ԱԺ նիստում ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն անդրադարձավ դատական համակարգի ու դատավորների վերաբերյալ ընդդիմադիր պատգամավորների ելույթներին։
«Երեկ որոշ ընդդիմադիր գործընկերներ դատավորի թեկնածուների ընտրության քննարկումը վերածեցին քաղաքական պինգ պոնգի հերթական դրվագի եւ թիրախավորեցին մեր որոշ թեկնածուների, ըստ իրենց քիմքի։ Երեկ ընդդիմության տարբեր ներկայացուցիչներ այս ամբիոնից ելույթներ էին ունենում, եւ եթե միայն ռադիոյով լսեինք, կթվար, թե Ֆեմիդան է ելույթ ունենում, որովհետեւ սիրատոչոր, արդարադատության կանթեղը վառ պահած՝ փորձում էին խոսել արդարադատությունից, արդարությունից, բայց այն մարդկանց ներկայացուցիչներն էին, որոնք տասնամյակներ շարունակ ասպատակել են նույն դատական համակարգը, իրավունքը։ Եվ այստեղ հրապարակում էին իրենց սիրելի եւ չսիրելի դատավորների անուններ։ Դա չափազանց անընդունելի վարքագիծ է, որովհետեւ դատավորներին թիրախավորելու անընդունելի քայլ է։ Ամբիոնից սիրելիների-չսիրելիների անուններ հնչեցնել այն տրամաբանությամբ, որովհետեւ ստացել եք հանձնարարություն պատրոնի կողմից եւ պատրոն-կլիենտ հարաբերությամբ դիտարկել դատաիրավական համակարգը, սա անընդունելի է»,- ասաց Կոնջորյանը։
Ըստ նրա՝ Հայաստանն իրավական պետություն է, եւ դատական համակարգը պետք է զերծ լինի բոլոր տեսակի ազդեցություններից։ «Ես կարծում եմ, որ, այդ թվում այն ելույթները, որտեղ դատավորներին փորձում էին հաթաթա տալ, ասել, որ հիշեք, դուք քայլելու եք Երեւանի փողոցներով, սա ուղիղ սպառնալիք է դատական համակարգին ու դատավորներին։ Եվ ես այս առիթից օգտագործելով՝ ցանկանում եմ նաեւ ուղերձ հղել մեր դատական իշխանության ներկայացուցիչներին, դատավորներին՝ ասելով, որ որեւէ պարագայում հանկարծ չենթարկվեն որեւէ քաղաքական ճնշումների, սպառնալիքների։ Հայաստանի Հանրապետությունն իրավական պետություն է, ՀՀ օրենսդիր եւ գործադիր իշխանությունն ունի բավականաչափ կամք՝ Հայաստանում ապահովելու իրավակարգը։ Եվ մենք հավատում ենք, որ դատական իշխանությունն ու դատավորները եւս իրենց լիազորությունների շրջանակներում այդ իրավակարգն ապահովելու կարեւորագույն առանցքն են»,- նշեց նա։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ