ԱԺ նիստում քննարկվում է Վճռաբեկ դատարանի թեկնածուի ընտրության հարցը։ Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Կարեն Թումանյանի, Նաիրա Հովսեփյանի եւ Գուրգեն Մալխասյանի թեկնածությունները։ Թեկնածուներին ներկայացրեց ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը։
Դատավոր Նաիրա Հովսեփյանը պատասխանեց ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանի երեկվա ելույթին։
«Ուզում եմ պատասխանել պարոն Մանուկյանի հարցադրմանը, թե ես ինչպե՞ս եմ քայլելու փողոցում։ Հին Հռոմում եւ Հունաստանում, երբ մարդուն պաշտոն էին տալիս, նրան հարցնում էին՝ որտեղի՞ց ես գալիս եւ ո՞ւր ես գնում։ Այսօր դա բարեվարքությունն է։ Ես ուզում եմ ասել, որ այն ընտանիքում, որտեղ ծնվել եմ ես եւ այն ընտանիքը, որն ստեղծել եմ ես, ծնել ու դաստիարակել եմ Գեւորգ Արշակյանին, դուք ուզում էիք ասել, որ ես պատվեր կատարող ու վախկո՞տ եմ։ Պարոն Մանուկյան, հնչեցնում եմ, որ հերոս ծնող ու դաստիարակողը չի կարող լինել ոչ պատվեր կատարող, ոչ վախկոտ։ Սա անհերքելի ապացույց է»,- ասաց Նաիրա Հովսեփյանը։
Նշենք, որ դատավորի որդին զոհվել է 44-օրյա պատերազմում։
Կարդացեք նաև
Նաիրա Հովսեփյանը հավելեց, որ աշխատանքային թերացումներ ունենում են բոլորը։ Նա թվարկեց իր այն անձնական ու առողջական խնդիրները, որոնք աշխատանքային թերացումների պատճառ են դարձել։
«Բայց դրա հետ միասին օրենքը նախատեսում է նաեւ ծանրացնող եւ թեթեւացնող հանգամանքներ։ Այսպիսի մի բնորոշում կա, որ ծանրացնող հանգամանքները սպառիչ են, բայց մեղմացնող հանգամանքները սպառիչ չեն, եւ համակցության մեջ առերեւույթ թվացող խախտումը կարող է խախտում չդիտվել, քանի որ դա պայմանավորված է որոշակի թեթեւացնող, մեղմացնող հանգամանքներով»,- նշեց նա։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ