Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հուշեր Վահե Շահվերդյանի մասին, հեքիաթներ՝ արցախցի երեխաներին եւ առաջնախաղեր՝ «ԱրմմոնոPlus» փառատոնում

Հոկտեմբեր 25,2023 14:38

«Արմմոնո» միջազգային թատերական փառատոնը հասկացել է, որ ընդամենը տարին մեկ անգամ լինելը եւ ներկայացումներ ցուցադրելը շատ քիչ է: Ուստի արդեն 7 տարի անցկացնում ենք փառատոնը տարվա մեջ երկրորդ անգամ: Դա հավելված է ՝«Արմմոնո» միջազգային թատերական փառատոնի, որն ընդգրկում է մեր տեղական ներկայացումները»,-«Արմենպրեսի» մամուլի սրահում կայացած ասուլիսում նշեց «Արմմոնո» թատերական փառատոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը՝ անդրադառնալով «ԱրմմոնոPlus» 7-րդ հանրապետական փառատոնի մեկնարկին։ Տեղեկացրեց, որ այդ շրջանակում գնում են հատկապես մարզեր, որտեղ կայանում են ներկայացումների առաջնախաղերը:

Մարիաննա Մխիթարյան

«Այս տարի եւս հիմնականում առաջնախաղեր են, որոնք չհասցրին մասնակցել փառատոնի հիմնական փուլին՝ գարնանը: Դրանք հետաքրքիր, նոր ներկայացումներ են, թե երիտասարդներ են մասնակցում, թե ավելի հասուն եւ փորձառու դերասաններ: Նաեւ ուզում եմ խոսել այն մասին, որ պատերազմի օրերին մենք նման փորձ արդեն ունեցանք, երբ Արցախից եկած երեխաների համար նկարչուհի Վիկտորիա Ռիեդո-Հովհաննիսյանը պատմում էր հեքիաթներ: Մենք ուզում էինք, որ գոնե մեկ ժամով երեխաները վերադառնան մանկություն, մի փոքր զգան հեքիաթը:

Այժմ եւս դրա կարիքը կա, եւ հոկտեմբերի 29-ին, 13:30-ին մենք բացում ենք մեր «ԱրմմոնոPlus» փառատոնը՝ հեքիաթներով, Արցախից ժամանած երեխաների համար: Դրանից հետո նույն օրը կունենանք հուշ-երեկո՝ նվիրված Վահե Շահվերդյանին, քանի որ մեզանից հեռանալու տարին է, եւ այնպես է ստացվել, որ իր բեմադրած ամենավերջին ներկայացումը մոնոներկայացում է՝ «Համլետի երազները» Արմեն Քուշկյանի կատարմամբ:

Այդ ներկայացումից հետո կլինեն հուշեր՝ Վահե Սուրենիչի մասին՝ ընտանիքի անդամների ներկայությամբ, որովհետեւ մեր հոգու պարտքն է մեր վարպետին հիշելը»,-հավելեց Մարիաննա Մխիթարյանը:

«Արմմոնո» թատերական փառատոնի տնօրենը անդրադարձավ նաեւ փառատոնի ծրագրում ընդգրկված առաջնախաղերին, հավելեց, որ կցուցադրվեն հետեւյալ ներկայացումները՝ Լիլյա Մուկչյանի «Ես Ռասպուտինի դուստրն եմ», «Վարեչկա», Նվարդ Դուդուկչյանի «Պարզապես կին», Գագիկ Մադոյանի «Միաժամանակ», Զառա Հակոբյանի «Ես, սիրելի Կապոչկան, նյարդային մարդիկ և այլ տեսակետներ» եւ Արմեն Քուշկյանի «Քաղաքի աղմուկը»:

Մարիաննա Մխիթարյանը տեղեկացրեց, որ փառատոնը հատուկ հյուր ունի՝ Գերմանիայից կժամանի իրենց վաղեմի բարեկամ Նինա Մազուրը, որի հետ քննարկվում է, թե լավագույն ներկայացումները որ միջազգային փառատոներին կարող են մասնակցել:

Վիկտորիա Ռիեդո-Հովհաննիսյան

Ասուլիսին ներկա Վիկտորիա Ռիեդո-Հովհաննիսյանն էլ ասաց, որ միշտ առիթ է ունեցել հավաքված մարդկանց հեքիաթներ պատմելու, քանի որ հեքիաթներ պատմելու անհրաժեշտությունը մարդկանց միավորման պահերին է լինում։ Նման փորձառություն ունեցել է երկրաշարժից հետո, երբ շփվել է Գյումրիից ու Սպիտակից երեւանյան հիվանդանոցներ տեղափոխված երեխաների հետ, ապա Շվեյցարիայում՝ ուրախ հավաքույթների ժամանակ եւ Հայաստանում՝ Արցախից եկած երեխաների հետ աշխատելիս: Վիկտորիա Ռիեդո-Հովհաննիսյանն ասաց, որ կներկայացնի տարբեր երկրների ու ժողովուրդների հեքիաթներ:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031