Իշխանությունները շարունակում են քրեական հետապնդումների ենթարկել եւ կալանքի տակ պահել ընդդիմադիր գործիչներին՝ զուտ նրանց խոսքի համար։
Հետաքրքիր է, որ նման բնույթի` «էլ բեթար» գրառումներ ու հայտարարություններ անում են նաեւ իշխանության ներկայացուցիչներն ու նրանց համակիրները, սակայն մեր երկրում օրվա իշխանության օրոք երկակի ստանդարտներն այնքան ցայտուն ու ակնառու են, որ նույնիսկ փորձ էլ չեն անում՝ յուրայինների դեմ քրեական գործեր հարուցելու։
Օրինակ՝ ՔՊ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանն Էդգար Ղազարյանին հրապարակային սպառնաց՝ «ականջներդ կկտրեմ, լեզուդ էլ՝ հետը», եւ հավելեց, որ դա կարող են ընդունել որպես սպառնալիք, սակայն ՔՊ-ական պատգամավորի դեմ որեւէ քրգործ չհարուցվեց։ Մեկ այլ ՔՊ-ական` Վահագն Ալեքսանյանը հայտարարեց, որ «5-րդ շարասյան գլուխը պետք է ջարդվի»՝ նկատի ունենալով ընդդիմությանը։ Նիկոլ Փաշինյանն էլ հրապարակավ ընդդիմությանը բազմիցս սպառնացել է, որ «ասֆալտ կուտացնի ու բորդյուր լիզել կտա», սակայն քննչական մարմիններն այստեղ եւս հանցակազմ չեն տեսել։ Իսկ պատգամավորներին ծեծի ենթարկելու հայտնի միջադեպից հետո վարույթը կարճվեց, որովհետեւ իրավապահները գտան` հարվածը ծեծ չէ:
Թեմայի առնչությամբ զրուցեցինք նաեւ Վերաքննիչ քրեական դատարանի նախկին դատավոր, Դատավորների միության նախագահ Ալեքսանդր Ազարյանի հետ։ «Ես այդ գրառումներին ծանոթ չեմ, սակայն չեմ կարող չվստահել Ձեր խոսքին։ Այն, ինչ արվում է, մի օր իրենց դեմ է դառնալու, եւ Ձեր խոսքին վստահելով կարող եմ ասել, որ դա քաղաքական հետապնդում է, ոչ պակաս։ Ես գիտեմ, որ Տաթեւ Արցախն էլ է կալանավորված, Մալյանն էլ է կալանավորված, պարտադիր չէ ինձ համար, որ ես մեղադրանքը տեսնեմ, իրենց արածը տեսնեմ, համեմատեմ, տեսնեմ՝ Քրեական օրենսգրքի հատուկ մասին համապատասխանո՞ւմ է, թե՞ ոչ, այսինքն՝ ենթադրյալ հանցագործության հատկանիշներ պարունակո՞ւմ է, թե՞ ոչ։ Տվյալ մարդկանց կալանավորումը տվյալ իշխանության օրոք արդեն իսկ առաջ է բերում քաղաքական ենթատեքստ։ Ես քաղաքական ենթատեքստ տեսնում եմ՝ հաշվի առնելով իշխանությանը եւ հաշվի առնելով մեղադրյալներին։ Երբ երկու անձինք նույն արարքն են կատարում, եւ մեկը պատժվում է, մյուսը՝ ոչ, եւ պատժվողն էլ շատ թե քիչ ճանաչված անձնավորություն է, ով հակաիշխանական գործունեությամբ աչքի է ընկնում, ապա էլ ինչի՞ մասին է խոսքը, քաղաքական բանտարկյալը էլ ո՞րն է»,- պատասխանեց Ազարյանը։
Կարդացեք նաև
Կորյուն ՍԻՄՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: