Այսօր իր կրտսեր գործընկերոջ՝ ՔՊ պատգամավոր Վաղարշակ Հակոբյանի ճեպազրույցից հետո ՔՊ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը նրան դիտողություններ, նկատառումներ էր անում, թե որը ոնց պիտի ասեր, որ մասն էր թույլ, «մաստեր կլաս» էր ցույց տալիս: Նա ասում էր, որ լրագրողի հետ խոսելիս դու ես օրակարգը թելադրողը, ոչ թե լրագրողը, ուստի ոնց կուզես՝ լուրը կստեղծես:
«Դասընթացին» տարակուսանքով հետեւող լրագրողներին Գուրգեն Արսենյանը բացատրեց. «Մի մոռացեք, որ «Կենտրոն» հեռուստաընկերության սեփականատերն եմ եղել, ունեցել եմ լրագրողական կոլեկտիվ, որի անդամներն են Պետրոս Ղազարյանը, Գեւորգ Ալթունյանը, Աստղիկը Բեդեւյան, իմ մոտ են իրենք սկսել ու ձեւավորվել՝ որպես լրագրողական աշխարհի վարպետներ…»:
Այսպես Արսենյանը սկսեց դժգոհել այսպես ասած «վատ» լրագրողներից. «Գալիս են, լրագրողը մինիմում պետք է ժուռնալիստիկայի ֆակուլտետն ավարտած լինի, ինչ-որ պրոֆեսիոնալ պատրաստվածություն պետք է անցած լինի, ինձ գալիս հարցնում է՝ դուք համաձա՞յն եք գնալ ՌԴ դեսպան, ձեր հայտը մերժել են, թե չէ՝ այդտեղ իմ ապահովիչները կախում են: Մնում է ասել՝ աղջիկ ջան, եթե ես համաձայն չէի, էդ ի՞նչ թուղթ են ուղարկել, որ մերժել են: Իհարկե, դա ֆեյք է, չեն մերժել, դուք էլ գիտեք, որ ֆեյք է, որովհետեւ աղբյուրներից մեկը ձեր մոտով է անցել: Դուք կողքը կանգնած նայում եք էդ աղջկան, որը ձեր կոլեգան է, չէ՞ բա չե՞ք ասում, մի հատ փեշը չե՞ք քաշում հարցնեք՝ ա՛յ աղջիկ ջան, էս ի՞նչ ես հարցնում»:
Արսենյանին հարցրեցինք՝ բա որ ձեր գործընկեր Էմմա Պալյանն ասում է՝ օգնական ամուսինս որ չկանգնի փողոցում, գրանցել եմ օգնական, որ մտնի ԱԺ, աշխատասենյակում սպասի, բա դուք ո՞նց իր փեշից չէիք քաշում՝ ասեիք՝ աղջիկ ջան, պատգամավորի օգնականի գործառույթները լրիվ այլ են՝ նա պատասխանեց. «Էդ օրը, որ պետք է Էմմա Պալյանի փեշից քաշեի, էդ օրը Էմմա Պալյանը դերյայով չէր, որ փեշից քաշեի, շալվարով էր, Էմմա Պալյանի շալվարից քաշելը ճիշտ չի, նույնիսկ եթե իր ամուսինը աշխատում է իր օգնական»:
Կարդացեք նաև
Հետո Արսենյանն ասաց, որ Էմմա Պալյանի արարքը պարսավանքի արժանի չի. «Էմմա Պալյանը ընդամենը հասարակական հիմունքներով իր ամուսնուն ընդունել է իրեն օգնական»:
Մեր դիտարկմանը, որ պատգամավոր լինելով՝ չի գիտակցում պատգամավորի օգնականի գործառույթների կարեւորությունը՝ Արսենյանը պատասխանեց. «Հասարակակա՛ն հիմունքներով: Եթե ասենք Էմմա Պալյանի ամուսինը վարձատրվեր, էդ ժամանակ դուք կունենայիք բոլոր իրավունքները՝ գնահատականներ տալու Էմմա Պալյանի ամուսնու մասնագիտական ունակություններին: Հասարակական հիմունքներով օգնականը մենակ նրա համար է, որ պատգամավորին ասի՝ ձեր սանրվածքը մի քիչ փոխեք»:
Մանրամասները՝ տեսանյութում
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ