Ազգային ժողովի նիստում առաջին ընթերցմամբ քննարկվեց «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին եւ կից օրենքների նախագծերի փաթեթը։
ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը նշեց, որ ներկայումս էլեկտրոնային հարթակների միջոցով թեթեւ մարդատար ավտոմոբիլներով ուղեւորափոխադրումների ծառայությունների մատուցումը մեծ կիրառություն ունի, սակայն ոլորտն օրենսդրորեն կանոնակարգված չէ։ Էլեկտրոնային հարթակներ ստեղծած կազմակերպությունները փաստացի ուղեւորափոխադրման գործունեություն են իրականացնում՝ պատվերներ ընդունելով եւ փոխանցելով անհատ վարորդներին, կարգավորում են ուղեւորափոխադրման սակագները, սահմանում են փոխադրման եւ այլ պահանջներ՝ առանց իրավական հիմքի, հարկային պարտավորությունների եւ վերահսկման։
«Առկա խնդիրների կարգավորման նպատակով՝ այս փաթեթով առաջարկվում է կանոնակարգել էլեկտրոնային հարթակներով ուղեւորների փոխադրման պատվերներ ձեւակերպող եւ փոխանցող կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի գործունեությունը՝ որպես ծանուցման ենթակա գործունեություն։ Սահմանել էլեկտրոնային հարթակով ուղեւորափոխադրման ծառայության համար պետական տուրք՝ տարեկան 1 մլն դրամ։ Լիցենզավորված մարդատար տաքսի ավտոմոբիլներով, ինչպես նաեւ էլեկտրոնային հարթակների միջոցով թեթեւ մարդատար ավտոմոբիլներով ոչ կանոնավոր յուրաքանչյուր փոխադրման համար սահմանել արտոնագրի պետական տուրք՝ անկանխիկ վճարման դեպքում 2024 թվականի սեպտեմբերից 1,5 տոկոսի չափով, 2025 թվականի հունվարի մեկից՝ 2,5 տոկոսի չափով, 2026 թվականի հունվարի մեկից՝ 4 տոկոսի չափով։ Իսկ կանխիկ վճարման դեպքում, համապատասխանաբար, 2024 թվականին՝ 2 տոկոսի չափով, 2025 թվականին՝ 3,5 տոկոսի, իսկ 2026 թվականին՝ 5 տոկոսի չափով։ Ընդ որում, էլեկտրոնային հարթակով ուղեւորափոխադրման ծառայություններ մատուցող կազմակերպություններն են իրականացնելու պետական տուրքի գանձումը եւ վճարումը պետական բյուջե։ Սահմանել էլեկտրոնային հարթակով եւ ֆիզիկական անձանց կողմից մարդատար տաքսի ավտոմոբիլով ուղեւորափոխադրման դեպքում էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի պարտադիր կիրառության եւ էլեկտրոնային անդորրագրի տրամադրման պահանջ։ Ոլորտի իրավախախտումների դեպքում սահմանել վարչական պատասխանատվության միջոցներ»,- ասաց փոխնախարարը։
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը մանրամասնեց փոփոխությունները։ «Մեր երկրում ունենք մի իրավիճակ, երբ ավանդական գործող տաքսի ծառայությունները վերացան, շուկայի եւ տեխնոլոգիաների զարգացումը բերեց նրան, որ տարբեր անուններով տաքսի ծառայություններն այլեւս չկան։ Դրանց փոխարեն կան անհատ վարորդներ եւ կան օնլայն հարթակներ, որոնց միջոցով մարդիկ մատուցում են իրենց ծառայությունները։ Նաեւ մենք այս ոլորտում որպես պետություն վերահսկողությունը մի քիչ թուլացրել ենք։ Արդյունքում՝ ունենք իրավիճակ, երբ տեսականորեն բոլորը կարող ենք տաքսի ծառայություններ մատուցել։ Եվ այդ դաշտում մենք չունենք ոչ բավարար ինֆորմացիա, ոչ բավարար վերահսկողություն։ Այս նախագծով մենք միջանկյալ քայլ ենք կատարում, սկսում ենք օնլայն տաքսի ծառայություններից, որովհետեւ այդ տաքսի ծառայությունները ծածկում են մեր տաքսի ծառայությունների երեւի 70 կամ 80 տոկոսը։ Նախ` սահմանվում է տուրք, առաջին տարում 1,5-2 տոկոս, հետո կամաց-կամաց կավելանա եւ կկազմի 4 տոկոս անկանխիկ վճարումների դեպքում, 5 տոկոս՝ կանխիկ վճարումների դեպքում։ Այսինքն՝ մարդը, որը տաքսի ծառայություն է մատուցում, իր գնի այդքան տոկոսը պետք է վճարի պետությանը՝ որպես տուրք»,- ասաց Թունյանը։
Կարդացեք նաև
Նրա խոսքով՝ բեռը շատ մեծ չէ, այսինքն՝ 1000 դրամանոց պատվերի դեպքում առաջին տարում կարող է սահմանվել 15-20 դրամ տուրք, հետո՝ 40-50 դրամ։
Ըստ պատգամավորի՝ սա արվում է նրա համար, որպեսզի հարկային մարմինների կամ ոլորտը համակարգող գերատեսչության համար իրավիճակը հասկանալի դառնա, թե քանի աշխատող կա այդ ոլորտում, որքան են կազմում եկամուտները եւ այլն։ Մյուս կողմից, Թունյանի խոսքով, սա նաեւ դրական կազդի տաքսի վարողների համար․ եթե մարդն ուզենա վարկ վերցնել, կունենա տեղեկանք, որ աշխատել է ու ունի հաստատված եկամուտ։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ