Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ես ցավ եմ ապրում, որ այդ բառապաշարը կարող էր եթեր գնալ». Վաղարշակ Հակոբյանը՝ ՌԴ դեսպան Կոպիրկինին ԱԳՆ կանչելու մասին

Հոկտեմբեր 25,2023 14:16

«Ես առաջարկում եմ էմոցիաներից զերծ մնանք: Տեղի է ունեցել մի հաղորդման հեռարձակում, որը տրամագծորեն իրականության հետ ոչ մի կապ չունի, այնտեղ հնչող մտքերի մեծամասնությունը իրականությանը չի համապատասխանում, այնտեղ սցենարը ես վստահ եմ, որ գրվել է ինչ-որ մի կետից, դուք տեսաք, որ այնտեղ մարդիկ կային, որ ընկեր էին անվանում տարբեր քաղաքական շրջանակներ ներկայացնող մարդկանց, այդ դիրքերից էին հանդես գալիս՝ որոշակի լկտի բառապաշարով, ինչի համար ես ցավ եմ ապրում, որ այդ բառապաշարը կարող էր եթեր գնալ: Բայց դա եւ նմանատիպ հաղորդումները իրականության հետ կապ չունեն»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը՝ մեկնաբանելով ռուսական «Առաջին ալիքում» թողարկված հաղորդումը, որի հետեւանքով ՀՀ-ում ՌԴ դեսպան Կոպիրկինը ԱԳՆ էր կանչվել ու բողոքի նոտա ստացել:

Վաղարշակ Հակոբյան

Հարցին՝ հայ-ռուսական հարաբերությունների լարվածությունը իրականության հետ կապ չունի՞՝ Վաղարշակ Հակոբյանը պատասխանեց. «Սա դիվանագիտական գործընթաց է եւ շատ նորմալ է, որ որեւէ երկիր, որն ունի գործընկեր կամ ոչ գործընկեր երկրին ասելիք, կանչում է այդ երկրի դեսպանին ու իր ասելիքը ասում է: Մենք նմանատիպ դրվագներ ունեցել ենք: Բայց բոլոր այն մարդիկ, ովքեր հայ-ռուսական հարաբերությունների ֆոնին փորձում են կայանալ, սրել իրավիճակը եւ պրոբլեմներ ստեղծել, որոնք գոյություն չունեն, այդ մարդիկ եւ իրենց վարած քաղաքականությունը միանշանակ ձախողվելու է, որովհետեւ դուք լսել եք, որ մենք քաղաքական արտաքին վեկտորի փոփոխության օրակարգ չունենք, մենք հանդիսանում ենք ԵԱՏՄ անդամ եւ ունենք շատ լավ համագործակցություն ԵԱՏՄ մեր գործընկերների հետ։ Եթե դուք ուշադիր լինեք մեր տնտեսական ձեռբերումներին, կտեսնեք, որ տնտեսական առումով ՀՀ-ն բավականին դրական դինամիկայի մեջ է գտնվում, եւ մենք, լինելով ԵԱՏՄ տնտեսական գոտում, տալիս եւ վերցնում ենք այդ համագործակցությունից արժանին»:

Դիտարկմանը, որ ՀԱՊԿ զորավարժությանը չենք մասնակցել՝ Հակոբյանը պատասխանեց, որ Ջերմուկի վրա տեղի ունեցող հարձակումից հետո մենք ունեինք հարցեր մեր գործընկերներին. «Այդ հարցերը բոլոր հարթակներում բարձրացրել ենք, որեւէ գաղտնիք չկա, որ մենք համագործակցությունը ռազմական առումով այդպես չենք պատկերացրել, ինչ իրականությանը բախվել ենք: Բայց ՀՀ-ն այսօր քաղաքական վեկտորի փոփոխության առումով որեւէ տեղ չի գնում: Մենք եղել եւ մնում ենք ՀԱՊԿ անդամ, ԵԱՏՄ մաս»:

Վաղարշակ Հակոբյանն ասաց, որ թե՛ ռուսական դպրոցների հարցը, թե՛ ՌԴ-ում վարորդական իրավունքի հարցը պետք է կարգավորվի. «Սրանք տասնյակ տարիներով ձգվող հարցեր են»:

Պատգամավորի գնահատմամբ՝ հայ-ռուսական հարաբերությունները նորմալ հունով ընթանում են, զուտ որոշ կազմակերպչական գործընթացներ կան:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031