Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս ընտրություններից հետո պետք է հայտարարենք՝ չենք կարող թույլ տալ նոր պատերազմ Եվրոպայում»․ ԵԽ Կոնգրեսը Երևանի ավագանու ընտրությունների վերաբերյալ բանաձև ընդունեց

Հոկտեմբեր 25,2023 15:23

Ստրասբուրգում անցկացվող Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի (ԵԽ կոնգրես) 45-րդ նստաշրջանի ընթացքում քիչ առաջ ձայների 53 «կողմ», 5 «դեմ», 3 «ձեռնպահ» հարաբերակցությամբ ընդունվեց Երևան քաղաքի ավագանու ընտրությունների վերաբերյալ զեկույցը։

Կոնգրեսի ինը հոգանոց պատվիրակությունը սեպտեմբերի 15-18-ը դիտորդական առաքելությամբ Հայաստանում էր։ Այն դիտորդական առաքելություն իրականացրեց Երևանի 12 ընտրատարածքներում։ Զեկույցում ամրագրված է՝ ընտրություններն, ընդհանուր առմամբ, անցել են հանգիստ, խաղաղ և լավ կազմակերպված՝ առանց լուրջ միջադեպերի կամ անոմալիաների:

ԵԽ կոնգրեսի պատվիրակությունը ողջունել է Ընտրական օրենսգրքի 2020 և 2021 թվականների փոփոխությունները, որոնք անդրադարձել են նախկին որոշ առաջարկություններին և նպաստել ընտրական գործընթացի առավել թափանցիկությանը:

Զեկույցում նաև ներկայացված են որոշ քննադատություններ․ «Չնայած այս բարելավումներին՝ քարոզարշավը բևեռացված էր, ստվերվում էր ազգային անվտանգության խնդիրներով և նշանավորվում իշխող կուսակցության թեկնածուի օգտին կողմնակալության մեղադրանքներով, ինչը չէր նպաստում հավասար պայմաններին: Պատվիրակությունը ափսոսանք է հայտնել ՏԻՄ ընտրությունների նկատմամբ հանրային հետաքրքրության պակասի համար, հատկապես երիտասարդ ընտրողների շրջանում, ինչը երևում է Երևանում երբևէ գրանցված ամենացածր մասնակցությամբ»։

Զեկույցում նաև նշված են մի շարք հարցեր, որոնց հետ կապված պետք է կատարվեն բարելավումներ՝ մասնավորապես ընտրատեղամասերի անհասանելիություն, ընտրացուցակների որակ, ցուցակներում ընդգրկված՝ դե ֆակտո ՀՀ-ից դուրս բնակվող մեծ թվով ընտրողներ։

Փաստաթղթում ամրագրված են նաև վարչական ռեսուրսի չարաշահման, ինչպես նաև թեկնածուների ցուցակները գլխավորող կանանց անբավարար ներկայացվածության մասին մտահոգություններ: Առաջարկվում է ՀՀ-ում ՏԻՄ ընտրությունները մեկ միասնական օր անցկացնել։

Զեկույցի հեղինակ, ԵԽ Կոնգրեսի՝ Երևանի ավագանու ընտրությունները դիտարկող պատվիրակության ղեկավար Կարլա Դեյոնգեի՝ զեկույցի ներկայացումից հետո հաջորդեցին Կոնգրեսի պատվիրակների ելույթները։

ԵԽ Կոնգրեսում հայկական պատվիրակության ղեկավար Էմին Երիցյանը նշեց՝ զեկույցն արտացոլում է իրականությունը․ «Գոյություն ունեցող խնդիրները ևս համապատասխանաբար ներկայացված են զեկույցում։ ԵԽ-ին՝ իր անդամակցությունից ի վեր ՀՀ-ն սերտորեն աշխատել է ԵԽ բոլոր մարմինների հետ՝ ներառյալ Կոնգրեսը։ 1996-ին ՀՀ-ն համակարգային փոփոխություն կատարեց տեղական մակարդակում՝ խորհրդային մոդելից անցում կատարելով ժողովրդավարական նոր մոդելի։ Վերջին 27 տարիների ընթացքում շատ փոփոխություններ են կատարվել։ Եթե 1997-ին մենք 1000 համայնքներ էինք ձևավորել՝ ընտրության ուղիղ համակարգով, այսօր՝ որպես վարչատարածքային փոփոխությունների արդյունք մենք՝ ունենք 72 համայնքներ, և ընտրություններն անցկացվում են համամասնական ընտրակարգով»։

Էմին Երիցյանն ընդգծեց՝ բարեփոխումների հարցում Կոնգրեսի առաջարկությունները Հայաստանի համար ուղենիշային են։ Այս զեկույցում ամրագրված առաջարկությունների հետ կապված էլ տեղական մակարդակով երկրի ներսում քննարկումներ են ընթանում։

Կոնգրեսի դիտորդական առաքելության անդամ Յորգե Սեքուրիան (Պորտուգալիա) կարևորեց ՀՀ-ի ջանքերը 2018-ի հեղափոխությունից հետո ընտրական գործընթացի թափանցիկության ապահովման հարցում․ «Ուզում եմ ընդգծել և կարևորել քվեարկության և անհատականացման ընթացակարգերի առանձնահատուկ բնույթը, որը մենք տեսանք Հայաստանում։ Բոլորին կոչ եմ անում կարդալ այս մասին զեկույցում։ Տեսախցիկները, մատնահետքի ընթացակարգը, սրանք տարբերվող և առանձնահատուկ մեխանիզմներ էին, որոնց ես դեռ չէի հանդիպել։ Այս ընտրություններում գերակշռում էին Լեռնային Ղարաբաղի հետ կապված իրավիճակը, անվտանգային խնդիրները։ Սրա մասին էին վկայում մեր հանդիպումները տարբեր ոլորտների ներկայացուցիչների հետ։ Այս ընտրություններից հետո մենք պետք է հայտարարենք, որ մենք չենք կարող թույլ տալ նոր պատերազմ Եվրոպայում»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Ստրասբուրգ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031