Հայաստանի եւ Կանադայի արտաքին գերատեսչությունների ղեկավարների Երեւանում կայացած այսօրվա համատեղ ասուլիսի ժամանակ կանադական լրատվամիջոցներից մեկը հարց ուղղեց Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին։
Լրագրողը հարց ուղղեց Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլիին՝ դուք մեկ ամիս առաջ նշեցիք, որ Կանադան Արցախի խնդիրը դնում է բոլոր հնարավոր դիվանագիտական սեղաններին․ տեսնելով, թե ինչ եղավ անցած ամիս Ադրբեջանի հարձակման լույսի ներքո, Կանադայի խորհրդարանում եղան քննարկումներ Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին, Կանադայի կառավարությունն իրո՞ք լրջորեն դիտարկում է այդ հնարավորությունը։
Ի պատասխան՝ Մելանի Ժոլին ասաց՝ նախ եւ առաջ ես այստեղ եմ, որպեսզի անպայման ամրապնդենք հարաբերությունները Կանադայի եւ Հայաստանի միջեւ․ «Մենք դա անում ենք շատ կոնկրետ գործողություններով՝ բացելով պատմության մեջ առաջին դեսպանատունը Հայաստանում։ Դիվանագիտական ներկայությունը նախկինում Մոսկվայից էր եւ հիմա կարեւոր է, որ մենք երկրում ներկա լինենք՝ աջակցելու այս շատ կարեւոր ժողովրդավարությանը։
Ինչ վերաբերում է պատժամիջոցներին՝ ես ասել եմ, որ ամեն ինչ դրված է սեղանին, դա ասելով հանդերձ, մենք ակնկալում ենք, որ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը կհարգվի եւ մեզ համար դա միանշանակ հանգամանք է, որին մենք հետեւում ենք»։
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ