չեմ կարծում, որ կխանգարի, վերջիվերջո մենք չենք կարող մեր տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներից դուրս մնալ: «3+3»-ը մեր երկրի համար կարեւոր է այնքանով, որքանով մեր անմիջական հարեւանների հետ մեզ չենք կարող դուրս թողնել: Ես դեռ «3+3»-ին դիտարկում եմ որպես սկսնակ ֆորմատ եւ գնահատականներ չեմ ուզում տալ»:
Հարցին՝ Ալիեւը ինչո՞ւ է խուսափում արեւմտյան բանակցություններից՝ նա պատասխանեց. «Մեր դիվանագիտական լավ աշխատանքի՝ ԱԳՆ-ի, վարչապետի, պառլամենտական դիվանագիտության… կարծում եմ, մենք կարողացել ենք Արեւմուտքի մեր գործընկերներին բացատրել, ցուցադրել, բերել այն բանին, որ երկակի հայտարարություններ չենք ստանում, արդեն կարելի է տարբերել՝ որտեղ են ՀՀ իրավունքները, որտեղ է Ադրբեջանը: Իմ անձնական կարծիքն է՝ կոմֆորտի բացակայություն կա»:
Կարդացեք նաև
Հարցրեցինք՝ ՌԴ դեսպանը հրավիրվել է ԱԳՆ ու բողոքի հայտագիր ստացել, սա առաջին դեպքը, չէ, երբ ՌԴ դեսպանին կանչում են եւ բողոքի նոտա հղում, կարո՞ղ ենք ասել, որ հայ-ռուսական հարաբերությունները այլեւս թեւակոխել են այնպիսի փուլ, որ միայն փոխադարձ քննադատություններ ու բողոքներ են մնացել՝ Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Այդ հարցը ճիշտ է տալ ռուսական կողմին, որովհետեւ հայկական կողմը մշտապես իրեն պարկեշտ հռետորաբանության մեջ է պահել եւ երբեւիցե իրեն ոչ դաշնակցային, ոչ գործընկերային ձեւով չի դրսեւորել: Եվ այն իրավիճակը, որը եղել է, ոչ միայն հաղորդումը, խի էդ հաղորդումը առաջի՞ն դեպքն էր, նույն ԱԳՆ-ի հայտարարությունը, թե «վատ պարողին ինչն է խանգարում», նույն պրոպագանդայով զբաղվող հայտնի անձանց հայտարարությունները, վիրավորանքները ուղիղ»:
Հիշեցրինք՝ բա ձե՞ր հայտարարությունները, որ քարտուղարուհի էիք ասում Զախարովային՝ նա պատասխանեց. «Ես դրա մեջ վիրավորական բան չեմ տեսնում: Երկրորդը՝ ես կարծում եմ բոլորդ նկատել եք, որ դա ի պատասխան է եղել եւ վստահ եմ, որ ռուսական կողմը, այս ամբողջ իրավիճակից ելնելով, գիտեք ինչ, իրենք փորձում են ինչ-որ բաներ անել, որոնք որ մեր հասարակության մեջ, որը բավականին փոքր է, բավականին տեղեկացված է, ժողովրդավար է, հակառակ էֆեկտն է տալիս: Ես չգիտեմ իրենց խորհրդատուներն ովքեր են, բայց այդ նույն ծրագիրը, որի մասին նշեցիք, նույն հայտարարությունները ՀՀ-ում հակառակ արձագանքն են ունենում, թող երկու անգամ մտածեն հաջորդ անգամ՝ նման բան անելուց»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ