Լրահոս
Օրվա լրահոսը

Թե ինչպես բումերանգը Կարմիր Հրապարակում պտույտ գործելուց հետո՝ վերադարձավ Հանրապետության Հրապարակ

Հոկտեմբեր 25,2023 17:46

Ռուսաստանի դաշնային «Առաջին ալիք» հեռուստաընկերությամբ հոկտեմբերի 23–ին եթեր հեռարձակվեց թողարկում՝ նվիրված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և վերջին հինգ տարում Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական և Հայաստանի վերաբերող աշխարհաքաղաքական իրադարձություններին։

Միանգամից նշեմ, որ այդ հաղորդման ոչ տոնայնությունը, ոչ շեշտադրումները և ոչ էլ բովանդակային-որակական կողմը չեն համապատասխանում իմ մասնագիտական սկզբունքներին, բայց այս պարագայում խնդիրը մասնագիտական սկզբունքների հարթության մեջ չէ, քանզի իրավիճակը ավելի խորքային է և բնութագրական հայտնի ասույթին՝ «На войне как на войне» (պատերազմում պատերազմի օրենքներով)։

Հայաստանի և Ռուսաստանի միջև ընթանում է տեղեկատվական, իսկ վերջին շրջանում՝ բացահայտ դիվանագիտական հակամարտություն, որը այլևս փաստ է և անզեն աչքով տեսանելի է շփման բոլոր մակարդակներում՝ բացի ամենաբարձրից։ Վլադիմիր Պուտինն ու Նիկոլ Փաշինյանը, ինչպես իրենք են հայտարարում ու վստահեցնում մեզ հրապարակավ, միմյանց հետ խնդիր չունեն՝ ջան ասում են, ջան լսում։

Հիշյալ հաղորդումը սկսվում է ամփոփ ակնարկով՝ վերաբերող Նիկոլ Փաշինյանի կենսագրությանն ու անցած ուղուն՝ թերթի խմբագրությունից մինչև ՀՀ վարչապետի նստավայր։ Արևմտամետ շեշտադրումներով և սորոսախառն կանգառներով՝ հեռուստադիտողի ուշադրությունը հրավիրվում է 2018-ին Հայաստանում Փաշինյանի իրականացրած իշխանափոխության վրա, այնուհետ՝ տաղավարում հյուրընկալված ռուսաստանցի փորձագետներն ու վերլուծաբանները, մեկ ժամ շարունակ փորձում են Փաշինյանից կերտել և կերտում են մոտավորապես այնպիսի կերպար, ինչպիսին, ասենք օրինակ «նախկիններն» են հայկական իրականությունում՝ կոռումպացված, խաբեբա, հայ ժողովրդի հետ կատարված բոլոր-բոլոր ողբերգությունների մեղավոր ու պատասխանատու։

Հեռուստաթողարկման առթիվ ՀՀ ԱԳՆ է կանչվել Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը: Դեսպանին հանձնել են բողոքի նոտա առ այն, որ հիշյալ հաղորդաշարում հնչեցվել են վիրավորական և բացարձակապես անընդունելի արտահայտություններ Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների հասցեին։

Այնուհետ, «Հայկական ժամանակ»-ի կայքում անդրադարձ հրապարակվեց այդ հաղորդման վերաբերյալ, որտեղ հեղինակը սևեռվել է հիմնականում այն հանգամանքի վրա, թե հաղորդման մեջ քննարկվել է Փաշինյանի հագուկապը, ժամացույցի գինն ու բրենդը։ Եվ հարց է հնչեցրել հոդվածագիրը, թե՝ «Երբևէ հայկական որևէ հեռուստաալիքով, այն էլ, ինչպես ընդունված է ասել՝ պետական-պրոպագանդիստական, տեսել եք, որ հաղորդավարը ցինիկին հատուկ տոնով ու տոնայնությամբ քննարկի ՀՀ դաշնակից երկրի ղեկավարի կամ որևէ պաշտոնյայի հագուկապը․․․»։

Ոչ, անկեղծ ասած Պուտինի վերնաշապիկին և զուգագուլպաներին վերաբերող նյութեր, անձամբ ես չեմ հանդիպել հայկական պետական լրատվամիջոցներում, բայց ահա կատաղի ու շռնդալից, ինչպես նաև դիվանագիտորեն, խնամքով ենթատեքստերի տակ ծածկած մեղադրանքներ՝ ուղղված Ռուսաստանի Դաշնությանն և Վլադիմիր Պուտինին՝ ծովից ծով։

«Ռուսաստանը համագործակցում է Թուրքիայի հետ, քանզի նրան, ըստ երեւույթին հերթական անգամ թվում է, թե Անկարան իր հետաքրքրությունները կպաշտպանի Արեւելքում: Այս գործընթացում Ռուսաստանին կրկին կխաբեն, բայց այս անգամ նա կկանգնի նաեւ ողջ Հարավային Կովկասը կորցնելու վտանգի առջեւ, որովհետեւ, հավանաբար, արդեն կորցրել է իր դաշնակցին՝ Հայաստանին: Թուրքիայի դեմ երկու՝ բալկանյան ու կովկասյան ճակատներում մշտապես պատերազմած Ռուսաստանը, ինչպես երեւում է, դուրս է մղվում եւ Բալկաններից, եւ Կովկասից իր իսկ նախաձեռնած քաղաքականության պատճառով»:

Սա մեջբերում է, անցած տարի դեկտեմբերի 23-ին «Հայաստանի Հանրապետություն» պաշտոնական մամուլ հանդիսացող թերթում տպագրված՝ «Ինչու Հայաստանը չստացավ այն, ինչ իրեն է պատկանում» վերտառությամբ հոդվածից, որտեղ, ինչպես մեզ բացատրում է հոդվածագիրը, Հայաստանի անցյալ, պատմական ու ներկա բոլոր կորուստների մեղավորը Ռուսաստանն է։ Եվ այս ենթատեքստով հրապարակումը միակը չէ հայկական մամուլում։

Խնդիրը այն չէ, թե Ռուսաստանի՝ Հայաստանի նկատմամբ պատմական ու քաղաքական իմաստով լավ կամ վատ դաշնակից լինելը ապացուցող հրապարակումներ չպետք է լինեն հայկական մամուլում։ Խնդիրը, ըստ իս այն է, թե՝ ո՞ր պահին պետք է արվեն նման ինֆորմացիոն արշավները ու ի՞նչ նպատակ պետք է հետապնդեն։

«Չափերդ չանցնեք. վիզներդ կտեսնեք, մեզ նահանգի, ղեկավարին էլ` նահանգապետի կարգավիճակում չեք տեսնի։ 1992-ին ես քեզ կդարձնեմ ՀԱՊԿ անդամ։ 7 տարի անց` 1999-ին դու կգլխատվես։ Հետո 80 մլն դոլար պարտքի դիմաց կառավարման կվերցնեմ քո ռազմավարական օբյեկտները (էներգետիկ ենթակառուցվածքներից մինչև երկաթուղի)` քեզ դարձնելով պատանդ։ Դա կանեմ քո ղեկավարի ու իմ գործակալի ստորագրությամբ։ Չի ստորագրի` կփոխեմ։ Կփոխեմ` կկտրվի լափատաշտ դարձրած քո բյուջեից։ Չի ուզում։ Ուրեմն կվերցնեմ։

Դու կդառնաս ԵԱՏՄ անդամ մի քանի ժամում` խաչ քաշելով մի քանի տարի տևած եվրաասոցացման բանակցությունների վրա։ Հետո ես քո թշնամուն 5 մլրդ դոլար արժողությամբ ռազմամթերք կվաճառեմ, որով նա 2016-ի ապրիլին և դրանից հետո կխոցի քո զինվորին` քո ղեկավարի ու իմ` արդեն հաջորդ գործակալի լռությամբ։ Չի լռի` կփոխեմ։ Կփոխվի` կկտրվի լափատաշտ դարձրած քո բյուջեից։ Չի ուզում։ Ուրեմն կվաճառեմ։

Հետո դու գործակալներիս կվռնդես, կասես ես եմ որոշում։ Կասես` արտաքին կուրսը չեմ փոխում, կմնաս ՀԱՊԿ-ում ու ԵԱՏՄ-ում, հետս կգաս Սիրիա խաղաղապահ առաքելության ու միջազգային հարթակներում կքվեարկես ինձ հետ սինքրոն։ Բայց միևնույն ա, խնդիր կա` դու ես որոշում։

Հետո կսկսվի լայնամասշտաբ պատերազմ, ու ես չեմ գա, դու կպարտվես։ Կասեմ քո տարածքը չի։ 2021-ի մայիսին, 2022-ի սեպտեմբերին կհարձակվեն արդեն քո տարածքի վրա, կասեմ սահմանազատված չի։ Գործակալներիս կմոբիլիզացնեմ քեզ փոխելու, բայց բոլոր կանոններին հակառակ դու կլինես, կմնաս։ Պայմանագիր կկնքենք, փողը կտաս, զենքդ չեմ տա, կասեմ խառն եմ, հետո կտամ։ Գործակալներիս գործակալներին կնշանակեմ, խաղաղապահներիս հետ կքաշեմ ու կհրետակոծեն եղբայրներիդ, քույրերիդ ու երեխաներիդ։

Ու դա նորից լավ շանս ա, պարարտ հող. փողոցում ու սոցցանցերում հարթակ կհանեմ փնթի, հակահիգիենիկ գործակալներիս (նրանց կմիանան ազնիվ մոլորյալներ ևս) ու կփորձեմ ստանալ կրիտիկական զանգված` փոխելու քեզ։ Ու դա արդեն կանեմ բացեիբաց. միգուցե վերջին շանսն ա։ Քանի որ դու ճիշտ էիր, դու ուրիշ ես, ինձ նման չես։ Դու ես որոշում, ու ես դա չեմ ուզում։

Հ.Գ. Մեր բոլոր թշնամիներին նման բարեկամ եմ մաղթում։ Ու հա, վիզներդ կտեսնեք, բայց մեզ նահանգի, ղեկավարին էլ` նահանգապետի կարգավիճակում չեք տեսնի։ Չափերդ չանցնե՜ք։ Էստեղ մենք ենք որոշում։ Ժողովուրդն է որոշում»։

Իսկ սա պատգամավոր Արեն Մկրտչյանի մոտ մեկ ամիս արված գրառումն է, որը վերահրապարակվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ֆեյսբուքի պաշտոնական էջում։ Այդ գրառումը լավագույնս է ամբողջականացնում հակառուսական քարոզչության ենթատեքստն ու պատկերը, որը լայն թափով տանում են ներկայիս իշխանությունը, իշխանական մամուլն և իշխանամերձ վերլուծաբաները, ովքեր ի դեպ, պնդում են, թե վերոհիշյալ հաղորդումը «Առաջին ալիքով» հրապարակվեց միայն այն պատճառով, որ Հայաստանը սպառազինություն գնեց Ֆրանսիայից։

Այդ պնդումը շատ նաիվ ու պրիմիտիվ է, քանզի հաղորդման ոճը, բովանդակությունը, սլաքները ցույց են տալիս՝ կուտակված ասելիքի պոռթկում։ Այդ թողարկումը, հայաստանյան ռուսաֆոբ տեղեկատվական քաղաքականության կողմից նետված այն բումերանգն է, որը Կարմիր Հրապարակում պտտվելով՝ վերադարձավ Հանրապետության Հրապարակ։ Եվ եթե այդ բումերանգը նետող ինֆորմացիոն մարտիկները մոռացել էին, որ բումերանգը ունի սլացքի հստակ օրենք։ Եվ եթե նրանք չէին սպասում, որ բումերանգի հասցեատերը կընտրի «на войне как на войне» գործելու անխնա տարբերակը, ապա առնվազն միամիտներ են։

Նախորդ հոդվածում, մատնանշել էի, որ հայկական իշխանությունների քարոզչական քաղաքականությունը ունի բուգի ձև, որի կողմերից մեկը Ռուսաստանն է։ Այսինքն՝ «նախկինների» ու Արցախի «ապաշնորհ» իշխանությունների հետ միասին, իշխանական քարոզչամեքենայի կողմից մահացու մեղադրանքների և լուտանքի հավասար չափաբաժին է ստանում այդ եռանկյունու երրորդ անկյունը՝ Ռուսաստանը։ Եվ կրկին՝ խնդիրն այն չէ, թե արդարացի՞ է արդյոք Ռուսաստանի հասցեին հնչեցվող մեղադրանքը, թե՞ ոչ։ Դա կգնահատի պատմությունն ու ապագայի քաղաքական միտքը, որը, հույս ունենանք, կլինի անաչառ։ Խնդիրը նման քաղաքականության պատեհությունն ու այդ հակաքարոզչության պատճառահետևանքային պատկերն է։ Ինչո՞ւ բորբոքել, առանց այդ կացին քարոզչությամբ էլ թեժ վառվող կրակը դաշնակիցների միջև, եթե կարելի է, գոնե տեղեկատվական-դիվանագիտական հարթակում լինել ավելի զուսպ ու խորամանկ։

ՌԴ դաշնային «Առաջին ալիքը» թողարկումը նպատակ ունի գեներացնել հայկական լսարանի նեգատիվ տրամադրությունները՝ ընդդեմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ցույց տալ նրան, այսպես ասած ողբերգությունների իրական մեղավորին, որը, ըստ նրանց ոչ թե Ռուսաստանն է, այլ Փաշինյանի արևմտամետ վարչակազմի ընտրած քաղաքական վեկտորը։

Իսկ եթե մոտ օրերս լրագրողները հարց ուղղեն Վլադիմիր Պուտինին, թե ինչո՞ւ են ձեր լրագրողներն ու վերլուծաբանները նման՝ ականջին անհաճո բաներ անում Հայաստանի ու ՀՀ վարչապետի հասցեին դաշնային հեռուստաեթերներից, վերջինիս կողմից, թերևս, կհնչի ծանոթ պատասխան՝ թե մենք Նիկոլ Վովայի հետ ընտիր հարաբերությունների մեջ ենք, ուղղակի մեր երկրում մամուլը բացարձակ ազատ է և անում է այն, ինչ ուզում է։ Նույնպիսի պատասխան կտա նաև ՀՀ վարչապետը՝ ռուս լրագրողների հնարավոր նույնատիպ հարցին։

Նաիրա ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031