Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախահայերի խնդիրը քաղաքական է, ոչ թե մարդասիրական. Արտակ Բեգլարյանը դժգոհ է ՀՀ կառավարությունից

Հոկտեմբեր 25,2023 17:10

Արցախից բռնի տեղահանվածներից 10 հազարից ավելի մարդ արդեն լքել է Հայաստանի հանրապետությունը. այս մասին այսօր «ԱՊՐԻ Արմենիա»-ի «Առաջընթաց՝ անորոշության պայմաններում» խորագրով համաժողովի ժամանակ հայտարարեց Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։

Արցախից բռնի տեղահանվածների՝ Հայաստանից հեռանալու պատճառն, Արցախի պաշտոնյայի կարծիքով, անորոշությունն է, ուստի, նա նաեւ կարեւոր է համարում, որ այն մարդիկ, ովքեր կորոշեն մնալ Հայաստանում, որոշակիություն տեսնեն, այդ թվում նաեւ իրենց կարգավիճակի եւ հետագա ճակատագրի մասով. «Շատերը կարող են հեռանալ Հայաստանից, բայց շատերը կարող են մնալ ու դրա համար պետք է պայմաններ ստեղծվեն։ Կարեւորը հասկանալն է, որ խնդիրը քաղաքական է, ոչ թե մարդասիրական։ Մենք պետք է նայենք պատճառներին, այլ ոչ թե հետեւանքներին»:

Այս համատեքստում, պատասխանատվությունն Արտակ Բեգլարյանը դնում է եւ Հայաստանի իշխանությունների եւ միջազգային կազմակերպությունների վրա ու հատուկ ընդգծեց այն փաստը, որ ՀՀ կառավարությունում ռազմավարական նպատակ չկա այս մասով. «Նրանք ընտրեցին ձուլման ճանապարհը. ես կցանկանայի տեսնել մարդկանց վերադարձը հայրենիք՝ գոնե բարձր ինքնավարության մակարդակով՝ միջազգային երաշխիքով։ Ռուս խաղաղապահներն ու միջազգային կազմակերպությունները ձախողել են իրենց առաքելությունը: Այժմ հայերի՝ Արցախ վերադարձի համար, իդեալականորեն անհրաժեշտ է ՄԱԿ-ի խաղաղապահների տեղակայումը։ Բացի այդ, Լեռնային Ղարաբաղը եւ հարակից տարածքները պետք է ապառազմականացվեն» ։

Արտակ Բեգլարյանը դժգոհեց կարիքների գնահատման դանդաղ ընթացքից, մինչդեռ ինքն այն կարծիքին է, որ դա վաղուց պետք է արվեր: Ամեն դեպքում, նա հույս ունի, որ առաջիկա երկու ամիսների ընթացքում այդ աշխատանքները կավարտվեն։

«Հայաստանի իշխանությունները կենտրոնացած են միայն անձնական կարիքները լուծելու վրա, սակայն խնդրին պետք է մոտենալ Արցախի ժողովրդի շահերի, արցախցիների հավաքական իրավունքների տեսանկյունից»,- հայտարարեց արցախցի նախկին պաշտոնյան՝ ընդգծելով տեղահանվածներին փախստականի կարգավիճակ տրամադրելու անհրաժեշտությունը, որպեսզի նրանք կարողանան այդ հիմքով պետական ​​աջակցություն ստանալ:

«Այս մեկ ամսվա ընթացքում ՀՀ իշխանությունները հայտարարություններ արեցին ֆինանսական աջակցության մասին, սակայն մարդիկ ստացել են ընդամենը 100 հազար դրամ, թեեւ կան բազմաթիվ կարիքներ, որոնք բավարարելու համար ավելի շատ միջոցներ են պահանջում։ Խնդիրը նաեւ այն է, որ որոշումները կայացվում են առանց Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների տեսակետները հաշվի առնելու»,- ասաց բանախոսը:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031