Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Պաշտպանության կողմն ի սկզբանե զրկված է եղել պաշտպանության համար նպաստավոր հարցադրումներն առաջ քաշելու հնարավորությունից․ Արմեն Գրիգորյանի գործով դատ

Հոկտեմբեր 25,2023 14:25

Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի «Կենտրոն» նստավայրում դատարանի դահլիճում հանկարծամահ եղած պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի գործով այսօրվա դատական նիստում պաշտպանության կողմը միջնորդություն ներկայացրեց, որպեսզի լեզվաբան փորձագետը հրավիրվի դատական նիստին եւ հարցաքննվի, ինչին հանրային մեղադրողը  առարկեց: Սակայն դատարանը բավարարեց պաշտպանության կողմի միջնորդությունը՝ որոշելով նոյեմբերի 3-ին, ժամը 09:30-ին կայանալիք հաջորդ դատական նիստին հրավիրել լեզվաբան փորձագետին:

Փաստաբան Արմեն Մաշինյանը Aravot.am-ին ասաց, որ պաշտպանության կողմն ի սկզբանե զրկված է եղել պաշտպանության համար նպաստավոր հարցադրումներն առաջ քաշելու հնարավորությունից: «Ավելին, նախաքննության ընթացքում պաշտպանության կողմից միջնորդություն է եղել լրացուցիչ փորձաքննության արդյունքում փորձագետին հարցաքննելու, ինչը մերժվել է: Հետեւաբար, սա մեզ համար շատ կարեւոր է»,- ասաց նա՝ հավելելով, որ լեզվաբան փորձագետը կարող է հիմնավորել լեզվաբանական մասնագիտական եզրակացությունը եւ հարցադրումներին պատասխանել:

Այնուհետեւ, դատական նիստում բարձրացվեց ապացույցների թույլատրելիության խնդիրը, որը քննարկվեց, կայացվեցին որոշումներ, որոնց արդյունքում ըստ փաստաբանի, իրենք մոտեցել են արդեն եզրափակիչ ելույթների փուլին, որի համար էլ պայմանական օր եւ ժամ նշանակվեց նոյեմբերի 28-ը, ժամը 13:00-ն:

Արմեն Գրիգորյանը, հիշեցնենք, մահացել է 2022 թ․ հուլիսի 15-ին՝ իր իսկ գործով առաջին դատական նիստի ժամանակ։ Թեեւ Քրեական դատավարության օրենսգիրքը անձի մահը դասում է քրեական հետապնդումը բացառող հանգամանքների շարքին, սակայն սահմանում է, որ վարույթը կարող է շարունակվել, եթե մահացածի օրինական ներկայացուցիչը առարկում է կարճման դեմ՝ այն հիմքով, որ վերջինս չի կատարել իրեն վերագրվող հանցանքը։

Արմեն Գրիգորյանին վերագրվում է հրապարակայնորեն ազգային թշնամանք հարուցելուն, ազգային արժանապատվությունը նվաստացնելուն ուղղված գործողություններ կատարելը, որի համար հիմք է հանդիսացել հարցազրույցներից մեկի ժամանակ Շիրակի եւ Արարատյան դաշտավայրի բնակչությանը «թուրք» անվանելը։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031