«Կառավարության վաղվա նիստում կընդունվի համապատասխան որոշում, որով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր քույրերին ու եղբայրներին կտրվի ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ»,- Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա նշեց, որ այս որոշման նախագիծը բազմիցս քննարկվել է ամենալայն ձեւաչափերով։ «Եվ մեզ համար կարեւոր է եղել հանգել մի որոշման, որն առավելագույնս հնարավորություն կտա ԼՂ մեր քույրերի եւ եղբայրների բոլոր իրավունքները պաշտպանել։ Որոշման էությունը հետեւյալն է եւ ինչի՞ համար ենք դա անում։ Մենք դա անում ենք՝ արձանագրելու համար Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր քույրերի եւ եղբայրների փախստական լինելու հանգամանքը, որպեսզի նաեւ եւ տեղական, եւ միջազգային առումով նրանց իրավունքները պաշտպանելու հնարավորություններն ավելի ընդլայնվեն։ Բոլոր քննարկումների արդյունքում մեր իրավաբան գործընկերները եկել են այդ եզրակացության, որ պետք է գնանք այդ ճանապարհով։ Որոշումից անմիջապես հետո նաեւ ԼՂ մեր քույրերը եւ եղբայրները կունենան հնարավորություն՝ դիմելու Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու համար։ Եվ բնականաբար մենք հնարավոր արագ ձեւերով այդ հարցերը կլուծենք»,- ասաց նա։
Փաշինյանը հավելեց․ «Ճիշտ չի լինի, որ մենք կայացնենք այնպիսի որոշումներ, որոնք հանկարծ որեւէ կերպ շահերի բախում կառաջացնենք ՀՀ քաղաքացիների եւ ԼՂ-ից բռնի տեղահանված մեր քույրերի եւ եղբայրների միջեւ։ Մեր ռազմավարական պլանը ո՞րն է, այս միջնաժամկետ ծրագրերով ստեղծել մի իրավիճակ եւ այդ իրավիճակից հետո ԼՂ-ից բռնի տեղահանված մեր քույրերին ու եղբայրներին հասանելի դարձնել բոլոր էն սոցիալական, զարգացման ծրագրերը, որոնք կան այսօր ՀՀ բոլոր քաղաքացիների համար։ Բայց նաեւ հաշվի առնելով որոշ առանձնահատկություններ՝ այդ ծրագրերը վերաձեւակերպել, բայց այդ վերանայված տարբերակները էլի հասանելի դարձնել բոլորին, որպեսզի չստացվի, որ Հայաստանի քաղաքացիներն ասեն՝ չհասկացանք, մեզ այդ աջակցության ծրագրերն ինչո՞ւ հասանելի չեն»։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ