«Կարեւոր էր եվրոպական ամբիոնից որոշ պարզաբանումներ անել։ Ի՞նչ ենք մենք անում, հենց հիմա մենք հրատարակության ենք ուղարկել մի նյութ, բրոշյուր, որը կոչվում է «խաղաղության խաչմերուկ», որտեղ արտահայտված են մեր պատկերացումները տարածաշրջանային կոմունիկացիաների բացման եւ «խաղաղության խաչմերուկի» հայեցակարգի մասին»,- այս մասին Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Եվրոպական խորհրդարանում իր ունեցած ելույթում հնչեցրած մտքերին։
Նա նշեց, որ առաջիկայում կարճ հոլովակ էլ կնկարվի, որպեսզի պարզաբանվի հարցը՝ կապված «միջանցք» եզրաբանության հետ, որն աշխարհի այլ հատվածներում այլ իմաստ ու նշանակություն ունի, մեր տարածաշրջանում՝ հայտնի հանգամանքների բերումով, մի փոքր այլ նշանակություն։ «Մենք այդ նյութի մեջ ներկայացնում ենք հնարավոր երթուղիները, առաջարկները եւ դա մենք ընկալում ենք որպես տարածաշրջանային նախագիծ։ Պատրաստվում ենք այդ նախագիծն ուղարկել նաեւ միջազգային մի շարք գործընկերների՝ ակնկալելով նաեւ նրանց արձագանքը»,- ասաց Փաշինյանը։
Նա հավելեց․ «Ինչպես Եվրոպական խորհրդարանի ամբիոնից ասացի՝ հայկական խաչմերուկ նախագիծը մի փոքր վերաձեւակերպել ենք։ Ընդ որում, փորձ ենք արել բոլոր ատրիբուտներով օժտել նախագիծը, այն ունի արդեն տարբերանշան, որոշակի բրենդինգ։ Այսօր երեկոյան արդեն տպագիր նյութը պատրաստ կլինի։ Ես հիմա կհրահանգեմ, որ եթե մինչեւ մեր նիստի ավարտը պատրաստ լինի, նաեւ բերեն խորհրդարան, առիթ կունենամ ձեզ հետ կիսվելու, որպեսզի տեսնեք, թե ինչի մասին է խոսքը»։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ