Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԽ Կոնգրեսում հարթակն օգտագործել ցանկացող ադրբեջանցի պատվիրակներին հորդորեցին չշեղվել Երևանի ավագանու ընտրությունների թեմայից

Հոկտեմբեր 25,2023 16:24

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Ստրասբուրգում անցկացվող Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի (ԵԽ կոնգրես) 45-րդ նստաշրջանի ընթացքում ձայների 53 «կողմ», 5 «դեմ», 3 «ձեռնպահ» հարաբերակցությամբ ընդունվեց Երևան քաղաքի ավագանու ընտրությունների վերաբերյալ զեկույցը։

Բանաձևի քննարկման ընթացքում ԵԽ Կոնգրեսի ադրբեջանցի պատվիրակները, շեղվելով բուն թեմայից, սկսեցին խոսել իրենց ձևակերպմամբ՝ զեկույցում նշված «խնդրահարույց ձևակերպումներից»։ Վիճարկում էին զեկույցի այն հատվածը, որտեղ ամրագրված էր․ «Հայաստանում քաղաքական ենթատեքստը մեծապես ձևավորվում է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակով, որը վերսկսվել է 2020 թվականի աշնանային հակամարտությամբ՝ տասնամյակների հարաբերական կայունությունից հետո։ 2020 թվականից ի վեր պարտությունը, զոհերը և տարածքային կորուստները մեծապես ազդեցություն են գործել հայաստանյան քաղաքական դաշտի վրա, այդ թվում՝ տեղական մակարդակում։ 2022 թվականի դեկտեմբերից Հայաստանը Ղարաբաղի տարածաշրջանին կապող Լաչինի միջանցքը արգելափակվել է, ինչը մեծացրել է լարվածությունը։ Ազգային անվտանգության և հումանիտար մտահոգությունները, որոնք բխում էին Լաչինի միջանցքում իրավիճակի վատթարացումից, մեծ ազդեցություն ունեցան քաղաքական բանավեճի և Երևանի ավագանու ընտրությունների տեղական քարոզարշավի վրա»։

Ադրբեջանցի պատվիրակները հայտարարում էին՝ ինչպե՞ս կարող է Ղարաբաղի հակամարտությունը ազդեցություն ունենալ Երևանի ընտրությունների վրա, եթե այդ հակամարտությունը լուծված է։ Առիթը բաց չթողեցին խոսելու «փախստականների»՝ ՀՀ վերադարձի մասին։

Նաև կոչ արեցին Լեռնային Ղարաբաղ ձևակերպումը փոխել Ղարաբաղ ձևակերպմամբ։ Սակայն այս առաջարկությունները որևէ կերպ չքննարկվեցին, փոխարենը քննարկումը նախագահող Բյորն Վոհրինգերը ադրբեջանցի պատվիրակներին հորդորեց մնալ թեմայի շրջանակում։

Զեկույցի հեղինակ, ԵԽ Կոնգրեսի՝ Երևանի ավագանու ընտրությունները դիտարկող պատվիրակության ղեկավար Կարլա Դեյոնգեն եզրափակիչ իր խոսքում նշեց․ «Պարզ էր, որ Երևանի ավագանու ընտրությունները մղվել էին երկրորդ պլան՝ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցողի պատճառով։ Մենք վաղը՝ լիագումար նստաշրջանի ընթացքում այդ հարցը քննարկելու ենք»։ Այնուհետև, դիմելով ադրբեջանցի պատվիրակներին ասաց․ «Ուստի, գուցե սպասեք և հարցեր տաք Լաչինի միջանցքի և Լեռնային Ղարաբաղի մասին այդ քննարկման ժամանակ»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Ստրասբուրգ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031