Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպում տեղի չի ունենա հոկտեմբերի վերջին Բրյուսելում: Այս մասին հայտարարել է Հարավային Կովկասի եւ Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը՝ «ԱՊՐԻ Արմենիա»-ի «Առաջընթաց՝ անորոշության պայմաններում» խորագրով համաժողովի ժամանակ: Երևանում ընթացող համաժողովին եվրոպացի դիվանագետը մասնակցում է հեռավար կարգով:
Հիշեցնենք, հոկտեմբերի վերջին, Բրյուսելում հնարավոր եռակողմ հանդիպման մասին հայտարարել էր Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելը՝ Գրանադայում, Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում, որին Ադրբեջանի նախագահը հրաժարվել էր մասնակցել:
Խոսելով հանդիպման չեղարկման մասին, Տոյվո Կլարը պատճառաբանեց, թե խնդիրը ժամանակի սղությունն է. «Մեր նպատակն է, որ Ղարաբաղի հայերը վերադառնան իրենց տուն: Կարեւորելով Գրանադայի հանդիպումը, որին չէր մասնակցել Ալիեւը, մենք փորձում ենք հիմա Բրյուսելում կազմակերպել Փաշինյան-Ալիեւ հանդիպում: Չնայած դանդաղ ընթացքին՝ հավատում ենք, որ արդյունքը փաստաթղթի ստորագրումը կլինի»:
Հանդիպման հնարավոր նոր ժամկետներ Տոյվո Կլարը չնշեց:
Կարդացեք նաև
Եվրոպացի դիվանագետն անդրադարձավ նաեւ վերջերս Թեհրանում կայացած «3+3» ձևաչափով հանդիպմանը՝ կարծիք հայտնելով, որ թեեւ այդ ձեւաչափը խնդիրը լուծելու համար չէ, սակայն կարող է օգտակար լինել: «3+3» ձևաչափով եւ բրյուսելյան հարթակում կազմակերպվող հանդիպումների մեջ նա հակասություն չի տեսնում:
Հայաստանյան լսարանից հարց հնչեց եվրոպացի պաշտոնյային՝ եթե նոր հարձակում լինի Հայաստանի վրա, ինչպե՞ս կարձագանքի Եվրամիությունը: ԵՄ ներկայացուցիչը պատասխանեց. «Հիպոթետիկ հարցերը վտանգավոր են: Կարեւոր կետ պետք է ընդունել ինքնիշխան պետությունների սահմանները»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ