📢 Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը «ԱՊՐԻ ֆորում 2023. Առաջընթաց՝ անորոշության պայմաններում» համաժողովի շրջանակներում մասնակցել է պանելային քննարկման։
✅ Ողջունելով մասնակիցներին՝ Պաշտպանը նշել է նման միջոցառումների անցկացման կարևորությունը, քանի որ ևս մեկ անգամ հնարավորություն է ստեղծվում խոսել մարդու իրավունքների պաշտպանության համակարգում առկա մարտահրավերների մասին։
✅ Միջոցառումը կրել է հարցուպատասխանի ձևաչափ, քննարկվել են Ադրբեջանում պահվող անձանց, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների իրավունքներին վերաբերելի հարցեր, ներկայացվել են այս առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանի իրականացրած աշխատանքների մանրամասները, անդրադարձ է կատարվել վերոնշյալ թեմայով Պաշտպանի կողմից հրապարակված արտահերթ նախնական զեկույցին։
✅ Անահիտ Մանասյանը հատուկ անդրադարձ է կատարել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հետ անձամբ իր և ՄԻՊ աշխատակազմի կողմից իրականացված փաստահավաք աշխատանքներին, որի ընթացքում ստացվել են ադրբեջանական ագրեսիայի արդյունքում քաղաքացիական անձանց շրջանում մահվան, խոշտանգումների, մարմինների անարգման, անդամախեղման և վատ վերաբերմունքի՝ միջազգային իրավունքով արգելված այլ դեպքերի մասին տեղեկություններ։
Կարդացեք նաև
«Որպես Մարդու իրավունքների պաշտպան անմիջապես ներգրավվել եմ բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանության գործընթացին։ Անձամբ ես և ՄԻՊ աշխատակազմը մեկնել ենք Գորիս, Կոռնիձոր և Վայք՝ տեղում իրականացրել ենք փաստահավաք աշխատանքներ։ Այդ ընթացքում զրուցել ենք ավելի քան 350 անձի հետ։ Փաստահավաք աշխատանքների ժամանակ հետապնդել ենք երկու նպատակ՝ իրականացնել մշտադիտարկում և բացահայտել Հայաստանի Հանրապետությունում նշված անձանց իրավունքների երաշխավորմանը վերաբերելի խնդիրները։ Հաջորդ կարևոր նպատակն էր բացահայտել խոշտանգումների, վատ վերաբերմունքի այլ ձևերի զոհ դարձած անձանց և երաշխավորել նրանց իրավունքների պաշտպանության պատշաճ կառուցակարգերի իրացումը։ Ինձ համար մի բան ակնհայտ էր. ադրբեջանական գործողությունների արդյունքում խախտվել են հիմնարար իրավունքներ»,- նշել է Պաշտպանը։
✅ Անահիտ Մանասյանը հատուկ ընդգծել է, որ հավաքագրված տեղեկությունները ներառվել են Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցում։
«Տեղեկությունների իսկությունն ապացուցող խորհրդապահական հատվածով զեկույցն իմ կողմից առաջինն է ներկայացվել մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող միջազգային կազմակերպություններին և դերակատարներին, այդ թվում` ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում ներկայացվելով որպես մարդու իրավունքների խախտումները վավերագրող փաստաթուղթ։ Շատ կարևոր է, որպեսզի մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող միջազգային կառույցները խնդիրների լուծման առանցքում ունենան մարդու հիմնարար իրավունքները, քանի որ քաղաքական և տարածքային որևէ հանգամանք չի կարող գերակայել մարդու իրավունքներին վերաբերելի արժեքների նկատմամբ»,- ընդգծել է Ա. Մանասյանը։
✅ Ինչ վերաբերում է Ադրբեջանում ազատությունից զրկված էթնիկ հայերին՝ Անահիտ Մանասյանը նշել է, որ նրանց հիմնարար իրավունքներին միջամտությունը տեղի է ունենում միջազգային իրավական չափանիշների և երաշխիքների կոպտագույն խախտումներով։
✅ Ավարտելով խոսքը՝ Անահիտ Մանասյանը նշել է, որ չափազանց կարևոր է բռնի տեղահանված անձանց ցույց տալ, որ իրենք մենակ չեն, գտնվում են պետության և յուրաքանչյուրիս ուշադրության ներքո և իրենց իրավունքների պաշտպանության համար կան հստակ մեխանիզմներ։
📌Նշենք, որ հոկտեմբերի 25-27-ն անցկացվող ֆորումը` ԱՊՐԻ Արմենիայի տարեկան հավաքը, «Առաջընթաց՝ անորոշության պայմաններում» խորագրի ներքո միավորել է քաղաքականություն մշակողներին, գիտնականներին և քաղաքացիական հասարակության և բիզնես առաջնորդներին: Ֆորումի ժամանակ քննարկվել է առկա ճգնաժամը հաղթահարելուն ուղղված անհրաժեշտ քայլերը, ինչպես նաև Հայաստանի կայունությունն ու կայուն զարգացումը խթանելու ուղիները։
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան