Լրահոս
Օրվա լրահոսը

«Նիկոլ Փաշինյանը խաղասեղանին դրել է մեր բոլորի կյանքը, Հայաստանի Հանրապետությունը». Աշոտ Անդրեասյան

Հոկտեմբեր 25,2023 13:39

«Կարծում եմ՝ Արցախի էջը ոչ մի հայի համար չի կարող փակված լինել, եւ այն անհաջողությունները, որ տեղի են ունեցել մեզ հետ ինչ-որ ժամանակահատվածում, չեն կարող պատմականորեն ավարտ դնել այդ էջին: Արցախը հայկական հող է, Արցախում դարեր շարունակ ապրել են հայեր, երբ համաշխարհային քարտեզի վրա նույնիսկ չկային ադրբեջանցիները»,- «Հենարան» ակումբում ասաց ՀՀԿ ԵԿ փոխնախագահ Աշոտ Անդրեասյանը՝ խոսելով ներքին և արտաքին մարտահրավերներից, նոր պատերազմի վտանգներից եւ ներքաղաքական զարգացումներից։

Նրա խոսքով. «Նիկոլ Փաշինյանի կողմից իշխանությունը զավթելուց եւ հակահայ քաղաքականություն վարելուց հետո՝ մենք ունենք եւ քաղում ենք այն ամենի արդյունքը, ինչն այսօր կա: Ես ցանկանում եմ ասել, որ Արցախի էջը կարող է փակված լինել միայն Նիկոլ Փաշինյանի, Բաբայան Սամոյի ու նրանց նման մարդկանց համար: Ինչքան էլ ծանր եւ շոկային է մեզ համար այս իրավիճակը, կյանքն այնպիսին է, որ պետք է միշտ պայքարել: Առհասարակ կյանքը պայքար է, երեխան երբ ծնվում է, բարուրից սկսած՝ պայքարի մեջ է գոյատեւելու եւ ապրելու համար մինչեւ մահ: Չկա նման օրենք, որ տարածքը մեկ անգամ են ազատագրում, եւ Արցախը դեռ ազատագրվելու է հայերի կողմից:

Դա այս պահին իրատեսական չէ, այս պահին մենք նախ ունենք պետականության խնդիր, բանակը վերակազմավորելու, բանակի եւ ազգի մարտական ոգին բարձրացնելու խնդիր, Նիկոլի եւ իր իշխանության հարցը լուծելու խնդիր, սակայն այդ խնդիրները չեն կարող փակել մեկ այլ խնդիր, որն օրհասական է, եւ դա Արցախի խնդիրն է»:

Ինչ վերաբերվում է պատերազմի հավանականությանը, Աշոտ Անդրեասյանն այս մասին էլ նշեց. «Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո միշտ ասել ենք, որ պատերազմի վտանգ կա: Այդ մասին ասում ենք մինչ օրս, որովհետեւ Նիկոլ Փաշինյանը այն ղեկավարը չէ, ով կարող է Հայաստանի Հանրապետության շահերը ներկայացնել այլ պետությունների առաջնորդների հետ բանակցելիս, եւ հենց իրենով է պայմանավորված պատերազմի վտանգը:

Նիկոլ Փաշինյանի արտաքին գործերի նախարարը, Նիկոլ Փաշինյանի նշանակած դեսպանները, դիվանագետները չեն սպասարկում Հայաստանի Հանրապետության շահը: 3+3 ձեւաչափը տապալելուց հետո իմ կարծիքով Ադրբեջանին եւ Թուրքիային ոչինչ չի կանգնեցնելու, նույնը նաեւ ՌԴ-ի հետ հարաբերությունները բացահայտ վատացնելուց հետո, Արեւմուտքի հետ ցույց տալով, որ ինչ-որ պայմանավորվածություններ կան, բայց չունենալով այդ պայմանավորվածությունները:

Այսինքն, Նիկոլ Փաշինյանը խաղասեղանին դրել է մեր բոլորի կյանքը, Հայաստանի Հանրապետությունը եւ ամեն ինչ անում է իր՝ վարչապետի զավթած աթոռը պահելու համար: Ուզում եմ ընդգծել, որ աշխարհաքաղաքական այս իրավիճակում Արցախի հայաթափումը ուղիղ կապ ունի Նիկոլի վարած քաղաքականության եւ ամպագոռգոռ հայտարարությունների հետ»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ Աշոտ Անդրեասյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031