ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանին խնդրեցինք մեկնաբանել գերիների հարցը։
«Ադրբեջանում քրեադատավարական պրոցեսները կարող են ընթանալ ցանկացած ուղղությամբ։ Արցախի զինվորականները, նախկին ղեկավարները, այդ թվում՝ Արայիկ Հարությունյանը, ապօրինի են կալանավորվել, այդ մարդիկ չունեն պաշտպանվելու հնարավորություն, հետեւաբար՝ այդ պրոցեսները չեն կարող լինել միջազգային օրենքի դաշտում։ Ադրբեջանական կողմից ամեն ինչ սպասելի է, հնարավոր է ձեռք բերեն տեղեկություններ, որոնք կօգտագործեն Հայաստանի դեմ։ Այս տեսանկյունից մեծ դեր ունեն միջազգային կառույցները, եւ մենք ամեն ինչ անում ենք, որ նրանք մեծ ներգրավվածություն ունենան, որպեսզի բացառվի ուժի կիրառումը մեր հայրենակիցների նկատմամբ»,- ասաց Խաչատրյանը՝ հավելելով, որ Ադրբեջանը փորձելու է քրեական գործի շրջանակներում մեղադրանքներ հնչեցնել Հայաստանի հասցեին։ Մեր զրուցակիցը ենթադրում է, որ հնարավոր է Ադրբեջանն օգտվի Արցախի նախկին նախագահներին բանտում պահելու փաստից եւ փորձի սպառնալիքների, ուժի կիրառման ապօրինի միջոցով տեղեկություններ կորզել եւ դրանք օգտագործել Հայաստանի դեմ:
Արմեն Խաչատրյանն առաջարկում է Ադրբեջանում պահվող հայ գերիներին փոխարինել ԶՊՄԿ պահնորդին սպանած դիվերսանտով։
«Գերի չունենք, բայց ունենք սահմանազանց եւ հանցագործություն կատարած ադրբեջանցի։ Ես գտնում եմ, որ այդ ադրբեջանցին մեր գերիների համեմատ ոչինչ է եւ պետք է փոխանակել։ Ես միայն կողջունեմ, եթե հաջողվի կյանքի կոչել «բոլորը՝ բոլորի դիմաց» առաջարկը»,- նշեց նա։
Կարդացեք նաև
Լիա ՍԱՐԳՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: